ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+19 °C
Մեկնարկում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի 25-րդ թատերաշրջանը
20:45, 24.09.2016 | mamul.am
4063 | 0

Մեկնարկում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի 25-րդ հոբելյանական թատերաշրջանը: «Այս տարի մեր թատրոնի հիմնադրման 25-րդ ամյակն է: Սկսում ենք առաջին ներկայացումը պրեմիերայով. հայ հանդիսատեսի դատին կհանձնենք Սաշա Գիթրիի «Արի երազենք…» կատակերգությունը՝ Ժիրայր Բաբազյանի բեմադրությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց թատրոնի ղեկավար Վարդան Մկրտչյանը:

Նրա փոխանցմամբ` խաղաշրջանի 2-րդ պրեմիերան կլինի Վիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամերը»՝ Արմեն Էլբակյանի բեմադրությամբ։ «Կարծում եմ, Արմեն Էլբակյանը մեր իրականության մեջ Սարոյանի լավագույն մեկնաբանն է: Ինձ համար սկզբունքային հարց է Համազգային թատրոնը ստեղծագործական առումով բաց պահել: Մենք պետք է բաց լինենք և հնարավորություն տանք նոր մտածողներին, նոր էսթետիկաների հետ առընչվենք: Այս առումով փորձելու ենք նաև դրսից ռեժիսորներ ներգրավել»: Վարդանի խոսքով` պատրաստվում է նաև «Կռվի գենեզիս» ներկայացումը, որը նվիրված է լինելու արցախյան հերոսամարտին.

«Այն դոկումենտալ թատրոնի ժանրին է պատկանում, որը կբեմականացնի Նարինե Գրիգորյանը: Իսկ մեր 4-րդ պրեմիերան, որ նախատեսում ենք, «Ադամի կողոսկր» կատակերգությունն է, որը կբեմադրի Սերժ Մելիք Հովսեփյանը: 25-րդ թատերաշրջանում բազմաթիվ անակնկալներ կլինեն հանդիսատեսի համար, որոնց մասին դեռևս չեմ ուզում բարձրաձայնել»:

Թեև շատերը սպասում էին, որ Համազգային թատրոնի 25-ամյակը կնշանավորվի թատրոնի նոր շենքի կառուցմամբ, բայց թատրոնը դեռ շարունակում է մնալ հյուրի կարգավիճակում:

«Ես լսել եմ խոստումներ, որ շատ շուտով, Կառավարության որոշմամբ, այդ հարցը պետք է լուծվի: Այս հարցն այլևս հետաձգելու տեղ չկա»: Վարդանն այս առիթով հիշեց ֆրանսիացի դիվանագետ Թալեյրանի խոսքերը. «Խոսքը ոչինչ է, եթե չի փոխանցվել թղթին: Կարծում եմ, մեզ ուղղված խոսքը կհանձնվի թղթին»,- հույս հայտնեց թատրոնի ղեկավարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր