MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Չբյուրեղացվող հեղափոխություն - մաս 1
16:40, 14.08.2018
3531 | 0
Սիրելի հայրենակիցներ.
Սոց. ցանցում գրառումներ կատարելու տեսանկյունից լինելով պասիվ, հանգամանքների թելադրանքով (ինչպես մեր վարչապետն է ասում «իրադրություն է փոխվել») որոշեցի կիսվել:
Անչափ ցավում եմ, որ մենք այդպես էլ չենք ուզում հասկանալ, որ հեղափոխությունը դառնում է հեղափոխություն, երբ հեղափոխությունը մեր իսկ մեջ է լինում, մեր գլխում և սրտում: Այնպես, ինչպես ազգովի կերտեցինք այն, այնպես էլ պարտավոր ենք ազգովի հեղափոխել ինքներս մեզ, մեր մտածողությունը՝ ձերբազատվելով այն արատավոր կենսակերպից, որը որդեգրել էինք՝ իբրև թե կրկին «իրադրություններից ելնելով»: Ներկայիս իշխանության՝ իրականությունը փոխելու ձեռնարկումները գրեթե չեն փոխի նախորդ իշխանության կողմից մեզ փոխանցված դառը ժառանգությունը, եթե մենք ներքևից չօգնենք նրանց՝ ինքներս մեզ փոխելով: Միայն այս դեպքում երկրում կհաստատվի արդարություն, օրինականություն, բյուջեյի եկամուտներ և այլն:
Իսկ ինչպե՞ս փոխվենք:
Սկսենք ինքներս մեզ հաշիվ տալուց: Ինչպես էինք ապրում առաջ և ինչպես ենք ուզում ապրել «Նոր Հայաստանում»: Արդյո՞ք մենք փոխել ենք մեր մտածելակերպը և կենսակերպը: Արդյո՞ք մենք իրապես գիտակցում և զղջում ենք մեր անցյալի սխալների համար: Արդյո՞ք իրավունք ունենք անձնական շահը վեր դասելու հանրային շահից: Եկեք ոչ թե չարախնդանք կամ ուրախանանք որևէ պաշտոնյայի հրաժարականով, չարաշահման բացահատումով կամ ձերբակալությամբ, այլ մենք մեր սխալները հասկանանք և ուղղենք: Բոլորով ձերբազատվենք մեր արատներից, որոնք մեզ հասցրել էին այս ծայրահեղ իրավիճակին, արժանի լինենք մեր իսկ կերտած հեղափոխությանը:
Միայն այս դեպքում կկերտենք լավ Հայաստան:
Իմ, ընկերներիս և կարծում եմ բազմաթիվ մտածող մարդկանց մոտ կան և կլինեն անհամաձայնություններ իշխանության գործունեության այս կամ այն հարցի շուրջ, բայց կարծում եմ, որ բոլորիս պետք է միավորի միմիայն համազգային շահը, իշխանությանը սխալներից զերծ պահելու և ճիշտ հուշումներ տալու մղումը և ոչ թե պաշտոն չստանալը, մեր կարծիքը հաշվի չառնելը, չլսված լինելը, առավել ևս իշխանությանը չարախնդալը:
Այս համատեքստում առնվազն զազրելի եմ համարում տարբեր կուսակցությունների որդեգրած քաղաքականությունը, որոնք այդպես էլ չհասկացան, որ քաղաքական դիվիդենտները ձեռք են բերվում պետականաշինության մեջ իրենց ներդրումով և ոչ թե անձնական շահի թելադրանքով և/կամ պահի թելադրանքով իշխանությանը քննադատելով կամ քծնելով:
Եկեք բոլորս սկսենք մեզնից, եթե իսկապես ուզում ենք մեր երկրի բարօրությունը:

Աստված մեզ խելք, իմաստություն և զորություն տա:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Զավեն Հարոյան
to top