ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+23 °C
«Սա ամբողջ հայ ժողովրդի գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է». Թաթոյան
01:36, 27.04.2024 | mamul.am
1203 | 0

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար: Մարդկանց այս պայքարն իրենց պապական տներում անվտանգ ապրելու ու ընտանիքի արժանապատիվ եկամուտ վաստակելու համար է, նրա համար է, որ արժանապատիվ կյանքի պայմաններից չզրկվեն` խմելու ջրից սկսած: Այս խնդիրները պատրանքներ չեն: Դրանք միանգամայն իրական են, որ առաջանալու են ադրբեջանական զինված ծառայողներին գյուղերին մոտեցնելու արդյունքում. ապացույցները, ցավոք, ունենք Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում: Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է նաև այն պատճառով, որ Հայաստանի կառավարությունը, իշխանության մաս կազմող տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց, թաքցրել են առաջանալիք խնդիրները ու հիմա բերել-հասցրել են այս օրհասական վիճակի և այս ամենն արել են հանուն սեփական պաշտոնների, սեփական քաղաքական շահերի ու սեփական սխալները կոծկելու:

Բացարձակ անընդունելի է հատկապես կանանց և երեխաների նկատմամբ բռնության կիրառումը: Հայոց եկեղեցու Սրբազան Հայրերը` Տավուշի, Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները, մյուս հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից: Ի վերջո, սա սովորական գործընթաց չէ. սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է: Էլ չեմ խոսում էմոցիոնալ այն ապրումների մասին, ինչի միջով մարդիկ ստիպված են անցնել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր