ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+30 °C
«Ինչ ունենք այս պահին». Վահե Հովհաննիսյան
17:48, 13.05.2024 | mamul.am
2434 | 0

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ ունենք այս պահին
Քանի որ ընդունել ենք, որ սկսել ենք լուրջ պրոցես, և ոչ թե մի օր հավաքվեցինք 70 հազարով ու ցրվեցինք տներով, ապա հաջողությունն անպայման լինելու է։ Այդ ընթացքում կարևոր է պարբերաբար արձանագրել՝ ինչ իրավիճակ ունենք, ինչ աշխատանք պետք է արվի։ Եվ այսպես. ինչ ունենք այս պահին.
1. Ճշմարտության հրապարակ. կայուն ձևավորված կորիզ, որը դնում է երկրում խորքային փոփոխությունների պահանջ։ Սա արդեն փաստ է, նոր գործոն։
2. Հարթակից՝ Բագրատ Սրբազանը հրապարակեց կարևորագույն փաստաթուղթ՝ վաղվա Հայաստանի տեսլականը։ Հստակ ձևակերպումներով, որոնք հասկանալի են թե´ Հայաստանի ներսում, թե´ միջազգային հանրության համար, թե´ հակառակորդների։ 20 կետանոց բազմաշերտ փաստաթղթի 2 կարևորագույն բովանդակություններն են. Հայաստանը հանձնառու է շարունակել խաղաղության հաստատման բանակցությունները, ինչպես նաև սահմանազատման աշխատանքները, երկրորդ՝ այս շարժումը Հայաստանի ներքին կյանքի առողջացման մասին է, ներքին հաշտության, արդար բարքերով՝ ժամանակակից պետության ստեղծման։
3. Գրագետ շրջանակների անմիջական և կիրառական ներգրավվածություն պրոցեսներին։ Հարթակից հնչած հանձնարարություն-խնդրանքին ի պատասխան «Դիվանագետների համահայկական խորհրդի» կազմած փաստաթուղթը բացառիկ է իր լրջությամբ և որակով։ Սա այն բեկումնային պահն է, որն այս շարժմանը նոր որակ է բերում և նաև հետագա գործողությունների նոր ուղղություններ բացում՝ աշխատանք արտաքին աշխարհի, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային գործընկերների, հարևան երկրների հետ։
4. Եկեղեցին ստացել է (վաստակել է) բացառիկ ժողովրդականություն։ Եկեղեցու խոսքը հասնում է յուրաքանչյուր տուն, միջավայր, անհատներին։ Սա բացառիկ պատմական ձեռքբերում է. շատ երկար ժամանակ կար լուրջ խնդիր՝ եկեղեցու խոսքը դժվարությամբ էր հանրայնացվում։ Ե՞րբ էր քաղաքացին լսում հոգևորականին՝ պատարագի՞ ժամանակ, քարոզի՞ ժամանակ. ընդունենք, որ քչերն էին լսում ու քչերը հասկանում, եկեղեցական այլ արարողությունների՞, որոնք զանգվածային չեն և ոչ մշտական։ Իհարկե, հեռուստաընկերություն, մամուլ, սոցցանցեր օգտակար խողովակներ են, բայց այսօրվա ճշմարիտ խոսքի, առողջացման խոսքի, քրիստոնեական խոսքի և արժեքների տարածման նման հնարավորություն երբևէ չի եղել։ Շարունակենք այս տրամաբանությամբ, և աչքի առաջ կձևավորվի կարևորագույն արդյունք՝ հասարակության իսկական առողջացում, հայ հասարակության և հայ առաքելական եկեղեցու իսկական միասնությունը։
5. Անհրաժեշտ է շարունակել մասնագիտական խոսքի, գրագետ ուղերձի զանգվածայնացումը։ Դիվանագետների օրինակի պես, մեր մյուս ինտելեկտուալ, մասնագիտական պոտենցիալով միավորները պետք է հասարակությանը ներակայացնեն իրենց աշխատանքը։ Ամենամեծ մոլորությունն այն է, թե հասարակությունը սպասում է միայն գոռոցի կամ էժան էմոցիայի։ Երկար տարիներ հասարակությունը կարոտ է մնացել գրագետ խոսքի, ու հիմա այդ սկսված պրոցեսը պետք է ուժեղացնել։
6. Հստակ ձևակերպվել է աշխատանքի և նպատակի ճանապարհային քարտեզ՝ նոր կառավարություն և դրան հասնելու հիմնական սցենարը։ Սա շատ կարևոր պահ է, որը պահանջելու է համառ աշխատանք։
7. Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա։ Եվ այս միտումն արագորեն տարածվելու է՝ մինչև կիրառական լուծում։ Բայց կառավարություն օբյեկտիվորեն կա, և կառավարության անդամների ու պետական համակարգի մտածելու խնդիրն է սա արդեն. իրենք վարչապետի՞նն են, թե՞ Հայաստանի Հանրապետությանը։ Սա վերաբերում է ամբողջ պետական համակարգին, ուժայիններին։ Սա վերաբերում է նաև ՔՊ-ի պատգամավորներին՝ նրանք Նիկոլի պատգամավորնե՞րն են, թե՞ քաղաքական ուժի և ընտրողի։ Ի դեպ, Բագրատ Սրբազանի կողմից հստակ մեսիջ ուղղվեց պետական համակարգին. քաղաքական փոփոխությունները չեն ազդելու ձեր կայուն բնականոն աշխատանքի վրա։ Պետական համակարգը, քաղծառայողների համակարգը պետության և ոչ թե մեկ հոգուն ծառայելու ինստիտուտն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր