ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Փաշինյանն ասում է՝ կամ ապրել Թուրքիայի տակ, կամ՝ չապրել». Աշոտյան
00:54, 05.05.2024 | mamul.am
1434 | 0

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին, հաղորդում է «168»-ը։

Քաղաքացի Դավիթ Կիրակոսյանը նրան հարցրել է.

«Մայիսի 7-ին եթե Նիկոլը գնա կամ չգնա Պուտինի ինագուրացիային, ի՞նչ հետևանքներ կլինեն այս կամ այն դեպքում»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Նման մի հարցի նախորդ անգամ անդրադարձել էի: Այստեղ կհավելեմ միայն, որ մեր տարածաշրջանային իրողություններն այնպիսին են, որ հայ-ռուսական հարաբերությունների վերջնական փլուզումը կփլուզի նաև թուրք-ադրբեջանական վիշապին զսպող վերջին պատնեշները:

Երբ Փաշինյանն ասում է, որ պիտի սովորենք առանց երրորդ կողմի ապրել այս տարածաշրջանում, սա նշանակում է՝ կամ ապրել Թուրքիայի տակ, կամ ընդհանրապես չապրել: Պատկերացնո՞ւմ եք՝ նման հայտարարություն աներ Իսրայելի վարչապետն ԱՄՆ-ի մասով, ի՞նչ հեռանկարներ կամ ճակատագիր կունենար հրեական պետությունն այդ դեպքում:

Նիկոլի այդ հայտարարությունը նաև խոստովանություն է առ այն, որ «Արևմուտք ենք գնում», «Եվրոպա ենք մտնում» լոլոները հերթական սուտն էին, բլեֆը, հեքիաթը: Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում (այս հարցի մասին շուտով հոդված եմ հրապարակելու՝ համապատասխան ապացույցներով):

Մինչ պաշտոնական Երևանը քայքայում է բոլոր կապերը Մոսկվայի հետ, Ալիևը ցավագինորեն հրաշալի օգտագործում է ցանկացած առիթ՝ իրեն բնորոշ կեղծավորությամբ և քծնանքով ՌԴ-ի հետ կապերն ամրացնելու և Մոսկվային հին Երևանի դեմ տրամադրելու ուղղությամբ:

Որքան էլ Ռուսաստանում հայտարարում են, որ իրենց համար Նիկոլը՝ մի կողմ, հայ ժողովուրդը՝ մի կողմ, տեսանելի է, որ այդ տարանջատումը միշտ չէ, որ ֆունկցիոնալ առումով լիարժեք աշխատում է կամ կաշխատի: Ապրիլի 24-ին ռուսական բարձրաստիճան անդրադարձի բացակայությունն այս խնդրի հետևանքներից էր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր