![](https://mamul.am/images/pics/mahacac-ev-verakenda-u7464-1.jpg)
Այն, ինչի մասին ուզում եմ պատմել, շատերին անիրական, ֆանտաստիկ կթվա: Ինքս էլ, գուցե, այնքան էլ չհավատայի, եթե լսեի մեկ ուրիշից, քանզի կարծում էի` անհավանական է լինել Արարչի մոտ և այնուհետև վերադառնալ երկիր: 2006թ. նոյեմբերի 9-ը կարծես ոչնչով չէր տարբերվում մյուս օրերից: Սուրբ Գայանե եկեղեցուց, որի վանահայրն եմ` Մամբրե աբեղան, ծառայությունները կատարելուց հետո, ժամը 18: 30-ի սահմաններում մեքենայովս ուղևորվեցի Երևան. մի քանի օր առաջ պայմանավորվածություն ունեի համապատասխան գրքեր վերցնելու` վարդապետական ատենախոսությունս գրելու համար: Մեքենան արագ վարելու սովորություն երբևէ չեմ ունեցել. կարծում եմ այդ օրն էլ չեմ գերազանցել արագությունը: Երևի թե հոգնածությանը գումարվել էր աշնանային մռայլ մթնշաղը, այդ պատճառով կոպերս ծանրանում էին և մերթընդմերթ փակվում (միգուցե սրանք դատարկ պատճառաբանություններ են, և ամեն ինչ որոշված էր ի վերուստ): Այն դժոխային տվայտանքները, որ ապրել էին իմ հարազատները, և հատկապես, ծնողներս, մինչև հիմա դրոշմված են նրանց աչքերում, քանի որ ո'չ Էջմիածնի հիվանդանոցում, և ոչ էլ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում բժիշկներից ոչ ոք հույսի նշույլ անգամ չի ունեցել, թե ես կյանք կվերադառնամ: 22 օր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում անգիտակից վիճակում մնալուց հետո` 23-րդ օրվա կեսին, աչքերս բացեցի և առաջինն ավագ եղբորս տեսա, որ այդ ողջ ընթացքում պահապան հրեշտակի նման եղել էր կողքիս: Այդ սարսափելի դեպքից արդեն ամիսներ են անցել: Օր օրի, կաթիլ-կաթիլ, Աստծո օրհնությամբ, ծնողներիս, բժիշկների օգնությամբ վերականգնում եմ ուժերս: Կարծում եմ` հեռու չէ այն օրը, երբ ի զորու կլինեմ շարունակել իմ առաքելությունը, իսկ այժմ թույլ տվեք անցնել այս պատմության ամենակարևոր հատվածին: Վթարից անմիջապես հետո ես կարծես տեղափոխվեցի մի ուրիշ աշխարհ: Քաղցր նինջը պատեց աչքերս, և ես սկսեցի բարձրանալ: Մարդկային լեզուն ի զորու չէ նկարագրել իմ տեսած գեղեցկությունը: Անծայրածիր կանաչ տարածություններ` ծաղկազարդ ու խնկաբույր: Այդ վայրը թվում էր այնքան սքանչելի, որ կարող էի մի հավիտենություն անհոգ ապրել: Այս դրախտային վայրում մի մեծ ու գեղեցիկ տուն կար: Ներս մտնելով` տեսա մի սպիտակամորուս, փառահեղ ծերունու, որն ինձ ընդառաջ էր գալիս: Անմիջապես հասկացա, որ ինձ մեծ բախտ է վիճակվել սեփական աչքով տեսնել ՆՐԱՆ` տիեզերքն արարողին, մեր բոլորի Հայր Աստծուն: Ողջունելուց հետո ինձ ծանոթացրին տան պայմաններին: Այստեղ ինձ հյուրասիրեցին երկնային ուտելիքներով` սուրբ հացով և փլավով: Ամենազարմանալին այն էր, որ այնտեղ կար ինչ-որ հսկա իր, որը ցույց էր տալիս, թե ինչ է կատարվում երկրում: Այդ հիասքանչ վայրում շատ մարդիկ կային: Մարդկանց հոգիներում տիրում էր խաղաղություն և անհոգություն: Նրանց մեջես ճանաչեցի մեր հարևանուհիներից մեկին (որը, ինչպես հետագայում իմացա, մահացել էր իմ վթարի ենթարկվելուց մի քանի օր անց): Այն, ինչ կատարվում էր այս դրախտային վայրում, պարզապես հրաշք էր: Այստեղ կարծես չկար ժամանակ, համենայնդեպս, ես այն չեմ զգացել: Ինքս ինձ զգում էի հավիտենականության ու երանության գրկում: Ամեն ինչ անեղծ ու անբասիր էր, հետաքրքիր, հիասքանչ: Մեզ տեղեկացնում էին ամեն բանի մասին, մենք տեսնում էինք ամեն ինչ: Ես ասացի, որ չեմ կարող վերադառնալ, քանի որ հետդարձի ճանապարհը չգիտեմ: Նա մի հրեշտակի կարգադրեց ուղեկցել ինձ: Վայրէջքը նույնքան հուզիչ էր, որքան վերելքը: Իջնելիս աչքս ընկավ խոր գետնախորշերի, որտեղից մարդկային սրտակեղեք ձայներ էին լսվում: Քիչ անց հրեշտակն այլևս ինձ հետ չէր: Հետդարձս կատարված էր: Ես երկրի վրա էի` շրջապատված ինձ հարազատ մարդկանցով: Աղբյուրը` facebook.com/sseahm |