Ապրիլի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է բրազիլական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն տիար Վազգեն Յակուբյանի և Բրազիլիայի ՀԲԸՄ մշակութային գծով տնօրեն տիար Նորայր Շահինյանի։ Խոսելով 20-րդ դարասկզբում Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ոճրագործության մասին՝ Նորին Սրբությունն ընդգծել է, որ հայ ժողովրդի արդար սպասումն է ինչպես միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, այնպես էլ՝ համապատասխան գնահատական տալը հայ ժողովրդի կյանքում տեղ գտած մի նոր ցեղասպանության՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, իրագործված էթնիկ զտումներին և հայկական հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացմանը։ |