ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Ինչպես է «Հայաստանի բանակը գրավել Չինաստանը»». Նաիրի Հոխիկյան
03:06, 22.05.2024 | mamul.am
3788 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «1992-ի գարնանը Ադրբեջանում իշխանության պայքարի խառնաշփոթ էր, իսկ Արցախի հայերը մեկը մյուսի հետևից ազատագրում էին նորանոր բնակավայրեր։ 1992-ի մայիսի 8-ին ազատագրվեց Շուշին, իսկ 10 օր անց՝ մայիսի 18-ին, Լաչինը։ Հայերը բացեցին ճանապարհը, որով Ղարաբաղը ցամաքային կապ ունեցավ Հայաստանի հետ։
Այդ օրը, երբ Աբուլֆազ Էլչիբեյի ու Հեյդար Ալիևի ճնշման տակ նախագահ Մութալիբովը վերջնականապես հեռացավ Ադրբեջանի նախագահի պաշտոնից, նույն օրը խոնավացած աչքերով տուն մտավ Սևանի ափից պատերազմի կայծերին հետևող 6-ամյա Նաիրիի հայրն ու գրկելով արդուն՝ ասաց․ «Իմացա՞ր, որ մերոնք Լաչինը վերցրին»։
Այն ժամանակ հայկական պատմական այս բնակավայրը դեռևս Բերձոր անունը չէր ստացել։ Հետո Բերդաձորի անվանումով կնքվեց Բերձոր։
Հաջորդ օրը՝ մայիսի 19-ին Վիեննայի պատմական Հոֆբուրգ պալատում թուրքերի բողոքի հիման վրա եվրոպական «արդարադատ» կառույցները հատուկ նիստով քննարկում սկսեցին Լաչինի գրավման համար՝ մեղադրելով հայերին։ Քանի որ Ադրբեջանում ոչ նորմալ նախագահ կար, ոչ էլ գործող կառավարություն, Թուրքիայի իշխանությունն իր վրա վերցրեց Եվրոպական Խորհրդում Ադրբեջանի շահերի ներկայացուցչի դերը։
«Երեկ հայկական զորքերը գրավել են Լաչինը»,- հնչեց նիստի հիմնական զեկուցողի հայտարարությունը։
Նիստը թարգմանվում էր 6 լեզվով։ Ֆրանսերենի թարգմանիչը հանդիսավոր փոխանցեց ֆրանսերեն տարբերակով՝ «Hier l'armée de l'Arménie a occupée la Chine (Երեկ Հայաստանի բանակը գրավել է Չինաստանը․․․)»։
Վայրկյաններ անց դահլիճում իրարանցում սկսվեց։ Չինաստանի ներկայացուցչին սկսեցին մոտենալ ու անհանգստացած հարցնել, թե ինչպես է դա եղել։ Սկանդալ էր հասունանում, չին դիվանագետը տեղից վեր կացավ ու վազեց դեպի դուռը։ Նիստը ստիպված ընդհատվեց: Միջանցքում վազվզում էին պաշտոնյաներն ու շտապում զանգահարել իրենց երկրներ, մեծ արագությամբ սկսեցին աճել միջազգային բորսաների գները, վայրկյանների ընթացքում նավթի գները աստղաբաշխական բարձունքների հասան։ Չինաստանը գոյություն չունի, նոր աշխարհակարգ է ձևավորվում։ Ինչ-որ մի փոքրիկ երկիր, որի տեղը դեռևս ոչ բոլորը գիտեն, հանկարծ կարողացել է գրավել աշխարհի գերտերության կարգավիճակի ձգտող Չինաստանը։
Պեկինից չինական պատվիրակության ղեկավարի տեղակալի կարգավիճակում Եվրոպա մեկնած փորձառու դիվանագետ Վեյդուն Չժոուն դժվարությամբ էր շնչում, աչքերի առաջ մթնել էր։ Միջանցքում քայլելիս մի պահ նույնիսկ պատից բռնվեց, որ վայր չընկնի։ Չէր կարողանում պատկերացնել, որ շուրջ մեկ դար առաջ վերջապես իր անկախությունը հռչակած հայրենի երկիրը նորից կորցրել է այն։ Ինչպե՞ս կարող էր դա պատահել ու այդքան արագ։
Այս մտքերով մի կերպ հասավ աշխատասենյակ, օգնականին խնդրեց արագ կապ հաստատել Պեկին։ Ու մինչ հեռախոսակապի մյուս կողմից կհասցնեին վերցնել լսափողը, Վեյդունը մտածում էր՝ ինչպե՞ս փրկել ընտանիքը, ո՞ւր գնալ։ Հասցրել էր տարբերակներ մտքով անցկացնել․ պետք է արագ կազմակերպել ինքնապաշտպանական մարտեր, հավանաբար պարտիզանական կռիվներ կսկսվի ամբողջ Չինաստանով մեկ․․․ գուցե ինքը մոտենա Հայաստանի ներկայացուցչին ու փորձի հասկանալ, թե ինչպես հնարավոր կլինի խաղաղ ճանապարհով վեճերը հարթել․․․ իսկ ի՞նչ վեճ։ Ի՞նչ վեճ կարող է ունենալ հսկա Չինաստանը փոքրիկ Հայաստանի հետ․․․ ինչպե՞ս է հնարավոր եղել մի քանի ժամում գրավել ամբողջ Չինաստանը։ Այս մտքերի մեջ չնկատեց, որ Պեկինից պատասխանեցին զանգին։
Վեյդուն Չժոուի ձայնը դողում էր։ Չէր կարողանում հարցը ձևակերպել Արտաքին գործերի փոխնախարարին։ Վերջապես իր մեջ ուժ գտավ՝ հարցի տեսքով ասելու այդ սարսափելի լուրը․ «Չինաստանը ինչպե՞ս գրավեցին»։
Հեռախոսակապի մյուս կողմում մի քանի վայրկյան լռություն էր։ Հետո փոխնախարարը կարճ ասաց, որ ինքը հյուրեր ունի և չի կարող ամեն կատակի վրա ժամանակ ծախսել։ Վեյդունին էլ խորհուրդ տվեց Եվրոպայում այդպիսի հիմար կատակներ չանել։
Թուլացած ոտքերով Վեյդունը մտավ ներկայացուցչության ղեկավարի սենյակ։ Լայն ճակատով ու թավ մազերով տղամարդը արագ թղթերն էր կարգի բերում։ Սենյակում այս ու այն կողմ թափված թղթերից երևում էր, որ գլխավոր դիվանագետը նյարդային ապրումներ է ունեցել։ Արագ ասաց, որ պետք է գնան դահլիճ, կարծես մի բան պարզ է դարձել։
Ինչ-որ բան արդեն պարզվել էր։ Դիվանագետները վերադարձան դահլիճ, փորձեցին արհեստական ժպիտներով շարունակել նիստը, բայց բոլորի դեմքին արդեն դրոշմված էր նյարդային լարվածությունը։ Ֆրանսերենի թարգմանչին փոխել էին։ Պարզվեց, որ սխալ էր հասկացել հայտարարության բանավոր տեքստը և սխալ էլ թարգմանել էր՝ համաշխարհային աղմուկ բարձրացնելով իր մեկ բառի պատճառով։ Ժողովուրդն ասում է՝ լեզվի սայթաքում, կյանքի խորտակում։ Ֆրանսերենի երիտասարդ աղջնակ թարգմանչուհին հեռացվել էր աշխատանքից։ Հիմա ապակիների հետևում նստած էր փորձառու մի կին՝ խիստ հայացքով ու անհրապույր կազմվածքով։
Նիստը վարողը հայտարարեց, որ ֆրանսիական կողմը հայտարարություն ունի անելու՝ շեշտելով, որ շտկումները կանի նոր թարգմանչուհին։ Կինը հանդիսավոր վեր կացավ։ Դահլիճում բոլոր պատվիրակները միացրին թարգմանության ֆրանսիական ալիքը՝ լսելու Փարիզի պարզաբանումը․ «Excusez-moi, s՛il vous plait, ce n'est pas l'armée de l'Arménie, qui a occupée la Chine, c'est l'armée de Haut Karabakh, qui a occupée la Chine․․․» (Ներեցեք, խնդրում եմ: Հայաստանի բանակը չի գրավել Չինաստանը: Դա Լեռնային Ղարաբաղի բանակն է գրավել Չինաստանը):
Իրականում «Լաչին» բառի արտասանությունը շատ նման է ֆրանսերեն «Չինաստան» բառին՝ la Chine։ Սա էլ թյուրիմացության մեջ էր գցել թարգմանիչներին։ Եվրոպական խորհրդի այս տրագիկոմիկ դիպվածը շատ երկար մնաց ներկաների հիշողության մեջ։
Լաչինի ազատագրումը Նաիրիի հիշողության մեջ էլ տպվեց որպես Ղարաբաղի կյանքի ճանապարհ։
Մի քանի շաբաթ անց Աբուլֆազ Էլչիբեյը դարձավ Ադրբեջանի նախագահի ամենահիմնական թեկնածուն։ Ծղրտացող ձայնով անհավասարակշիռ այդ մարդը կարողանում էր համոզիչ խոսել ու իր շուրջը համախմբել ամբոխին։ «Սիրում եմ բոլորիդ, դուք իմ հպարտությունն եք»․ այս նախադասությունները շուրթերին՝ Աբուլֆազն անցնում էր բնակավայրերով ու գրավում շարքային ադրբեջանցիների սրտերը»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր