Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունը զուրկ է օբյեկտիվությունից, և Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագծի դեմ ակցիաների ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունները միայն խրախուսում են բռնությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն։ Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախօրեին Ֆրանսիայի ԱԳՆ-ն X սոցիալական ցանցում գրառում է կատարել, որում մտահոգություն է հայտնել Վրաստանում տիրող իրավիճակի կապակցությամբ և նշել․ «Ֆրանսիան ցավում է ցուցարարների նկատմամբ բռնության համար՝ երկրորդ ընթերցմամբ «Օտարերկրյա ազդեցության» մասին օրինագծի ընդունումից հետո: Վրաստանը պետք է շարունակի Եվրոմիության հետ մերձեցման իր ջանքերը՝ համաձայն իր ժողովրդի ցանկությունների»։ «Ցավում ենք, որ ձեր հայտարարությունը զուրկ է օբյեկտիվությունից։ Ոչ օբյեկտիվ գնահատականները խրախուսում են բռնությունը, որն իրականացվում է արտերկրից ֆինանսավորվող բռնի խմբերի կողմից»,-ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։ |