«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը խառնել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդորրը: Որքան էլ իրենց ելույթներում ու հարցազրույցներում իշխանականները «թվացյալ» անհոգ կերպարի մեջ են, այնուամենայնիվ, նրանք լարված են ու անհանգիստ: Մեր տեղեկություններով, ՔՊ-ականները 3 սցենար են պատկերացնում իբրև հանգուցալուծում և երկուսի մասով արդեն սուրհանդակներ են ուղարկել Էջմիածին: Լավագույն դեպքում, ըստ ՔՊ-ի, մայիսի 9-ին, երբ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասնի Երևան, դաշտ կգան հանրության համար տհաճ ու օդիոզ քաղաքական անձինք, նախկին իշխանության ներկայացուցիչներ, որոնց դեմքերը ֆիքսելով՝ հնարավոր կլինի վարկաբեկել մինչ օրս թափ հավաքող շարժումը և տանել մարման: Երկրորդը՝ նաև պատրաստվում են որոշակի ճնշումների: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին իշխանականները տարբեր խողովակներով Էջմիածին բանագնացներ են գործուղել, որպեսզի Բագրատ Սրբազանին հորդորեն այնտեղից շարժման օրակարգ չբերել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը: Վերջնագիր են ներկայացրել, թե դժգոհությունը պետք է ձևակերպել բացառապես սահմանազատման գործընթացի մասով՝ առանց Փաշինյանի հրաժարականի պահանջի: Հակառակ դեպքում՝ ասվել է, որ մեծ հարձակում կլինի եկեղեցու և եկեղեցականների վրա: Իհարկե, Էջմիածնի դեմ ճնշումները չհասան իրենց նպատակին։ Ավելին՝ որոշ թեմերի առաջնորդներ փորձել են հետ պահել Բագրատ Սրբազանին և մյուս լիներներին երթ դեպի Երևան մտքից. սակայն լիդերների կամքը անսասան գտնվեց: Եվ վերջապես, բանագնացները ակնարկել են, որ Վրաստանի ջարդերին պետք է հետևել ու պատրաստ լինել՝ քաղաքացիներին բախումների տանելու պատասխանատվություն կրելու համար, քանի որ ուժ կկիրառվի: Կարճ ասած՝ ժողովրդավարական բաստիոնը երերում է՝ տեղը զիջելով միապետության: ՔՊ-ն կպարտվի միայն Հանրապետության հրապարակի մարդաշատության դեպքում»։ Մանրամասները՝ թերթի համարում: |