ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հրաժարվել է սատարել ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուներից որևէ մեկին: Այդ մասին հայտարարել է Հայ դատի կառույցը՝ պաշտոնական կայքում հրապարակած հայտարարությամբ: Դրանում, մասնավորապես, նշվել է, որ յուրաքանչյուր չորս տարին մեկ, որպես նախընտրական ռազմավարության մաս, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ուշադիր ուսումնասիրում է նախագահի թեկնածուների անցած ուղին և ընթացիկ ընտրարշավը, որն առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում ամերիկահայ համայնքի մոտ: «Երկար ուսումնասիրությունների արդյունքում Հայ դատի հանձնախումբը եզրակացության է եկել, որ ո՛չ Հիլարի Քլինթոն-Թիմ Քեյն, ո՛չ Դոնալդ Թրամփ- Մայք Փենս թեկնածուները չեն վաստակել կազմակերպության սատարումն»,- ասված է հայտարարությունում: Մարմինը, փոխարենը, կոչ է արել ամերիկահայերին՝ մասնակցել ընտրություններին և աջակցել կազմակերպության սատարած թեկնածուներին դաշնային, նահանգային և տեղական մակարդակներում: |