ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան
23:30, 02.05.2024 | mamul.am
4123 | 0

Փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արժանապատիվը՝ Բագրատ Տավուշեցին
Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը:
Բոլորիս համար ժամանակ, խոսք, գորով, հույս, օրհնանք ու սեր գտնողը:
Անընդհատ վերնագիր եմ փնտրում, որ մի քանի բառով ներկայացնեմ շատ շատերի համար սիրասուն ու հերահոտ Արքեպիսկոպոսին:
Եկող տարի կլրանա 10 տարին, ինչ Բագրատ սրբազանը Տավուշում է՝ կարիքավորի ու մոլորյալի, վշտակրի ու սգավորի կողքին, դիրքերում՝ զինվորի ու սպայի կողքին, ընտանիքում՝ մեծ ու փոքրի, երիտասարդների ու մանուկների կողքին, ուրախության ու բերկրանքի պահին: Շատ շատերն այդքան դիրքեր չեն գնացել, պատերազմի դաշտում չեն եղել, ինչքան Բագրատ Գալստանյանը: Որտեղ ինքն էր, այնտեղ հույս կար, հավատ ու կորով:
Առաջին նախաձեռնությունը «Տահույս»-ն էր՝ աջակցությունը կարիքավորներին: Հետո արդեն սկսեց մարդկանց աշխատանքով ապահովելու նախաձեռնությունը: Հարցիս պատասխանեց՝ արժանապատվություն եմ առաջարկում: Մարդը պիտի ինքը վաստակի իր ընտանիքի ապրուստը: Էլ մեղվի փեթակներ, էլ ընտանի կենդանիներ, անտառի բարիքների համար շուկայի փնտրտուքներ, աշխատանքի, արտադրանքի իրացման ու արդար վաստակի հնարավորություն:
Հետո սկսեց սոցիալական, կրթական, հոգևոր, մշակութային կենտրոններ բացել-կառուցել Իջևանում՝ «Արևիկ», Նոյեմբերյանում՝ «Պապոնց տուն», շուտով նաև` Բերդում:
Գետահովիտում անցյալ տարի բացվեց քաղցկեղով հիվանդ երեխաների համար վերականգնողական կենտրոնը, որը պարզապես հրաշք նվեր է երեխաների ու նրանց հարազատների համար:
Տաուժ կիրակնօրյա դպրոցներում ու առաջնորդական դասընթացներին ներգրավված են հանրապետության լավագույն կադրերը:
«ՏաԼույս» մանկական երգչախմբի մասին խոսելիս ակամա հպարտությամբ ես համակվում: Ինչ արդյունքի կարող ես հասնել, երբ կա սեր, նվիրում, պրոֆեսիոնալիզմ ու երազանք:Այս երգչախմբի ձայնը դեռ շատ ենք լսելու՝ աշխարհի տարբեր բեմերից:
Համամարդկային արժեքներից արժանիքներ են ձևավորվում, որոնք բարոյական իրավունք են տալիս խոսք ասելու, լույս ու հույս տարածելու, առաջնորդելու:
Չդիմանալու շրջան էր, երբ հրաժեշտ էինք տալիս պատերազմում զոհված տավուշցիներին: Երբ օրը երկու, նույնիսկ երեք թաղում էր լինում: Հավատացնում եմ ձեզ՝ Բագրատը զգացմունքային մարդ է, ու հաճախ էր փլվում, չկարողանալով զսպել արցունքները, բայց միշտ ուժ էր գտնում իր մեջ գիրկն առնելու վշտից կորացած հարազատներին, մխիթարել, հուսադրել: Եվ այդ ընտանիքներ էր մտնում հնարավոր բոլոր առիթներով, հատուկ նրանց համար միջոցառումներ կազմակերպում, գիրք հրատարակում, որտեղ պատմություններ են զետեղված բոլոր զոհված տավուշցիների մասին:
Կրթությունից ու գիտելիքներից չեմ խոսի, բոլորը գիտեն, բայց քչերը գիտեն որ կարող է երգել հայոց ամբողջ պատմությունը՝ ժողովրդական, ֆոլկլորային, դասական, հոգևոր: Ասես մեր ինքնության, մշակութային ժառանգության քայլող շտեմարան լինի:
Երևի թե շատ ուզենայի, որ Բագրատն ամուսնացած լիներ, իր նման զավակներ ունենար, բայց հոգևոր ծառայության ուղին ընտրած Սրբազանն այսօր շատ շատերի հոգևոր հայրն է, լույսի կանթեղը ձեռքին հույսի ճամփան լուսավորողը, հայկականության ու համամարդկային արժեքների աննահանջ պաշտպանը, արժանապատվության մարմնավորումը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր