ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +21 °C Վաղը`+20 °C
«Խաղողագործներին օգնելու համար հնարավոր չէ՞ր դիմեիք ԿԲ-ին, որպեսզի ժամանակավոր ֆոնդ ստեղծվեր». Միքայել Մելքումյանը` փոխնախարարին
16:01, 09.10.2015 | mamul.am
3309 | 0

Այս օրերին խաղողագործները չեն կարողանում ամբողջությամբ իրացնել իրենց մթերքը, մյուս կողմից էլ` մթերող կազմակերպությունները, կոնյակի և գինու գործարաններն, այլևս հնարավորություն չունեն ընդունելու բերքը` պատճառաբանելով, որ պահոցներում տեղ չկա: Խնդրի առնչությամբ այսօր քննարկում է տեղի ունեցել, որին մասնկացել են ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, Հայաստանի Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, ԱԺ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը և Հայաստանի «Խաղողագործների միություն» ՀԿ նախագահ Արտակ Սարգսյանը:

Քննարկման սկզբում փոխնախարար Գ. Պետրոսյանը նշեց, որ տարեսկզբին արդեն կանխատեսելի էր, որ բերքի առատություն է լինելու և արդեն պարզ էր, որ խնդիրներ ենք ունենալու: Այդուհանդերձ, խաղողագործներին հորդորեց հանգստություն պահպանել, ավելորդ շտապողականություն չցուցաբերել, քանի որ «դեռ ժամանակ ունենք». «Մթերող կազմակերպությունների հետ հստակ պայմանավորվածություն են ձեռք բերվել և գյուղնախարարությունը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ արվելու է ամեն ինչ` ամբողջ բերքը մթերելու համար»:

«Խաղողագործների միություն» ՀԿ նախագահ Ա. Սարգսյանը` հարց ուղղելով փոխնախարարին, նկատեց, որ միայն խոստումներ տալով հարց չի լուծվում. «Եթե 9 ամիս առաջ իմացել եք, որ այսպիսի վիճակ է լինելու, բա ինչո՞ւ միջոցներ չեք ձեռնակել, ինչո՞ւ ծրագրեր չեք մշակվել այդ ուղղությամբ: Եթե, իսկապես, գյուղնախարարությունը նման կանխատեսումներ է ունեցել տարեսկզբից, ի՞նչ էր մտածում… Գյուղացու հույսն իր բերքն է, նա ունի ուսման վարձի, գազի, հոսանքի խնդիր: Բա այդքան ամիսներ ի՞նչ էր մտածում, ինչպե՞ս էր փորձում գյուղացու հոգսը թեթևացնել, օգնել նրան»,- ասաց նա:

Գ. Պետրոսյանը, որը յուրաքանչյուր հնչեցված հարցից հետո փորձում էր շրջանցել այն և այլ խնդիրների վրա ուշադրություն հրավիրել, անընդհատ դիտողություն էր անում Ա. Սարգսյանին, թե հարցը « ճիշտ ձևակերպված չէ» կամ նրանում չկան առաջարկներ:

Հաջորդ հարցին, թե տեղեկատվություն կա, որ այս օրերին խաղողը մթերվում է անգամ 30 դրամով, Գ. Պետրոսյանն ասաց, որ նախարարությունը գնի հետ կապ չունի: «30 կամ 50 դրամի մասին մեզ հայտնի չէ: Եթե որակը լավը չէ, հնարավոր է` 90 դրամով է մթերվել, դրանից ցածր գին չենք իմացել: Առաջարկվել է մթերումը կատարել 150 դրամով»:

ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը` անդրադառնալով ստեղծված աժիոտաժին, նշեց, որ այստեղ առկա է երկու խնդիր` տեխնիկական և ռազմավարական: Ապա հռետորական հարց հնչեցրեց. «Երբ որ մենք մտնում էին ԵՏՄ, ասում էիք` Հայաստանի արտադրանքի ծավալներն այնքան քիչ են, որ ռուսական մեծ շուկայի ծավալներին չենք կարող սպասարկել, բա հիմա Աստված էդ բերքը տվել է, դարձյա՞լ չենք կարողանում իրացնել… Բերքն ավել է ստացվել, զարմացել ենք: Լավ, հիմա ի՞նչ անի էդ խեղճ գյուղացին: Թե´ մթերողը, թե´ գյուղացին, լուրջ սթրեսի մեջ են… Էն ծրագրերին, հայեցակարգերին, որ կառավարությունը նշել էր, եթե հետևողական լիներ և իրականացներ, այս վիճակը չէինք ունենա»,- ասաց Մելքումյանը:

Փոխնախարարին ուղղված հարցին, թե գյուղնախարարությունում մարդ չկա՞ր, որ գյուղացուն ասեր այդքան ցանքատարածություններ չմշակի, թե՞ նա ինքնագլուխ է արել այդ ամենը, Մելքումյանն ինքը պատասխանեց. «Ճգնաժամային կառավարում ունենք: Բա լավ, հնարավոր չէ՞ր մարզպետարանների հետ միասին, նախօրոք բացատրական աշխատանքներ տանեիք: Բերքի հավաքման վարչարարությունն այնպես արվեր, որ կարողանայինք այսօր մի 20-25 տոննա ավել մթերել: Մի բան էլ` հնարավոր չէ՞ր Կենտրոնական բանկին դիմեիք, ասեիք` մի հատ ֆոնդ ենք ստեղծում ժամանակավոր, որ բերեինք, դնեիք որպես գրավի առարկա, ֆինանսավորեինք այդ մասը, այդ մարդիկ այսօր խնդիր չունենային, իրացումը հետո կանեինք»:

Հայաստանի Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն էլ նշեց, որ Խորհրդային տարիներին նման աժիոտաժ չէինք ունենում. «Ինչո՞ւ, որովհետև կար իրավական նորմավորում, խաղողի մատակարարման գրաֆիկ, ոչ մի գործարան իրավունք չուներ նշանակված օրից շուտ խաղող ընդունել»,- ասաց նա` ներկայացնելով խնդրի լուծման իր տարբերակը: «Լուծումն այն է, ինչ անում էին գինեգործական երկրները` ուղիղ 100 տարի առաջ: Պետությունը ստեղծում էր կոոպերատիվներ` յուրաքանչյուր մարզում մեկ պետական գործարան: 100% բաժնեմասերը պետությանն էին: Առաջին տարին ինքը գնում էր գյուղացու բերքը, և այդպիսով ցույց տալիս, որ կա պետական երաշխավորություն այս ամենում և կամաց-կամաց նրանց նվիրում կտրոններ»:

Ամփոփելով քննարկումը՝ «Խաղողագործների միություն» ՀԿ նախագահը Գյուղնախարարի տեղակալին խնդրեց հստակեցնել, թե մինչև այս ամսվա ո՞ր օրը գյուղացիների վերջին ճութ խաղողը կմթերվի, հնարավո՞ր է դա արվի մինչև հոյտեմբերի 25-ը: Պետրոսյանն էլ վստահեցրեց, որ իրենց մասնագետներն այս պահի դրությամբ աշխատում են բոլոր մարզերում, որոնք տիրապետում են ամենաթարմ տվյալներին և կասեն, թե երեկվա դրությամբ ո՞ր կազմակերպությունների հետ են պայմանագիր կնքվել: «Կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, և գյուղացիները թող ժամանակից շուտ չանհանգստանան»,- խոստացավ նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր