ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+20 °C
«Տարեկան 1,5 մլրդ. դրամ է նվիրվում «ՁորաՀԷԿ»-ի սեփականատերերին». ՀԲՃ
15:30, 29.07.2015 | mamul.am
3697 | 0
Հայկական բնապահպանական ճակատը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Ձորագետի հիդրոէլեկտրակայանը շահագործման է հանձնվել 1932 թվականին և համարվում է մեր երկրի էներգետիկ համակարգի թանկարժեք «զարդերից» մեկը: 26,4 ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող այս կայանը տարեկան միջին հաշվով արտադրում է մոտ 78 մլն. կՎտժ չափազանց ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա:

Սակայն Հայաստանի կառավարման համակարգը չէր կարող երկար ժամանակ անտարբեր մնալ այսպիսի համեղ պատառի նկատմամբ, և այս պետական սեփականություն հանդիսացող ՀԷԿ-ի կառավարման իրավունքն անհասկանալի պատճառներով սկզբում տրվում են Պաշտպանության նախարարությանը (այդ ժամանակ նախարար էր Սերժ Սարգսյանը), իսկ 2011 թվականին էլ այն արդեն վաճառվում է մասնավոր «ՁՈՐԱԳԵՏ ՀԻԴՐՈ» ՍՊԸ-ին:

Այնուհետև ՀՀ կառավարությունը հատուկ փոփոխություն է անում օրենսդրության մեջ, որի արդյունքում փոքր ՀԷԿ-երի հզորության վերին շեմ է հաստատվում 30 ՄՎտ-ը՝ նախկին 10-ի փոխարեն, ինչի արդյունքում էլ «ՁորաՀԷԿ»-ը մեխանիկորեն վերածվում է փոքր ՀԷԿ-ի, և այստեղից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է յոթ անգամ՝ դառնալով 25.4 դրամ մեկ կիլովատժամի համար՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը՝ 2010 թվականի 3,42 դրամ/կՎտժ-ի փոխարեն«- ասվում է հաղորդագրությունում:

«Հիմա ներկայացնենք մի պարզ թվաբանական հաշվարկ: Ստացվում է, որ կառավարության այս «հանճարեղ» որոշումը բերեց սակագնի 22 դրամ բարձրացման, ինչի արդյունքում էլ «ՁՈՐԱԳԵՏ ՀԻԴՐՈ» ՍՊԸ-ն առաքվող էլեկտրաէներգիայի դիմաց ներկայումս ՀԷՑ-ից լրացուցիչ ստանում է տարեկան միջին հաշվով մոտ 1,5 մրդ. դրամ կամ 3,1 մլն. ԱՄՆ դոլար ավել գումար։

Արդեն հարց է առաջանում, թե ովքե՞ր են իրականում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման պատճառ հանդիսանում, և արդյո՞ք դա միայն ՀԷՑ-ի ղեկավարության վատ կառավարման արդյունքն է: Ակնհայտ է, որ այս ամենն արվում է մեր բոլորի՝ այսինքն սպառողների գրպանի հաշվին, մի քանի ընտանիքների հարստությունը բազմապատկելու նպատակով:

Իսկ թե ովքեր են «ՁՈՐԱԳԵՏ ՀԻԴՐՈ» ընկերության օֆշորային և տեղական սեփականատերերը, որոնք այսպիսի անգնահատելի նվերներ են ստացել ՀՀ կառավարության կողմից՝ կարելի է միայն ենթադրել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր