ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Տեր-Պետրոսյանի «կոդավորված» ուղերձի արձագանքները
13:31, 02.03.2015 | mamul.am
4969 | 5

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի «կոդավորված» ուղերձը (ենթադրվում է` ուղղված պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Ալեքսանդր Արզումանյանին, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին կամ Րաֆֆի Հովհաննիսյանին և այլ ուժերի-խմբ.), լայն արձագանք է գտել քաղաքական շրջանակներում:
Հիշեցնենք` ՀՀ առաջին նախագահը երեկվա հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե Կոնգրեսը, զանգվածային միջոցառումները շուրջ երկու ամսով հետաձգելուց բացի, սիրահոժար կերպով մարտի 2-ից մինչև մարտի 16-ն արտոնված իր բոլոր տասնհինգ հանրահավաքները տրամադրում է այն ուժերին, որոնք, ըստ Տեր-Պետրոսյանի, հայտարարում են, թե ՀԱԿ-ը սեփանակաշնորհել է ընդդիմադիր դաշտն ու խանգարում է մյուսներին: ՀՀ առաջին նախագահն այնուհետ ներկայացրեց, իր խոսքով ասած, նոր, միասնական ընդդիմության կոդավորած ստրատեգիական պլանը. «Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին և Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, և շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը»:
ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, արձագանքելով վերոնշյալ «կոդավորված» ուղերձին ասաց. «ՀՀ առաջին ապօրինի նախագահին անդրադառնալու շատ բան չկա: Նա դպրոցականի նման 3 ամիս արձակուրդում է լինում, այդ ընթացքում գրում է ինչ-որ նյութ, որը ցույց է տալիս, որ քաղաքականապես գրագիտանալու ճանապարհ ունի անցնելու: Ընդդիմություն կարող է լինել այն ուժը, որը գաղափարապես ստրատեգիական հարցերի ընկալումով տարբերվում է իշխանությունից, ոչ թե Լևոն-Տեր-Պետրոսյանի նման»:
«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե չի կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այնպիսի լուրջ բան է ասել, որի համար արժե հավաքվել, ռեսուրս ծախսել ու արձագանք պատրաստել: «Ըմբռնումով ենք մոտենում նրա հայտարարությանն ու իմաստ չենք գտնում դրան լուրջ վերաբերվելու»:
«Ցավում եմ, որ իր վաղեմի բարեկամներին էր վերաբերում այդ կոդավորված խոսքը, որոնց հետ նա լուրջ ճանապարհ է անցել: Ցավում եմ, որ իր հետ գաղափարական ճանապարհ անցած ուժերի հասցեին նա նման ձև արտահայտվեց»,- կարծիք է հայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Քաղաքագետներ Ստեփան Սաֆարյանն ու Սուրեն Սուրենյանցը ևս արձագանքել են ՀԱԿ առաջնորդի երեկվա ելույթին: «Խորհուրդ կտայի առաջին նախագահին՝ հատկապես զգույշ արտասանել Դավալու բառը, որովհետև այն ասոցացվում է Վազգեն Սարգսյանի անվան հետ, ով, ի տարբերություն ոմանց, երբեք իր բանակին մենակ չի թողել հակառակորդի դեմ»,- նշել է Սուրենյանցը` հավելելով, որ շատ կուզենար` Տեր-Պետրոսյանը վերադառնար առաջին նախագահի բարձունքին, եթե այն մնացել է:
«Փաստորեն, նրանք բոլորը Ծառուկյանի չափ էլ չկային, որ զորակցության դիմաց ամեն մեկին մի հոդվածով պատասխաներ. Տեր-Պետրոսյանը նախընտրել է նրանց բոլորին փաթեթով ու խմբակային պատասխանել»,- նկատել է Ստեփան Սաֆարյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր