Հայաստանի Կառավարությունը հերթական վարկային համաձայնագիրն է ստորագրել. այս անգամ վերցրած վարկը կազմում է 236 միլիոն եվրո, գրում է «168»-ը։ 236 միլիոն եվրո վարկը ՀՀ Կառավարությունը ստանալու է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկից (ՎԶԵԲ)՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի Հարավային ենթահատվածի կառուցման ֆինանսավորման նպատակով։ Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալը՝ 5 տարի։ «Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկը մինչև Վրաստանի սահման, ապա նաև՝ դեպի Սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին»,- ասված է Կառավարության ներկայացրած հիմնավորման մեջ: Նշենք, որ Հարավային ենթահատվածի կառուցման ծրագրի գնահատված արժեքը կազմում է 452 մլն եվրո: Նախատեսվում է ֆինանսավորման մյուս հատվածը՝ 137 միլիոն եվրո վարկ ստանալ նաև Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ)։ ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը կազմում է 79 մլն եվրո: |