ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը». հայտարարություն
20:24, 23.04.2024 | mamul.am
1416 | 0

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը․ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը գրեթե երեք տասնամյակ եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունն ու ձեռքբերումը, որն ուղղակիորեն բխում էր Հայաստանի անկախության հռչակագրում ամրագրված և ՀՀ սահմանադրության մեջ իրավական ձևակերպում ստացած դրույթներից։ Այն նպատակ էր հետապնդում ոգեկոչելու Հայոց ցեղասպանության ավելի քան մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, միևնույն ժամանակ կանխարգելելու նոր ցեղասպանությունները և ամրապնդելու Հայաստանի անվտանգային միջավայրը։

Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների և հայաթափման տրամաբանական շարունակությունն է այսօր իրականացվող Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների միակողմանի զիջումները, որոնք էլ իրենց հերթին հանգեցրել են մեր համազգային և ամենացավոտ ողբերգության շահարկմանը, ինչը հղի է հայ ժողովրդի և հայկական պետականության համար աննախադեպ սպառնալիքներով և նոր գոյութենական մարտահրավերներով։
Դիվանագետների համահայկական խորհուրդը դատապարտում է Հայոց ցեղասպանության շահարկման և նվաստացման ցանկացած փորձ։ Անհնար է խաղաղություն հաստատել ազգային արժանապատվության և նվիրական զգացմունքների ուրացման գնով։

Վստահ ենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրները հավատարիմ կմնան իրենց սկզբունքային դիրքորոշմանը՝ համամարդկային այս ողբերգության և մարդկության դեմ իրագործված այլ ոճրագործությունների հանդեպ։

Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև, խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունն, ինչի արդյունքում նոր կորուստներն անխուսափելի կլինեն և անդառնալի հետևանքներ կունենան հայ ժողովրդի և հայոց պետականության համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր