ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +19 °C ... +31 °C Վաղը`+32 °C
«Լուկաշենկոն կարգել է Ալիևին որպես տարածաշրջանի «смотрящий»»․ Տաթևիկ Հայրապետյան
11:30, 17.05.2024 | mamul.am
2874 | 0

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պետական այցով գտնվում է Ադրբեջանում։ Ձեզ եմ ներկայացնում երեկ տեղի ունեցած Ալիև-Լուկաշենկո համատեղ մամուլի ասուլիսի երկու ուշագրավ հայտարարություն։

Ասուլիսի ժամանակ Ալիևը ևս մեկ անգամ շեշտել է պատերազմով հակամարտություններ լուծելու կարևորության մասին․ «Այսօր մենք քննարկել ենք նաև մեր տարածաշրջանի և ԱՊՀ-ի անվտանգությանը վերաբերող հարցեր։ Ես Ալեքսանդր Գրիգորիևիչին տեղեկացրել եմ Հարավային Կովկասի տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակի մասին։ Եվ, բնականաբար, մտքեր փոխանակեցինք համաշխարհային քաղաքականության արդի հարցերի շուրջ։ Աշխարհում իրավիճակը փոխվում է բավականին արագ և, որպես կանոն, բացասական ուղղությամբ։ Նոր հակամարտություններ և անկայունության նոր օջախներ են ի հայտ գալիս։ Ցավոք, առկա հակամարտությունները, որպես կանոն, չեն լուծվում։ Բացառությամբ Հարավային Կովկասի հակամարտությանը, որը Ադրբեջանը լուծեց ռազմաքաղաքական միջոցներով` միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք համապատասխանությամբ, որն այսօր ճանաչված է ողջ համաշխարհային հանրության կողմից»:

Ալիևին երբեք, որևէ պարագայում չէր հաջողվի քաղաքական ամրագրում տալ պատերազմով ձևավորած իրողություններին, եթե Հայաստանում չլիներ Փաշինյանի կառավարությունը։ Փաշինյանն ընդունել ու ամրագրել է պատերազմով հարցեր լուծելու մեթոդը՝ դրանով իսկ Հայաստանը դնելով պատերազմի ու ագրեսիայի մշտական սպառնալիքի տակ։ Սա ինքնին հակասում է խաղաղության կառուցման կոնցեպտին։ Պատերազմով խաղաղություն կառուցել հնարավոր չէ։

Իր հերթին, Լուկաշենկոն ասուլիսի ժամանակ նշել է․ «Այո, մենք քննարկել ենք տարածաշրջանների անվտանգության հարցերը։ Իլհամ Հեյդարովիչն ինձ մանրամասն տեղեկացրեց, թե ինչ է կատարվում այստեղ՝ անհանգիստ տարածաշրջանում։ Եվ փառք Աստծո, որ ի դեմս Ադրբեջանի այստեղ հայտնվեց շատ հզոր, նորմալ առաջնորդ։ Դուք կարողանում եք վերահսկել Կովկասի տարածաշրջանը։ Սա միայն պատասխանատվություն չէ Ադրբեջանի համար, Դուք արդեն պատասխանատու եք Կովկասում տիրող իրավիճակի համար, ինչի առնչությամբ մենք՝ այն ժողովուրդները, ովքեր Կովկասում չեն ապրում, իսկապես հույսեր ենք կապում։ Ուստի սա լրացուցիչ բեռ է Ձեզ համար, թեև Ձեզ արդեն բավարար է սեփական խնդիրները, սակայն, Դուք դրանից չեք կարող խուսափել, քանի որ ժամանակն ընտրել է Ձեզ, ինչպես մեզ մոտ ընդունված է ասել, և Դուք պատասխանատու եք կովկասյան տարածաշրջանի համար՝ որպես առաջնորդ»։

Կարճ ու շատ կենցաղային մակարդակով ասած՝ Լուկաշենկոն կարգել է Ալիևին որպես տարածաշրջանի «смотрящий»:
Պատերազմով ձևավորված իրողություններին քաղաքական ամրագրում տալով, արցախյան հակամարտության էջը փակված համարելով, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով՝ Փաշինյանը ոչ միայն ոտնահարել է հայ ժողովրդի շահերն ու արհամարհել պայքարն ու կռիվը, այլև մեծ հաշվով՝ վտանգել է ժողովրդավարության ապագան տարածաշրջանում՝ ներկայացնելով այնպես, որ բռնապետություններն ամենակարող են։ Դրանից հետո որքան էլ ձևացնի, թե ժողովրդավար է ու արևմտամետ, բայց փաստերն ավելի քան խոսուն են։ Նրա քայլերը հակոտնյա են խաղաղությանն ու ժողովրդավարությանն առհասարակ, դրա համար էլ հարևան բռնապետությունը խրախճանքի մեջ է ու սիրով աջակցում է Փաշինյանի կառավարությանը։ Մեծ հաշվով, Փաշինյանն այսօր օգնում է Ալիևին փոխել իր բռնապետի ու ագրեսորի համբավն ամբողջ աշխարհում․․․»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր