ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Հայ Առաքելական եկեղեցին կդիմի ԿԳՄՍՆ-ին Աղջոց վանքն իրենց հանձնելու հարցով
00:06, 04.06.2024 | mamul.am
1863 | 0

Վերականգնող ճարտարապետ Գարեգին Կնյազյանը խնամքով դեռեւս թղթի վրա վերականգնել է միջնադարի ճարտարապետական գլուխգործոց համարվող Աղջոց վանական համալիրը: Գեղարդից 7 կմ դեպի հարավ արեւելք լեռան լանջին է գտնվում երբեմնի վեհաշուք այս վանքը, այն ավերածություններից թեեւ խոնարհվել, բայց չի կորցրել իր վեհությունը:

«Աղջոց համալիրը նշանավոր է նրանով, որ ըստ Հայ Առաքելական եկեղեցու սրբազան ավանդության, հիմնվել է առաջին հայրապետի՝ Գրիգոր Լուսավորչի կողմից, հիմնվել է որպես կուսանաց վանք: Վայրն էլ ընտրվել է այն տեղանքը, որտեղ նահատակվել է Հայաստանում 3-րդ դարի երկրորդ կեսին Քրիստոսի քարոզչության գործ կատարած անձանցիցի մեկը Սուրբ Ստեփանոս քահանան»,- «Առավոտ»-ին պատմել է պատմաբան Արմեն Մալխասյանը:

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանն էլ պատմեց, որ Գեւորգ Ալիշանի պեղած տեղեկությունների համաձայն վանքը պետք է, որ հիմնված լինի 4-րդ դարում: Ի սկզբանե, որպես սրբավայր է եղել, իսկ որպես վանք ձեւավորվել 13-րդ դարում ի պատիվ հռիփսիմյան կույսերի էլ անվանվել է Աղջկոց, այսինքն՝ աղջիկների վանք:
Սուրբ Ստեփանոս եկեղեցին վանքի գլխավոր եկեղեցին է, ունի ներքուստ խաչաձև, 4 անկյուններ ու մեկհարկ ավանդատներով, գմբեթավոր հորինվածք:

Սուրբ Ստեփանոս եկեղեցու արևմտյան կողմում գտնվում է Գավիթը: Պատկանում է քառասյուն գավիթների տիպին, որի ծածկը իրականացված է եղել երկու զույգ փոխհատվող կամարներով: Պահպանվել է միայն արևելյան պատերի մի մասը:Համալիրի առավել ուշագրավ հուշարձաններից է եւ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը գտնվում է Ս. Ստեփանոս եկեղեցու հյուսիսային կողմում: Արևմտյան դռան ճակատակալ քարի վրա պահպանվել է 13-րդ դարում եղծված շինարարական արձանագրությունը:

Պարզ հատակագծով, արևելյան կողմից կիսաշրջան ավագ խորանով, երկու կողմերից ավանդատներ ունեցող թաղածածկ կառույց է: Եկեղեցու արևմտյան մուտքի երկու կողմերում Ս. Պողոս և Ս. Պետրոս առաքյալների հարթաքանդակներն են, որոնք միջնադարյան քանդակագործական արվեստի բացառիկ նմուշներից են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր