Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ռուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը։ Ռեպորտաժում նշվում է, որ Ադրբեջանի դեմ «կեղտոտ արշավ» է սկսվել Վարդանյանի հետ կապված, խոսվում է CNN-ի տեսանյութի մասին։ Կրկին սրտնեղած բողոքում են, որ Վարդանյանին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։ Հետաքրքրական է, որ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը ևս անդրադարձել էր Բաքվում ապօրինաբար պահվող անձանց թեմային։ «Պետքարտուղար Բլինքենը կրկին հորդորել է Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն պահվողներին», նշված էր ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ։ Թեև չի շեշտվում, որ խոսքը հայերի մասին է, բայց կարծում եմ՝ հստակ կարելի է հասկանալ դա։ Ամփոփելով նշեմ, որ համառ աշխատանքն ի վերջո արդյունք տալու է, այս թեման պետք է պահել միջազգային հանրության օրակարգում։ Ադրբեջանի հայատյացությունն ու ընդգծված անտագոնիզմը հենց Վարդանյանի հանդեպ ցույց է տալիս, որ Բաքվում գտնվելը մեծ սպառնալիք է էթնիկ հայի կյանքի համար։ Դրա համար պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել հնարավորինս արագ նրանց ազատ արձակելու ուղղությամբ»: |