ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
44-ամյա ծննդկանի մահվան նախնական պատճառները
15:30, 23.07.2016 | mamul.am
7304 | 0

Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնը պարզաբանում է հրապարակել 44-ամյա ծննդկանի մահվան վերաբերյալ:

Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «Հուլիսի 21-ին «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձական բաժանմունք է ընդունվել 45-ամյա Ն․Մ․Ա․- ը՝ «Հղիություն 38 - 39 շաբաթ, ռեզուս բացասական արյուն, բարդացած գինեկոլոգիական անամնեզ, առաջնային չբերություն 3 տարի, հղիություն արտամարմնային բեղմնավորումից հետո, զույգ պտուղ, առաջնածին 44 տարեկան» ախտորոշմամբ, բարձր ռիսկայնությամբ։

Պլանային կարգով կինը նույն օրը ծննդալուծվել է կեսարյան հատման ճանապարհով։ Վիրահատությունն անցել է հարթ։ Ուշ հետծննդյան շրջանում սկսվել է ատոնիկ արյունահոսություն, նկատվել է մակարդելիության անկում, որը կոնսերվատիվ միջոցներով չի հաջողվել շտկել։ Առաջատար մասնագետների հետ խորհրդակցելուց հետո արյունահոսության դադարեցման և կնոջ կյանքը փրկելու նպատակով հեռացվել է արգանդը։ Հետվիրահատական շրջանում իրականացվել են նախատեսված բոլոր միջոցառումները, արյունահոսությունը դադարել է, վիճակը կայունացել, սակայն հաջորդ առավոտյան ժամը իննի շրջանում կնոջ վիճակը սկսել է վատանալ, ի հայտ են եկել ներանոթային տարածուն մակարդման (թրոմբոհեմոռագիկ) համախտանիշի նշաններ։ Իրականացվել են կրկնակի խորհրդակցություններ առաջատար մասնագետների՝ հեմատոլոգի, նեֆրոլոգի, մանկաբարձ-գինեկոլոգի, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի հետ, ինտենսիվ թերապիան շարունակվել է։ Զուգահեռ որոշվել է հիվանդին տեղափոխել «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ երկու բժշկական կազմակերպության տնօրենների փոխհամաձայնությամբ։

Կինը հուլիսի 22-ին տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ շարունակվել է բուժումը՝ առաջատար մասնագետների մասնակցությամբ։

Նախնական տվյալներով կինը մահացել է ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում ներանոթային տարածուն մակարդման (թրոմբոհեմոռագիկ) համախտանիշի պատճառով (արյան մակարդելիության ծանր խանգարում)։

«Շենգավիթ» ԲԿ-ի ողջ անձնակազմը ցավակցում է հարազատներին ու մերձավորներին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր