«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, թե քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնում խոշտանգման ենթարկված Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանին որ քրեական գործով են փորձել հարցաքննել: «Նրան քննչական բաժին են հասցրել 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, և ժամը 07:15-ից մինչև 07:20-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի դիմաց արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից զենքի գործադրման սպառնալիքով կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Կանգնեցնելուց հետո՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով և դիմակավորված, դուրս գալով ավտոմեքենայից՝ ներկայացել են իբրև ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ, և ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի կիրառմամբ բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու և նրանց ձերբակալելու պատրվակով՝ ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, հիշյալ անձանց նկատմամբ բռնություն գործադրելով՝ նստեցրել են նույն ավտոմեքենան. դիմացի դռնից արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 12 անձի նկատմամբ, որոնցից 5-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 3-ի նկատմամբ՝ այլ խափանման միջոցներ, 4 անձի ձերբակալելու որոշում է կայացվել և ոստիկանությանը տրվել է նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն»: Մանրամասները՝ թերթի համարում: |