ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Շարժումը գլխավորած առաջնորդների առջև բարդ խնդիր է դրված». Դավիթ Անանյան
02:06, 07.05.2024 | mamul.am
3393 | 0

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատմական իրադարձությունների ներկա պահին, երբ ալեկոծվում են ազգային ակունքներին վերադառնալու ցանկության ալիքները, Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը դառնում է համազգային ու համահայաստանյան համախմբման ու հայրենասիրական զարթոնքի ու ընդվզման մի իսկական փարոս։ Եվ այդ փարոսն է, որին փայփայելով ու սատարելով` կարծես բոլորով ճիգ ենք գործադրում վերագտնելու այն, ինչ վերջերս համարում էինք առհավետ կորսված։
Սակայն այս համազգային և համահայաստանյան ոգևորությունը մյուս կողմից լուրջ պատասխանատվություն է դնում Բագրատ Սրբազանի և «Տավուշյան շարժման» մյուս առաջնորդների վրա։ Ռազմավարական ծրագրավորված ու չափորոշված մոտեցումներն ու քայլերը պետք է զուգահեռվեն հուզական տրամադրությունների կառավարման հետ, ինչն այս պահին ոչ միայն առաջնային ու հրամայական է, այլև հստակորեն հանդիսանում է շարժման հնարավոր մարումն ու անբարենպաստ հետևանքները կանխելու երաշխիք: Միաժամանակ, կարևոր է նաև չկորցնել երկարաժամկետ հեռանկարը՝ հօգուտ կարճաժամկետ հուզական ձեռքբերումների: Զգացմունքները, թեև զանգվածների հզոր շարժիչ ուժ են, այնուամենայնիվ, պահանջում են հստակ կառավարում, քանի որ մեր՝ ոչ վաղ անցյալում քիչ չեն օրինակները, երբ ազնիվ ժողովրդական ցասումներն ու ըմբոստությունները անզուսպ ու անկառավարելի հույզերի և պրագմատիկ առաջնորդության բացակայության պատճառով վեր են ածվել քաոսի, այնուհետև մարել են՝ առաջացնելով հանրային հիասթափություն։
Ուստի Սրբազանի և նրա գլխավորած շարժման հաջողության գրավականը հավասարակշռված ռազմավարությունն է, որը հաշվի կառնի յուրաքանչյուր քայլի և՛ անմիջական, և՛ երկարաժամկետ հետևանքները: Այս առումով փոխզիջումային լուծումներ են անհրաժեշտ հայրենասիրության կրակի և իրատեսական քաղաքականության սառը հաշվարկի միջև։ Սա պահանջում է քաղաքական տեսության, պրակտիկայի խորը ըմբռնում և, մյուս կողմից՝ զգայունություն մարդկային զգացմունքների և կարիքների նկատմամբ:
Այլ կերպ ասած, Բագրատ Սրբազանի և շարժումը գլխավորած մյուս առաջնորդների առջև բարդ խնդիր է դրված․ մի կողմից պահպանել հայրենասիրության և իդեալիզմի այն կայծերը, որոնք գրավում են ժողովրդին, մյուս կողմից՝ մնալ զգոն ու պրագմատիկ։ Դա սրտի և մտքի միջև հավասարակշռող գործողությունն է, որը որոշում է քաղաքական առաջնորդության իմաստությունն ու արդյունավետությունը»:

Աղբյուրը` Դավիթ Անանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր