«Genesis Armenia - Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամը հայտարարություն է տարածել․ «Տավուշում այս օրերին վճռվում է գալիք Հայաստանի հեռանկարը: Մեր հայրենակիցների խնդիրը ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման գործընթացի ապօրինի ընթացակարգի կասեցումն է, արմատական և անզիջում դիմադրության ցուցաբերումը ՀՀ իշխանության վարած հակահայ քաղաքականությանը, որով ՀՀ ինքնիշխան տարածքն, իրականում, մաս-մաս նվիրաբերվում է Ադրբեջանին՝ դրանով իսկ փլուզելով մեր պետության հյուսիսարևելյան դարպասի՝ Տավուշի պաշտպանական գիծը, առաջացնելով անվտանգային լրջագույն սպառնալիքներ մեր պետության և սահմանապահ համայնքների բնակիչների կյանքի և սեփականության իրավունքների համար: Կողմ լինելով կայուն և խաղաղ տարածաշրջանի՝ այս պահին անիրատեսական թվացող տեսլականին՝ այսուհանդերձ, համոզված ենք, որ երկու պետությունների միջև տարածքային սահմանազատումը պիտի ընթանա միջազգայնորեն ամրագրված՝ վստահելի, չափելի, առարկայական և երկու կողմի անվտանգային կենսական շահերը հաշվի առնող ընդունելի մեխանիզմներով, իսկ ՀՀ ներսում՝ պահելով իրավական և ինստիտուցիոնալ բոլոր ընթացակարգերը, տարածքային հնարավոր փոփոխությունների հարցն էլ՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված անվիճարկելի դրույթով՝ հանրաքվեով: Այլ տրամաբանությամբ որևէ գործընթաց հակասահմանադրական է, իսկ այդ քաղաքականությունն իրականացնող իշխանությունը՝ ապօրինի, որին վայրկյան առաջ պետք է ապալեգիտիմացնել և փոխել նման հանձնվողական բանակցային օրակարգն առաջ տանողներին, որոնց դիվանագիտական հնգամյա աշխատանքի հետևանքով, այս պահի դրությամբ, զիջել ենք Արցախի՝ 12.000 և ՀՀ ավելի քան 400 քկմ տարածք: Սիրելի՛ հայրենակիցներ, Վիճակն օրհասական է և ազգային անարժանապատվության խարանից ձերբազատվելու պահը՝ հասունացած: Միայն հանդուրժողականությամբ, ներազգային պառակտումներն ու վեցամյա թշնամանքը մաքրող, հանուն հայրենիքի գաղափարաբանությամբ, միահամուռ ուժերով, նպատակային համախմբմամբ, հավաքական առաջնորդությամբ, համակարգված և կարգապահ գործողություններով է հնարավոր ապացուցել, որ պարտվողական այս քաղաքականությունը կարող ենք փոխարինել՝ արժանապատիվ, ռացիոնալ, հայկական շահերն ապահովող, միջազգային հետաքրքրությունները չհակադրող քաղաքականությամբ: Աշխարհը պետք է իմանա, որ հայ ժողովուրդն այլևս չի հանդուրժելու իր անվտանգությանը, զարգացման իրատեսական ներուժի իրացմանն ու քաղաքական ճակատագրին վերաբերվող հարցերի ցանկացած միանձնյա որոշում: Ժողովրդի իմաստությունը միշտ էլ հուշում է, որ անհատի, հավաքականության ու պետության ճակատագիրը չի կարող կախված լինել մեկ անձի կամ խմբակի կամայական որոշումից: «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամն իր ամբողջ ներուժով և հնարավորությամբ աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման ազգային-հոգևոր առաջնորդության նպատակային քայլին՝ մեկտեղել ուժերը հանուն հայրենիքի և ազգային արժանապատվության: Տարածքային կամ դիվանագիտական հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի, ուստիև՝ պետականության իրական կորստի: Չզիջելու այլընտրանքը պատերազմը չէ՛, ինչպես փորձում են մատուցել իշխանությունն ու նրա պրոպագանդիստական մեքենան: Հայ ժողովրդի խաղաղասիրությունը չի՛ կարելի վիճարկել, բայցև, միաժամանակ, անթույլատրելի է հասնել այդ խաղաղության՝ տրորելով հայի ու Հայաստանի արժանապատվությունը, իր հայրենի հողում անվտանգ ապրելու ու զարգանալու բնական իրավունքը: Հենց չհաշվարկված և անհավասարակշիռ զիջումնե՛րն են բերելու նոր աղետի ու պատերազմի, իսկ շարժման ներուժ ունեցող Կիրանցի գործընթացի նպատակը հենց այդպիսի պատերազմի կանխումն է՝ գործող իշխանության հանձնվողական կուրսի լիարժեք կասեցմամբ: Պի՛նդ եղեք»։ |