«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2021 թվականի մայիսի 3-ին ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից քննադատեց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որ Աբովյանի դիահերձարանում զինծառայողների դիակները պարկերով լցրել էին գետնին, ու որևէ մեկը այդպես էլ այդ ազգային ամոթի համար պատասխանատվության չենթարկվեց: Այս ելույթից հետո ԱԺ նիստը նախագահող Լենա Նազարյանը, բարձրախոսը միացրած, վիրավորեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին՝ «իդիոտկա» վիրավորական բառով: Ի վերջո, եռաստիճան դատական համակարգում Թագուհի Թովմասյանը հաղթեց բոլոր ատյաններում և հիմա՝ դեպքից 3 տարի անց, Լենա Նազարյանը, դատարանի պահանջով, «Առավոտ» օրաթերթում հրապարակել է ներողության տեքստը, ինչպես նաև պետք է վճարի փոխհատուցում Թագուհի Թովմասյանին վիրավորելու համար: Դատարանը բավարարել է 300 հազար ՀՀ դրամի փոխհատուցումը, քանի որ առավել մեծ գումար վճարելու հնարավորություն ՔՊ պատգամավորը չունի: Իսկ իրականում այդ ընթացքում Նազարյանը Ծաղկաձորում բնակարան է գնել և, ըստ պաշտոնական հայտարարագրի, Նազարյանի դրամական միջոցները մի քանի անգամ ավելացել են վերջին տարիներին»: Մանրամասները՝ թերթի համարում: |