ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կարող է այցելել Հյուսիսային Կորեա և Վիետնամ։ Այս մասին Ведомости-ին ասել է դիվանագիտական աղբյուրը: Իշխանության ղեկին գտնվելու 24 տարիների ընթացքում Պուտինը միայն մեկ անգամ է այցելել Հյուսիսային Կորեա՝ 2000թ․ իր առաջին նախագահական ժամկետի սկզբում։ Այդ ժամանակ նա հանդիպել է Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի հետ։ Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընը Վերջին անգամ Ռուսաստան է այցելել անցած տարվա սեպտեմբերին։ Պարբերականը նշում է, որ ԿԺԴՀ-ն աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում՝ սպառազինությունների մատակարարմամբ: Ընդհանուր առմամբ, Փհենյանը Մոսկվային է փոխանցել մոտ 7000 կոնտեյներ՝ զինամթերքով և այլ ռազմական տեխնիկայով, ասել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սին Վոն Սիկը: Նրա գնահատմամբ՝ ռուսական բանակը կարող էր Հյուսիսային Կորեայից ստանալ մոտ 3 մլն 152 միլիմետրանոց արկ։ |