Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը միջազգային հանրությանը կոչ է անում պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը։ «Մինչ Եվրոխորհրդարանի բանաձևի, ԱՄՆ Կոնգրեսի պատժամիջոցների մասին օրինագծի և Ֆրանսիայի Սենատի բանաձևի միջոցով շարունակվում է ուժգնանալ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումները, մենք՝ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ կառավարությունների, բիզնեսի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, պահանջել Ռուբեն Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը, եթե Ադրբեջանը ցանկանում է պահպանել COP 29-ը հյուրընկալելու արտոնությունը, որն Ադրբեջանը հռչակել է որպես «Խաղաղության համաժողով»,– ընդգծել է ընտանիքը։ Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերի խոսքով` խափանման միջոց կալանքի բազմակի երկարաձգումները՝ առանց գրավի դիմաց ազատ արձակելու մերժումը հիմնավորելու անհատականացված ու կոնկրետ որոշման, Ռուբեն Վարդանյանի իրավունքների հերթական կոպտագույն խախտումն է՝ համաձայն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, որին Ադրբեջանն անդամակցում է։ |