ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել վերջերս արված հայտարարության համար, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են որպես սահմանների հաստատման հիմք օգտագործել 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրը՝ նշելով դրա կարևորությունը երկու երկրների միջև կայուն և արժանապատիվ խաղաղություն կնքելու համար։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ։ Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել երկխոսությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հաստատելով այդ ջանքերին աջակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը։ Նա նաև նշել է Վաշինգթոնի ձգտումը՝ համագործակցելու էներգետիկայի, կլիմայի և կապի ոլորտներում։ Բացի այդ, Բլինքենը կրկին դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով պահպանել մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորություններն ու ազատ արձակել առանց հիմքերի ձերբակալված անձանց։ Հիշեցնենք, որ Բլինքենն ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ։ |
Բաժանորդագրվել լրահոսին