Կրեմլի պաշտոնական կայքը ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը` ուղղված բոլոր հայերին. «2015-ի ապրիլի 24-ը ողբերգական ամսաթիվ է` կապված Հայոց ցեղասպանության հետ: 100 տարի անց մենք գլուխ ենք խոնարհում ողբերգության բոլոր զոհերի հիշատակին, ողբերգություն, որը մեր երկրում միշտ ընկալել են որպես սեփական ցավ ու վիշտ: Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է օբյեկտիվ ու հետևողական. ազգային հողի վրա զանգվածային ոչնչացումներին չի կարող արդարացում լինել։ Միջազգային հանրությունը կոչված է անելու ամեն ինչ, որպեսզի նման չարագործությունները երբեք չկրկնվեն։ Հայերի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս ժողովուրդների սերունդները պետք է ապրեն խաղաղության ու համաձայնության մեջ` չիմանալով սարսափների մասին, որոնց հանգեցնում են կրոնական թշնամությունը, ագրեսիվ ազգայնամոլությունն ու այլատյացությունը։ Եղբայրական Հայաստանին, ՌԴ-ում ապրող հայերին մաղթում եմ բարիք, խաղաղություն և բարօրություն: Հավերժ հիշատակ` զոհերին»,- ասված է ուղերձում: |