Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն ասում է, որ ինքը մի քքանի անգամ մերժել է մարդկանց այս կամ այն աշխատանքի նշանակելու ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի խնդրանքները, նաև փոխվարչապետերի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի խնդրանքները: Այստեղ պետք է առանձնացնել՝ ԱԱԾ պետն ու մյուս պաշտոնյաները: Դրանք լրիվ այլ կատեգորիաներ են: Սա բոլորովին չի նշանակում, թե մյուս պաշտոնյաներին թույլատրելի է անել այդպիսի խնդրանքներ՝ չակերտավոր, թե առանց չակերտի: Բայց, խոշոր հաշվով, պետական կառավարման համակարգում, բյուրոկրատական միջավայրում այդ ամենը զարմանալի երևույթ չէ անգամ այսպես ասած զարգացած երկրներում: Այլ հարց է հենց ԱԱԾ-ն, ու այստեղ, թող չհնչի տարօրինակ՝ թույլատրելի կամ անթույլատրելի հարց չէ, այլ մտածողության: ԱԱԾ պետը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է վեր լինեն «աշխատատեղավորման խնդրանքների» մակարդակից: Հենց դրաննով է, որ ԱԱԾ-ն պարզապես գերատեսչություն և բյուրոկրատիայի մաս չէ, այլ ըստ էության պետություն է, պետության առանցք, հիմնասյուն: Սա նշանակում է ոչ միայն լիազորությունների առանձնահատկություն, այլ հենց մտածողության, բարոյական կոդեքսների, վարքականոնի, արժեհամակարգի, «չհասարականալու», «չսովորականանալու» հարց է: Ընդ որում, պետական համակարգում միանգամայն օրինաչափ և օբյեկտիվ երևույթ է և այն, որ ԱԱԾ-ն կարող է զբաղվել մի շարք գերատեսչություններում, ստորաբաժանումներում, տարբեր ոլորտներում այսպես ասած իր կադրերին նշանակելու գործով: Ըստ իս, դա էլ գործնականում բոլոր պետական համակարգերին բնորոշ երևույթ է: Բայց, դա թերևս պետք է տեղի ունենա ոչ թե ԱԱԾ պետի՝ նախարարներին ուղղված «խնդրանքով», այլ, գուցե այլ մեխանիզմներով, որոնք կդարձնեն այդ նշանակումները անբեկանելի՝ եթե պետք է հատուկ ծառայությանը: Սա շատ բարդ թեմա է, մեզանում այս թեմաներն էլ հասցված են սև-սպիտակի պարզունակության: Ընդ որում, այս տեսանկյունից նաև կա մեկ այլ հարց՝ իսկ արդյո՞ք Վահան Քերոբյանը բավարար չափով չի հասկացել, թե ի՞նչ տրամաբանությամբ է իրեն որևէ նշանակման «խնդրանք» հղել ԱԱԾ պետը: Այսինքն, այստեղ էլ, պետք էր թերևս տարբերակել՝ նրա «խնդրանքը» մնացյալ այլ բարձրաստիճան պաշտոնյաների «խնդրանք-միջնորդություններից»: |