Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսկապես, չափազանց կարևոր է, թե ինչ է լինելու Փաշինյանից հետո։ Քանզի նրանից հետո երկրի ավերակների վրա պետք է կառուցել, լուռ ու անձայն կառուցել պետականություն։
Ըստ էության, անհրաժեշտությունները շատ են, բայց թվենք մի քանիսը`
- Հասարակության մեջ համերաշխության մթնոլորտի հաստատում և համազգային նպատակների սահմանում։
- Սփյուռքի և Հայաստանի միջև դոկտրինալ հարաբերությունների հաստատում, որի ֆունդամենտալ նպատակը հայկական «փափուկ ուժի» տարածումը մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջաններում;
- Հայաստանում սոցիալական արդարության հաստատում, որը նաև նախկինում կապիտալի անարդար բաժանման արդյունքում առաջացած անարդարության մթնոլորտը պետք է ցրի։
- Դոկտրինալ արտաքին հարաբերություններ, որոնց հենքը պրոակտիվ և ռիթմիկ դիվանագիտությունը պետք է լինի, հիմնված Հայաստանի և հայ ժողովրդի իղձերի վրա` կենսատարածքի սահմանմամբ և պայքարի որակական նոր ռազմավարության մշակմամբ։
- Բանակաշինության մեջ ռազմական դոկտրինի փոփոխությունը պետք է հիմնված լինի կանխարգելիչ ռազմական հայեցակարգի վրա, որը պայմանավորված է Հայաստանի ռազմավարական խորության բացակայությամբ։
- Անվտանգության համակարգի շինարարության մեջ պետք է ելակետ ընդունել ցանցային անվտանգության համակարգը, որը ենթադրում է հարձակողական բջիջների ձևավորումը ՀՀ աշխարհագրական տարածքից դուրս։ Միաժամանակ հոգևոր, մշակութային, էներգետիկ, տնտեսական, կրթական և այլն, անվտանգության ապահովման նպատակով նոր Ազգային Անվտանգության հայեցակարգը պետք է հստակ սահմանի առաջնահերթությունները։
- Քաղաքական համակարգի էական փոփոխություն, որը պետք է ենթադրի նաեւ կուսակցական համակարգի փիլիսոփայության փոփոխություն, ինչի արդյունքում ՀՀ-ում գործող կուսակցությունների թիվը երկու փուլերի ընթացքում պետք է կրճատվի մինչև արդյունավետ գործունեության քանակը։
- Ընդդիմությունը պետք է դառնա էական և ինստիտուցիոնալ գործոն, որպես իրական հակակշիռ գործող իշխանության համար, վերահսկիչ որոշակի դերակատարություն ստանալով։
- Էլեկտորալ ժողովրդավարության հաստատում և ամրապնդում, ինչի արդյունքում երկրում նաեւ արդարության մթնոլորտ կսկսի արմատավորվել։
- Արդյունաբերության փիլիսոփայության էական փոփոխություն դեպի ինքնաբավ տեխնոլոգիական տնտեսության կառուցում, որի առանձնահատուկ բաղադրիչներից է ռազմական արդյունաբերությունը։
Կարելի է այս ցանկը անվերջ շարունակել, որովհետև երկիրը բառի ամենաիսկական իմաստով փլատակների է վերածվել, հատկապես պաշտպանական համակարգը»։ |