Նախ` ասեմ, որ այս ծաղրական, նսեմացնող մականունը ռուսների մեծապետական, ռասիստական մտածողության արգասիքն է:
Կոզակների այս ավանդական սանրվածքին միայն ռուսներն են «хохол» անունը տվել: Բայց ինչպես ռուսերենի հազարավոր բառեր, այնպես էլ «խոխոլ» -ը, իրենցը չէ: Այն գերմանական ցեղերից մեկից` գոթերից է վերցված և նշանակում է «երկնքի որդի»: Իրենք` զապորոժցիները, դրան «օսելեդեց» («ծովատառեխ», «սելյոդկա») են անվանել: Այդ երկար փոմփոլիկը, հիրավի, շատ է նմանվել երկարավուն ձկան մարմնի: Բայց «օսելեդեց» բառն անծանոթ է եղել հարևան ռուսներին, այդ իսկ պատճառով «խոխոլ» են անվանել, ու քանի որ այդպիսի սանրվածքը միայն ուկրաինացիներին է բնորոշ եղել, այդ իսկ պատճառով բոլոր ուկրաինացիներին (ներառյալ կանանց ու երեխաներին) սկսել են «խոխոլ» անվանել: Ուկրաինացիներն այս անվանումը որպես անարգանք են ընկալում: Քանքուլ պահելու սովորույթը կոզակներն ընդօրինակել են այդ տարածքները նվաճած և Կիևյան Ռուս պետությունն ստեղծած վիկինգներից: Պատմիչները վկայում են, որ Կիևյան Ռուսի իշխան Սվյատոսլավն այդպիսի քանքուլ է ունեցել: Ըստ մեկ այլ վարկածի` մոնղոլերենում գոյություն ունեցող «խալ-գոլ» բառակապակցությունն այստեղ սկսել են գործածել մոնղոլ-թաթարական նվաճումից հետո: Այս բառակապակցությունը ռուսերենում թարգմանվել է «կապտադեղին», և ասոցացվում է Գալիցիա-Վոլինյան իշխանության դրոշի գույների հետ: Հետագայում կոզակներն այդ գույներով ներկեցին իրենց մարտական դրոշները: Իսկ հին սլավոնների համար կապույտն ու դեղինը խորհրդանշել են երկու կարևորագույն տարերքները` ջուրն ու կրակը: Զապորոժյան յուրաքանչյուր կոզակի համար քանքուլն առանձնահատուկ հպարտության, ազատ ժողովրդին պատկանելիության խորհրդանիշ է եղել: Աստվածավախ կոզակներն այն համոզմանն են եղել, որ Աստված իրենց` կռիվներում բազում մարդկանց սպանած մեղավորներին, դժոխքից հանելու է` բռնելով իրենց քանքուլներից: Քանքուլը նաև սատանայական ուժերից պաշտպանող յուրօրինակ հմայիլ է համարվել: Ի դեպ` ուկրաինացիներն էլ իրենց հերթին են ռուսներին վիրավորող մականուն հորինել: Օրինակ` «մոսկալ» -ը: Այս մականունը գործածում են նաև նաև բելոռուսները, լեհերը, ռումինացիները և նույնիսկ սերբերը: Այդ բառին ծաղրական բովանդակություն է տրվել, թեպետ սկզբում այն մարդու աշխարհագրական պատկանելությունն է ընդգծել: «Մոսկալ» -ն առաջացել է Մոսկվա քաղաքի անունից և տրվել է բոլոր ռուսներին` առանց բացառության և հատկապես ռուսական բանակի զինվորներին: «Մոսկալ» ծաղրանունից են առաջացել բազում ազգանուններ, օրինակ, Մոսկալենկո, Մոսկալև, Մոսկալովիչ, Մոսկալչուկ: Եվս մեկ նսեմացնող բառի` «կացապ» -ի մասին: Ինչպես դժվար չէ կռակել, այս բառը թուրքերեն «ղասաբ» («մսագործ», որ նույնն է, թե «մարդասպան») բառից է գոյացել: Ուկրաիներենում այն դարձել է «յակ-ցապ» և նշանակել է «այծանման»: Ըստ երևույթին` սափրագլուխ ուկրաինացիները դաժանություններ գործած մորուքավոր ռուսներին նաև այծերի են նմանեցրել: Հավանաբար, ռուսները «կացապ» են անվանել թաթարներին` դաժանության համար, բայց հետագայում այդ բառն անցել է ուկրաիներենին ու փոխված նշանակությամբ գործածվել է հենց մոսկվացիներին բնորոշելու համար: |