Մոսկվայի բորսան հունիսի 13-ից դադարեցնում է դոլարով և եվրոյով առևտուրը, հաղորդում է Euronews-ը: Կդադարեցվի նաև թանկարժեք մետաղների շուկայում և ֆոնդային շուկայում դոլարով և եվրոյով առևտուրը։ Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապ ունեցող ֆիզիկական անձանց և ընկերությունների դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին։ Ցանկում ներառված են 33 մարդ և մոտ 300 ընկերություն ու կազմակերպություն, որոնք գրանցված են Ռուսաստանում, Չինաստանում, Թուրքիայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Բուլղարիայում, Սերբիայում, ԱՄԷ-ում, Բելառուսում, ինչպես նաև բրիտանական Վիրջինյան կղզիներում։ Սահմանափակումների տակ են հայտնվել նաև Մոսկվայի բորսան, Ազգային քլիրինգային կենտրոնը և Ռուսաստանի Դաշնության Ազգային հաշվարկային դեպոզիտարիան: ԱՄՆ ֆիննախի հաղորդմամբ՝ Մոսկվայի բորսայում կապիտալ ներգրավելու Ռուսաստանի իշխանությունների միջոցներն ընդլայնում են Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիների հնարավորությունները, այն է՝ շահույթ ստանալ «Կրեմլի ռազմական մեքենայից»՝ Ռուսաստանի սուվերեն պարտքում, ռուսական կորպորացիաներում և առաջատար ռուսական պաշտպանական ձեռնարկություններում ներդրումների ճանապարհով։ |