«Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ֆելիքս Հայրապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ վերջերս բացված հիմնադրամի հաշվեհամարին փոխանցվել է 700 դոլար և 30 հազար դրամ: «Հավաքված գումարով ցուցաբերելու ենք իրավական, սոցիալական աջակցություններ, ինչպես նաև գումարը կօգտագործենք բժշկական աջակցութուն ցուցաբերելու համար»,- նշել է հիմնադրամի մեկ այլ անդամ, երգահան Եղիշե Պետրոսյանը: Նրա խոսքով` չպետք է աչքաթող արվի որևէ հալածյալ կամ տուժած: Կյուրեղյան եղբայրների հայրն էլ՝ Արմենակ Կյուրեղյանը, տեղեկացրել է, որ որպես ֆոնդի նախագահ` շատ ուշադիր հսկողություն է սահմանելու ցանկացած ծախսի և մուտքի վրա. «Ստեղծվելու է կայք, որտեղ ցանկացած մուտք օն-լայն երևալու է, նաև ցանկացած ծախս, բոլոր գործողությունները ուղղված են նրան, որ մեր ֆոնդի նկատմամբ վստահությունը լինի լիարժեք: Գումար փոխանցում են նրանք, ովքեր հնարավորություն ունեն, բայց շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը մասնակցի: Ես առաջարկում եմ, որ յուրաքանչյուրը որպես բարոյական աջակցություն ամեն ամիս 100 դրամ փոխանցի հաշվին»: |