ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Աշխարհի տարբեր ծայրերում հայերը նշում են Անկախության 25-ամյակը
18:35, 21.09.2016 | mamul.am
3379 | 2
Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերը նշել են տոնը և շնորհավորական ուղերձներ հղել: Բուլղարիայի Սոֆիա քաղաքի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում, սեպտեմբերի 20-ին, թեմակալ առաջնորդ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ, տեղի է ունեցել երեկոյան աղոթք և Հանրապետական մաղթանք` ի զորացումն և ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության 25-ամյա տարեդարձի:
Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանում հայկական համայնքը: «Ահա արդեն 25 տարի է, ինչ ամեն օր, հատկապես սեպտեմբերի 21-ին, մեր ժողովուրդն ազգային հպարտություն զգալու հիմնավոր պատճառ ունի: Հպարտություն զգալ, որ մենք ունենք անկախ պետություն: Համատեղ ջանքերի և հավաքական աշխատանքի ուժով մենք պարտավոր ենք ստեղծել բարենպաստ պայմաններ` մեր երազանքները կյանքի կոչելու համար, մեր նախնիների և մեր երեխաների երազանքի` հայրենիքի միավորման երազանքի համար: Մեր նախնիների շատ սերունդներ են երազել երկրի Անկախության մասին: Երազում էին այն ժամանակ, երբ փաստացիորեն հույս չկար: Երազում էին այն պահերին, երբ տուն էին մտնում թուրքերը` թալանում էին, սպանում, ոտնակոխ անում, սովամահության մատնում: Երկրի Անկախության մասին երազանքն ապրել է, արմատներ գցել… Եվ ահա այսօր, մեր Երկրի Անկախության վերականգնումից 25 տարի հետո, ժամանակն է մի պահ մտածել` շատ հաճախ չե՞նք արդյոք մենք կենցաղային հարցերն առաջնային դարձնում և հեռանում գերագույն երազանքից… Շնորհավո´ր Անկախության տոնդ, Հայաստա´ն: Եվ տա Աստված, որ գա այն օրը, երբ մենք միմյանց կշնորհավորենք Հայոց Աշխարհի` Հայքի Միավորման Օրվա կապակցությամբ»:
Եվրոպայի հայերի համագումարի կարծիքով, Հայաստանի Հանրապետության պայմաններում ամենանպաստավոր միջոցներն առաջին հերթին օրինական եղանակներով նպատակներին հասնելու և պայքարի եղանակներն են: Այդ միջոցները դեռևս լիակատար և ճիշտ չեն օգտագործվել, ժողովրդի մոտ իշխանությունների կամայականություններին դիմակայելու և համակարգային փոփոխությունների հասնելու կուտակված էներգիան և պայքարի կամքը մսխվել, անէացել է քաղաքական ուժերի անճարակ և սխալ քայլերի հետևանքով, ժողովրդի համընդհանուր հասարակական գիտակցության մակարդակի զարգացման համար գրեթե ոչ մի լուրջ աշխատանք չի կատարվել:
Շնորհավորական ուղերձում մասնավորապես նշվում է. «Եթե խոսում ենք նոր փուլից և քաղաքական նոր մթնոլորտից ու նոր համակարգ ստեղծելու պահանջից, ապա հաջորդ տարվա մոտալուտ խորհրդարանական ընտրությունները քաղաքական և հասարակական կառույցներին տալիս են օրինական այդ հնարավորությունը, նախկինից դասեր քաղելով` ժողովրդին պատրաստել ջախջախելու իշխանությունների ընտրակեղծիքների ողջ մեքենան և հասնել իր նպատակներին: Իհարկե Սփյուռքը չի կարող լուռ հանդիսատես լինել այս բոլորին: Նրա ճնշող մեծամասնությունը չունենալով անձնական կամ խմբակային նեղ շահեր՝ ընձեռած տեղական և միջազգային օրենքների սահմաններում կարող է ընտրակեղծիքների դեմ պայքարում լուրջ ներդրում ունենալ և այսպիսով օժանդակած լինել երկրի ժողովրդավարությանը և զարգացմանը: Կոչ ենք անում առաջին հերթին մեր սփյուռքի մտավորականներին, մշակույթի և արվեստի գործիչներին, ազգային հասարակական ուժերին, գիտական և կրթական ասպարեզի մշակներին` մտածել այս մասին և առաջարկներ ներկայացնել, թե ինչպես կարելի է առարկայական և ազդու ներգործություն ունենալ հայրենիքի զարգացման և ժողովրդավարացման ընդհանուր գործին: Անկախության 25-ամյակին պահանջում ենք ազատություն բոլոր քաղբանտարկյալներին: Շնորհավորելով անկախության 25 ամյակի այս բարեբաստիկ առիթը, մաղթում ենք Մայր հայրենիքի, Արցախի և Ջավախքի համար, անկաշկանդ և հարատև զարգացում և խաղաղություն, սփյուռքին` հայրենիքով ապրելու և ներշնչվելու անվերջ աղբյուր: Ամենից մեծ և անուրանալի ձեռքբերումն անկախության սկզբնական տարիներում հերոսական պայքարի միջոցով Արցախի ազատագրումն է եղել և Հայոց բանակի ստեղծումը»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր