ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Իտալիայի զինվորական գլխավոր դատախազն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
17:18, 27.06.2024 | mamul.am
722 | 0

Իտալիայի Հանրապետության վճռաբեկ դատարանի գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկի գլխավորած պատվիրակությունը հունիսի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Նարինե Գասպարյանի, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանի և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոյի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Իտալիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերն առանձնակի հետաքրքրությամբ լսել են հատկապես իտալացի դիվանագետ և պատմաբան, 1911-1915 թթ. Տրապիզոնում Իտալիայի գլխավոր հյուպատոս, Հայոց ցեղասպանության ականատես Ջիակոմո Գորինիի հայանպաստ գործունեության մասին:

Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Մաուրիցիո Բլոկը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր