ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
էրեխեքը սոված են, ասում են` դե ոչինչ, անվճար է, տալիս են, թող ուտեն. Ռուբեն Հայթյանը` «Դպրոցական սնունդ մարզերում» ծրագրի մասին
15:08, 04.09.2015 | mamul.am
4672 | 1

ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ, մարկետինգի, մոնիտորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանից հետաքրքվեց վերջին շրջանում մեծ աղմուկ հանած «Դպրոցական սնունդ մարզերում» ծրագրից, ըստ որի, Հայաստանի շուրջ 6 մարզերում՝ Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում, Շիրակում, Արագածոտնում և Արմավիրում տարրական դասարանների 50 000 աշակերտների տրվում է սննդարար տաք ապուր, շիլա ու հաց: Ծրագիրը մտահոգության տեղիք էր տվել հասարակական կազմակերպությունների մի շարք շրջանում: Վերջիններն ահազանգում էին, որ այդ ալյուրով պատրաստված կերակուրներում մեծ չափաբաժին են կազմում պրեմիքսները, սինթետիկ դեղանյութերը և ֆոլաթթուն: ՄԱՄՈՒԼ.am լրատվականը բազմիցս անդրադարձել է այդ խնդրին:
Ռ. Հայթյանը մեր թղթակցին տեղեկացրեց, որ արդեն իրենց և այլ ՀԿ-ների կողմից խնդրի առնչությամբ հայց է ներկայացվել դատախազություն: «Այսօր համապատասխան կազմակերպությունները զբաղվում են այդ հարցով, գործը դատախազությունում է, թե ինչ կլինի, չեմ կարող ասել: Օրենքով ոչ ոք իրավունք չունի առանց երեխաների ծնողներին և հանրությանը տեղյակ պահելու, նման սնունդ տալ»,- ասաց նա:
Մեր թղթակցի դիտարկմանը, թե ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն իր վերջին մամլո ասուլիսում վստահեցրեց, թե ծնողները տեղյակ են և աջակցում են այդ ծրագրին, Ռ. Հայթյանը զարմացավ. «Տիկին Հովհաննիսյանը չի՞ ասել` ծնողների աջակցությունն ինչո՞վ է կայացել: Գնացել ալյո՞ւրն են բերել տվել: Ի՞նչ աջակցության մասին է խոսքը… Ինչ վերաբերվում է տեղյակ լինելուն, այո, հիմա արդեն տեղյակ են, բայց համաձայն ե՞ն ծրագրին, թե ոչ, դա այլ հարց է… Մենք բոլորի հետ խոսել ենք. եղել ենք Գյումրիում, Մարտունիում, Գեղարքունիքի տարբեր համայնքներում:
Բոլոր դպրոցների տնօրեններն ասում էին, որ իրենք էլ տեղյակ չեն, թե դա ինչ է իրենից ներկայացնում: Օրինակ, Մարտունիում ծնողները ըմբոստացան` էդ ոնց է մեր երեխային նման բան են տվել, մեզ չեն ասել… Համարյա ողջ տարին մենք եղել ենք մարզերում` թե´ արագ սննդի հետ կապված, թե´ ալյուրի հարստացման: Պայմանավորվել ենք, որ մեծ կոնֆերանս կլինի` կապված ալյուրի հարստացման հետ: Այսպիսի մի բան էլ կա` էրեխեքը սոված են, ասում են` դե ոչինչ, անվճար է, տալիս են, թող ուտեն»,- մեկնաբանեց Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր