ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Ուկրաինական ճգնաժամի պատճառով ողջ Եվրոպան հայտնվեց «համաշխարհային խառնաշփոթի» մեջ. «Գարդիան»
16:48, 17.02.2015 | mamul.am
6903 | 1

Մինսկում ստորագրված համաձայնագրի միջոցով ձեռքբերված հրադադարից հետո էլ Ուկրաինայի արևելքում շարունակվում է լարված իրավիճակ տիրել: Թվում է, որ այդ համաձայնագրի ամենակարևոր կետերից երկուսը, այն է՝ Ուկրաինայի ամբողջական վերահսկողությունը ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով և Ուկրաինայում սահմանադրական բարեփոխումների իրականացումը, այդպես էլ կմնան թղթի վրա գրված:

Բրիտանական «Գարդիան» պարբերականը նշում է, որ այդ ամենը կարող է հանգեցնել Ռուսաստանի լիակատար մեկուսացման Եվրոպայից և ԱՄՆ-ից, ուստի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է այժմ իր գործողություններով ապահովագրել Ռուսաստանն այդ ամենից և իր երկրի համար նոր դաշնակիցներ է փնտրում:

«Եթե անգամ Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը համեմատաբար կայունանա, այնուամենայնիվ, Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները կրկին առաջվանը չեն դառնա: Սակայն ամեն ինչ կարող է ավելի սուր բնույթ ստանալ, եթե վերջերս հայտարարված հրադադարն իր օգուտը չտա և Ուկրաինայի Դոնբաս շրջանում ռազմական գործողությունները շարունակվեն:

Այդ ամենի պատճառն այն է, որ Եվրոպայում, որը որոշ ժամանակ առաջ համարվում էր բավական կայուն տարածաշրջան, «համաշխարհային խառնաշփոթ» է սկսվել: Իսկ այդ խառնաշփոթի մեկնարկը հենց եղավ Ուկրաինայի հակամարտությունը:

Տպավորությունը, թե Արևմուտքի կողմից կիրառված պատժամիջոցներն ու նավթի գների արհեստական տեղաշարժերը կարող են ստիպել Կրեմլին փոխել իր քաղաքականությունը և փորձել բարելավել հարաբերություններն արևմտյան իր գործընկերների հետ, սխալ է: Պուտինը շարունակում է վարել իր նախկին քաղաքականությունը և հզոր քարոզչամեքենայի միջոցով Ռուսաստանում այնպիսի տպավորություն ստեղծել, թե հարևան երկրում ռազմական գործողությունների ծավալման միակ պատճառը Կիևի իշխանություններն են:

Հարկ է նշել, որ ուկրաինական խնդրի պատճառով Ռուսաստանի և Եվրոմիության միջև գոյացել է բավական մեծ անդունդ, և այն գնալով խորանում է: Ռուսաստանի կառավարությունը չի ակնկալում, որ առաջիկայում իր երկրի դեմ կիրառված պատժամիջոցները կվերանայվեն, և եթե նույնիսկ վերանայվեն էլ, բիզնեսի ոլոտում երկկողմ հարաբերություններն այլևս առաջվանը չեն լինի: Ուստի Ռուսաստանն այժմ փորձում է հնարավորին բարելավել հարաբերությունները Չինաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի, Հյուսիսային Կորեայի, Ճապոնիայի, Իրանի և Եգիպտոսի հետ՝ շեշտը դնելով հատկապես Չինաստանի վրա»,- նշում է պարբերականը:

Աղբյուրը նշում է նաև, որ այսպիսով Ռուսաստանի և Չինաստանի նման տերությունները փորձում են փոփոխություններ մտցնել ձևավորված աշխարհակարգում, որտեղ առաջատարը Միացյալ Նահանգներն է: Այդ ամենի արդյունքում խառնաշփոթ իրավիճակում է հայտնվում Եվրոպան, որ դեռևս չի կարողանում «հստակ գիտակցել», թե ինչպես պետք է վարվել Ռուսաստանի պես դաշնակցին կորցնելու և Ուկրաինայի պես դաշնակից ձեռք բերելու պարագայում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր