ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+27 °C
ՀՀ իշխանությունները խոչընդոտում են Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառմանը․ «Հրապարակ»
09:24, 16.05.2024 | mamul.am
1937 | 0

«Հրապարակի» զրուցակիցն է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

- Բաքվում ապօրինաբար պահվող մեր գերիների հետ կապված նոր տեղեկություններ կա՞ն։

- Այս պահին հիմնական զարգացումը կապված է խափանման միջոց կալանքի երկարաձգումների հետ, քանի որ դրանց վերջնաժամկետները մոտենում են ավարտին։ Արդեն իսկ կա գործընթաց` երկարաձգման, որոշ բարձրաստիճանների մասով նաև հրապարակային տեղեկատվություն տարածվեց, որ խափանման միջոցը երկարաձգվել է 5 ամսով, մասնավորապես` Արկադի Ղուկասյանի հետ կապված։ Սակայն նշեմ, որ սա առանձին դեպք չէ` ընդհանուր միտումն է այդպիսին, որ ժամկետը պետք է երկարաձգվի։ Քանի որ նրանք այս ընթացքում չեն հայրենադարձվել, վերանում է նրանց անազատության մեջ պահելու իրավական հիմքը, ուստի արհեստականորեն այն պետք է ստեղծվի, և դրա իրավական ճանապարհը կալանք խափանման միջոցի ժամկետի երկարաձգումն է։ Հետաքրքիր է, որ եթե նախկինում 4 ամիս էր, այս պարագայում ավելի երկար է՝ 5 ամիս, և մենք ևս կանխատեսում չունենք, որ մինչև տարվա վերջ դատավարությունները կնախաձեռնվեն, ամենայն հավանականությամբ՝ երկրորդ երկարաձգումը ևս տեղի կունենա, հաշվի առնելով, որ տարեվերջին կլիմային առնչվող միջոցառում է նախատեսվում, և դժվար թե դրա ֆոնին Ադրբեջանն այս ցուցադրական դատավարությունները կազմակերպի։ Եվ այս ընթացքում հայերն ապօրինաբար շարունակում են մնալ անազատության մեջ։ Այդ ժամանակահատվածն օգտագործվում է քրեական գործեր կեղծելու և ցուցադրական դատավարություններին նախապատրաստվելու նպատակով։

- Միջազգային կազմակերպություններ, ատյաններ կա՞ն, որոնց միջոցով հնարավոր է ճնշել ադրբեջանական բռնապետությանը, և դա ո՞վ պետք է նախաձեռնի։

- Մեխանիզմներ կան, իհարկե, ընդհանուր աշխարհաքաղաքականությունը և պետությունների կամ միջազգային կառույցների հետ համընկնող շահերը կարևոր գործոն են, այսինքն՝ միջազգային իրավունքում, կարծում եմ, բավականին կոշտ գործիքակազմ գոյություն ունի, սակայն դրա գործադրումը միշտ ունի քաղաքական կոմպոնենտ և նախապայմաններ։ Օրինակ, նման միջոցներ կարող է լինել մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցների կիրառումը, ինչը ծանոթ է արևմտյան շատ երկրների, օրինակ, այն ինտենսիվ կիրառվում է Միացյալ Նահանգների կողմից։ Պետության նկատմամբ պատժամիջոցների մեխանիզմներ ևս գոյություն ունեն, բայց դրանք ավելի ներազդող և կոպիտ գործիքներ են և էապես ազդելու են միջպետական փոխհարաբերությունների վրա: Կարծում եմ, քանի դեռ անհատներին պատժելու կամ հետապնդելու գործընթաց չի եղել, դժվար է սպասել պետության նկատմամբ սանկցիաների կիրառման: Դրա հավանականությունը շատ փոքր է՝ ներկա իրողությունների պայմաններում։ Եվ, իհարկե, կան քվազի դատական գործընթացներ, որտեղ պետության պատասխանատվության հարց էլ կարող է դրվել։ Այդպիսիք են Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի տարաբնույթ մեխանիզմները: Հիմնական դերակատարը, կարծում եմ, պետք է լինի պետությունը․ որոշ ատյաններում անհատական գործողությունների հնարավորություն կա, սակայն, եթե մենք ակնկալում ենք պետության նկատմամբ պատժամիջոցներ կամ այլ կոշտ միջոցների կիրառում, այստեղ երկրի դիվանագիտությունը պետք է հաղթանակ տանի և ճիշտ քաղաքական դիրքավորում ունենա: Այս առումով Հայաստանի հրապարակային առաջ քաշած թեզերը որևէ նախադրյալ չեն ստեղծում պատժամիջոցների կիրառման համար։ Հասարակական կազմակերպությունները կարող են գործել, սակայն Հայաստանի այս քաղաքականությունը խոչընդոտում է կտրուկ գործողությունների կատարմանն Ադրբեջանի նկատմամբ։

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր