MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +19 °C Tomorrow:+21 °C
Վախի հետեւանքների, արտահայտման ձեւերի, պաշտպանվելու միջոցների մասին խոսում է հոգեբան Աննա Բադալյանը:
01:35, 02.06.2013
14432 | 0

Վախը մարդու կյանքի անբաժան մասն է, որի պատճառով հաճախ սթրեսածին իրավիճակներ են առաջանում: Կյանքի ընթացքում նրանից խուսափել հնարավոր չէ, բայց փորձել պաշտպանվել` կարելի է: Վախի հետեւանքների, արտահայտման ձեւերի, պաշտպանվելու միջոցների մասին մեզ կհուշի հոգեբան Աննա Բադալյանը:

- Ի՞նչ է վախը` հիվանդություն, թե հոգեվիճակ:
- Նախ եւ առաջ հոգեվիճակ է, որը կարող է հետագայում դառնալ հոգեֆիզիոլոգիական երեւույթ: Կարող է նաեւ առողջական խնդիրներ առաջացնել` կապված աղեստամոքսային համակարգի, նյութափոխանակության հետ: Շաքարային դիաբետը հաճախ վախից է առաջանում:
- Վախը ցանկացած տարիքում նույն ձեւո՞վ է դրսեւորվում:
- Վաղ մանկության տարիքում վախը շատ երեւակայական կարող է լինել, ավելի հասուն տարիքում` առարկայական: Մանկական տարիքում կան բուժման տարբեր մեթոդներ` խոսքի մեթոդը, հեքիաթների, որոնցով կարելի է օգնել հաղթահարել վախը: Կան ենթագիտակցական վախեր, որոնք խորը արմատացած խնդիրներ ունեն: Կան ֆոբիաներ` վախեր փոքր տարածքից, բարձրությունից, ջրից: Մարդիկ նույնիսկ հաջողությունից կարող են վախենալ: Սրանք արդեն ենթագիտակցական վախեր են:
- Վախեցած լինելու դեպքում ճիշտ է դիմել բժշկի՞, թե հոգեբանի՞:
- Ճիշտ կլինի, որ ե՛ւ հոգեբանը, ե՛ւ բժիշկը աշխատեն զուգահեռ: Իսկ եթե վախը խորացած չէ, միայն հոգեբանն էլ կարող է օգնել: Պետք է կարողանալ մտնել մարդու ենթագիտակցության մեջ: Օրինակ` կլաուստրոֆաբիան լուրջ ենթագիտակցական վախ է: Ցանկացած բացասական երեւույթ մարդու ենթագիտակցության մեջ մնում է, և եթե ժամանակին չհաղթահարվի, հետագայում առիթի դեպքում կարող է արթնանալ: Կարեւոր է աշխատել, որ այդ հիշողությունը վերանա:
- Ցանկությունը կարո՞ղ է վախ դառնալ:
- Մեծ ցանկությունն` այո: Եթե մի բան շատ ես ցանկանում, վախենում ես, որ չի կատարվի: Օրինակ, եթե կինը շատ է կենտրոնանում մայրանալու մտքի վրա, այդ պրոցեսը հետզարգացում է ապրում:
- Վախեցած մարդկանց խորհուրդ են տալիս ջուր խմել: Դա ի՞նչ է նշանակում:
- Հոգեբանորեն` ոչինչ, գուցե բժշկական բացատրություն ունի, չգիտեմ: Օրինակ` ես կարծում եմ, որ վախի ընթացքում սրտի հետ կապված լուրջ խնդիրներ կարող են առաջանալ:
- Նման դեպքերում Հայաստանում հոգեբաններին դիմու՞մ են:
- Ցավոք սրտի, մեզ մոտ հաճախ հոգեբանին դիմելու փոխարեն այցելում են հեքիմներին, որոնք բուժելու փոխարեն մարդուն ավելի վատ վիճակի մեջ են դնում: Այսօր ծնողներն են շատ ուշադիր այդ հարցում: Մանկական վախերն ամենատարածվածներից են. երեխան աշխարհը նոր է ճանաչում, իր համար շատ բաներ անսովոր են ու կարող են թեթեւ վախերի առիթ հանդիսանալ: Եթե ծնողը չգիտակցի, որ պետք է որոշակի լուծում տալ, դա կարող է վերածվել մեծ խնդրի: Բարեբախտաբար, այսօր ծնողները գիտակցում են, որ պետք է մասնագետի օգնությանը դիմել:
- Ի՞նչ նախանշաններ ունի վախը:
- Խոսքի խանգարում, գիշերային անհանգիստ քուն, նյարդային վիճակ… Շատ ժամանակ ծնողներն են երեխայի մեջ վախ սերմանում: Օրինակ` չի կարելի ասել` սենյակ մի գնա, մութ է… Ուժեղ վախն էլ լուրջ սթրես է. կարող են մազերը ճերմակել, մարդը կարող է վաղաժամ ծերանալ… Հասուն տարիքի վախն ավելի վտանգավոր է, որովհետեւ գիտակցված է: Իսկ փոքր տարիքում ավելի երեւակայական, ճանաչողական վախեր են… Որքան շուտ վախերը հաղթահարեն, այնքան լավ: Չպետք է թողնել, որ կուտակվեն…
- Ինչպե՞ս է օգնում հոգեբանը:
- Հոգեբանն անհրաժեշտ է, որպեսզի մարդը կարողանա ազատ ու անկաշկանդ արտահայտել իր մտքերը, խնդիրները: Մեզ մոտ մտածելակերպը փոքր-ինչ ուրիշ է: Հայերը կարծում են, թե հոգեբանի կարիք չկա, քանի որ ունեն լավ հարեւան, լավ ընկեր… Սխալ կարծիք կա, թե հոգեբանը պարզապես խորհուրդ է տալիս: Ո՛չ, երբեք լավ հոգեբանը խորհուրդ չի տալիս, թե ինչ անել, պարզապես օգնում է ինքնուրույն վերլուծություններ կատարել: Իսկ բարեկամները և ընկերները խորհուրդ են տալիս` հիմնվելով իրենց կյանքի փորձին, աշխարհընկալմանը, տեսակետին, որը ոչ տեղին է լինում: Ուղղակի այդ պահին մենք մեզ լավ ենք զգում, որ մենակ չենք: Իսկ հոգեբանին այցելելով` թողնում ես քո բոլոր վատ էմոցիաները նրա սենյակում, ու վերջ: Հոգեբանին այցելության ժամանակ մարդն է ինքն իր վրա աշխատում, հոգեբանը պարզապես կոորդինացնում է… Բայց միշտ հիշեք, որ եթե հոգեբանը քո բարեկամը կամ ծնողն է, քեզ հետ ճիշտ աշխատել չի կարող:


The article published in the Spokesperson project.
Share with friends
Նելլի Մարգարյան
to top