ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Ապրում էի 3-րդ մասում և ամաչելով էի գնում երաժշտական դպրոց». այսօր Արա Գևորգյանի ծննդյան օրն է
13:40, 19.04.2015 | mamul.am
5758 | 2

Այսօր երաժիշտ, երգահան Արա Գևորգյանի ծննդյան օրն է: Արա Գևորգյանը ծնվել է 1960-ի ապրիլի 19-ին, Երևանում` երաժիշտի ընտանիքում: «Ինձ տարան Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց, ես ընդունվեցի, բայց չէի ուզում գնալ, և դա ուներ շատ օրիգինալ պատճառ. քանի որ մեծացել էի Կոնդում և ապրում էի «3-րդ մաս»-ում, երաժշտական թղթապանակը ձեռքս դժվարանում էի այդ փողոցներով գնալ: Գնում էի երաժշտական դպրոց՝ ամաչելով. «երրորդմասցու» համար դաշնամուրի գնալը աղջկա գործ էր»,- հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել է Արա Գևորգյանն, ով այսօր բազմաթիվ երգերի հեղինակ է:

Թողարկել է «Օվկիանոսից այն կողմ», «Նոստալջի», «Անի», «Խոր Վիրապ» ձայներիզները, որոնք արժանացել են բազում մրցանակների: 2002-ին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2004-ին` ՀՀ վաստակավոր արտիստի կոչման և բազմաթիվ այլ մրցանակների:

Օրեր առաջ ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում Արա Գևորգյանը նշել էր, որ մոտ օրերս պատրաստվում է նամակ գրել Ադրբեջանի նախագահին, Մշակույթի նախարարին, Կոմպոզիտորների միության նախագահին, ինչպես նաև` «КВН»-ին: Նշենք, որ արդեն 7 տարի կոմպոզիտոր Արա Գևորգյանը միայնակ պայքարում է իր ստեղծած երաժշտությունը` հայտնի «Արցախ» ստեղծագործությունը, ադրբեջանական ֆիլմերում և պաշտոնական միջոցառումներում առանց հեղինակի անունը նշելու օգտագործման դեմ:

«Նամակով ուզում եմ ևʹ տեղեկացնել, ևʹ ապացուցել, որ դա իմ հորինած երաժշտությունն է: Ես ուղարկում եմ նամակ-փաթեթ, որի մեջ ներգրավված են լինելու 2002-ի և 2006-ի օլիմպիական խաղերը, որտեղ բարձրաձայն` ամբողջ երկրագնդով մեկ հայտարարվեց. հեղինակ` հայ կոմպոզիտոր Արա Գևորգյան: Ինչո՞ւ ոչ ոք ինձ դատի չտվեց, կամ չբողոքարկեց, որ դա իր երգն է…»,- նշեց երգահանը:

ՄԱՄՈՒԼ.am լրատվականը շնորհավորում է հոբելյանին, խոստանալով` այս խնդիրը մշտապես պահել ուշադրության կենտրոնում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր