ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Հայաստանը տարածաշրջանում դարձյալ «մենակ» է»․ Սուրեն Սուրենյանց
01:18, 04.05.2024 | mamul.am
1610 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Մոտ երկու տասնամյակ առաջ Հարավային Կովկասում Հայաստանը համարվում էր ռուսական անվերապահ ազդեցության միակ «կղզին»: Սաակաշվիլիի Վրաստանը որդեգրել էր Արևմուտքին անվերապահորեն ինտեգրվելու կուրսը(ինչն ունեցավ իր բացասական հետևանքները), իսկ Ադրբեջանը վարում էր բալանսավորված քաղաքականություն՝ գերադասելով նվազագույնի հասցնել կախվածությունը աշխարհաքաղաքական մեկ կենտրոնից:
Այսօր Հայաստանը տարածաշրջանում դարձյալ «մենակ» է՝ Արևմուտքում «փրկիչներ» փնտրելու իր արկածախնդրությամբ: Փաշինյանն արտաքին քաղաքականության մեջ որդեգրել է, այսպես ասած, նեոլիբերալ «գաղափարայնացված» մոտեցումը, ինչի հետևանքների մասին կխոսենք ստորև:
Հայաստանի «մենությունը» դրսևորվեց հատկապես Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի երեկվա որոշման համատեքստում: Վրաստանի վարչապետը հրաժարվել է մեկնել ԱՄՆ՝ այսպիսով հրաժարվելով կատարել Վաշինգթոնի պահանջը, որը վերաբերում էր, այսպես կոչված, «Օտարերկրյա գործակակալների» մասին օրենքի չեղարկմանը:
Ընդ որում, նկատենք, Վրաստանը ԵՄ անդամության թեկնածու է, 2009-ին ԱՄՆ-ի հետ կնքել է Ռազմավարական գործընկերության խարտիա ու մտադիր չէ հրաժարվել եվրաատլանտյան ինտեգրման քաղաքականությունից: Ու առհասարակ, չի կարելի տեղի ունեցածը դիտարկել «ռուսամետ- արևմտամետ» արհեստական պրիզմայով և ընդամենը պետք է արձանագրել, որ Վրաստանի այսօրվա իշխանությունն ունի արժանապատվություն, պետական որակներ ու գերադասում է երկիրը չդարձնել արևմտյան լիբերալ շահախմբերի փորձարկման դաշտ:
Ի տարբերություն Հայաստանի իշխանության և նրա պսևդոարևմտամետ արբանյակների, որոնց «արևմտամետության» միակ հիմքն անզուսպ հակառուսականությունն է:
Նման քաղաքականությամբ Հայաստանը տարածաշրջանում «իզգոյանալու» է, ինչը կործանարար հետևանքներ կարող է ունենալ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ համաշխարհային քաղաքականության մեջ ուժեղանում են ռեգիոնալացման միտումները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր