МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +8 °C ... +21 °C Завтра+21 °C
Հայկական տարազների համահայկական տոն Երևանում (լուսանկարներ)
16:00, 26.04.2014
30976 | 0

‹‹Տերյան մշակութային կենտրոն›› հասարակական կազմակերպությունը մայիսի 10-ին Կարապի լճում պլանավորում է տարազների համահայկական տոնահանդես կազմակերպել:


Առավոտից մինև երեկո կցուցադրվեն համերգային ծրագրեր, տարազներով կշրջեն երիտասարդներ, կվաճառվեն ազգային տարրերով նկարազարդված հագուստներ, զարդեր ու հուշանվերներ:

‹Տերյան մշակութային կենտրոն››-ի ‹‹Տարազ Արտ›› նախագիծը կցուցադրի շուրջ քառասուն տարազ:


Պարզելու համար, թե ինչպես ծագեց ‹‹Տարազ Արտ›› նախագիծը սկսելու գաղափարը, Tert.am-ը զրուցեց ‹‹Տերյան մշակութային կենտրոն››-ի տնօրեն Լիլիթ Մելիքյանի հետ։ ‹‹Մեր մշակույթն ուսումնասիրելիս հասկացա, որ մենք չենք սիրում, չենք տարածում ու պրոպագանդում մեր տարազները, քանի որ չգիտենք, ծանոթ չենք դրանց: Որոշեցի տարազների հավաքածու ստեղծել, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան շփվել դրանց հետ ու տեսնել››:


Սկսել ենք … Կշարունակենք…


‹‹Տարազ Արտ››-ի գործունեությանն առավել մանրամասն ներկայացրեց մենեջեր Աստղիկ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ վեց տարի է, ինչ համագործակցում են ազգագրագետների, տարազագետների հետ ու փորձում վերստեղծել դարեր առաջ հայերիս կրած հագուստները:


«Այո՛, այսօր դժվար է գտնել համապատասխան կտոր, թելեր, բայց ամեն կերպ փորձում ենք վերականգնել ավանդույթը: Աշխատում ենք երկու ուղղությամբ` կարելով թանգարանային և ոճավորված տարազներ: Թանգարանային նմուշները շատ մոտ են իրական տարազներին, անգամ ունենք Պերմի թանգարանում ներկայացված մի քանի նմուշ: Լինելով հասարակական կազմակերպություն` ծախսերը հոգում ենք ինքներս», – ասաց նա:


Նոր դար` իմպրովիզներով տարազներ


Բացի տարազների մասին հանրությանը իրազեկելուց իրենց նպատակը եղել է նաև ստեղծել այնպիսի նմուշներ, որոնք կրելի կլինեն: «Ոճավորված հագուստները ստեղծված են տարազային մոտիվներով` համապատասխանեցնում ենք կտորն ու գույները, ավելացնում նախշազարդեր բատիկի` նկարելու օգնությամբ, սակայն հագուստը ստացվում է ժամանակակից: Այս տարազները կարող եք հագնել առօրյայում», – մանրամասնեց Աստղիկ Պետրոսյանը:


Երբ հագուստն իր խորհուրդն ունի


«Այսօր մենք հագուստ ընտրելիս կարևորում ենք հարմարավետությունն ու կրում ամեն բան, ինչ հավանում ենք: Բայց չէ՞ որ եղել է ժամանակ, երբ հայերիս յուրաքանչյուր հագուստ, աքսեսուար, զարդանախշ ունեցել է իր խորհուրդը», – ասաց ‹‹Տարազ Արտ››-ի մենեջերը՝ ասվելացնելով, որ հենց դրանց օգնությամբ հնարավոր էր գուշակել մարդկանց ընտանեկան կարգավիճակը:


«Աղջիկները մինչ ամուսնանալը գոտկատեղին կապում էի ուլունքներով գոգնոցներ` չար աչքից պաշտպանվելու համար: Ամուսնացած տղամարդու հագուստի վրա պատկերվում էր նավ` խորհրդանշելով, որ կա մեկը, ում հետ նա պիտի կյանքի ճանապարհ անցնի», – բացատրեց Աստղիկ Պետրոսյանը:


Մշակույթը պահպանվում է


Աստղիկ Պետրոսյանն ասում է, որ այսօրվա սերունդը ևս պիտի ասեղնագործել իմանա, այդ իսկ պատճառով էլ իրենց ասեղնագործները դասեր են կազմակերպում, որպեսզի հետագայում ևս իրենց գործը շարունակություն ունենա: Կազմակերպում են նաև միջացառումներ, որպեսզի բոլորը տեսնեն, թե հայ կինն ու տղամարդն ինչպես են հագնվել հարյուր տարի առաջ:


«Մայիսի 10-ին կայանալիք միջոցառմանը մասնակցելու են նաև ազգային փոքրամասնությունները, իրենք էլ փոքրիկ կրպակներում ներկայացնելու են իրենց ազգային հագուստը: Միջոցառում ենք կազմակերպելու նաև 2015-ին», – տեղեկացրեց նա՝ ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին կազմակերպելու են տարազների ցուցահանդես` ապացուցելու, որ հայեր դեռ կան և պահպանում են իրենց պատմությունն ու մշակույթը:


Ունենք խնդիր` ներկայանալի դարձնել ինքներս մեզ


Շարունակելով թեման, Աստղիկ Պետրոսյանն ասում է, որ այո՛, մենք տաղանդավոր ազգ ենք, բայց պիտի մեզ արժանավայել կերպով ներկայացնենք:



«Ուզում ենք մեր մշակույթը բաց երեսով ներկայացնել արտասահմանում: Այսօր համագործակցում ենք մի քանի ազգագրական պարային խմբերի, երգչախմբերի հետ` նրանց համար կարելով ազգային հագուստներ: ‹‹Կարին›› երգչախմբի գրեթե բոլոր տարազները մեր աշխատանքն է, այդ թվում նաև Անդրեի ‹‹Սարի աղջիկ›› տեսահոլովակում ներկայացվող զգեստները», – տեղեկացրեց նա:


Tert.am-ը զրուցեց նաև ասեղնագործ Լուսինե Մխիթարյանի հետ, ով ասում է, որ իր աշխատանքի ամենասիրելի էտապը, տարազը պատրաստ տեսնելն է։



‹‹Տարազներն ու մեր նախապապերի առօրյան ուսումնասիրելիս այնքան նոր ու հետաքրքիր ավանդույթեներ են ի հայտ գալիս: Օրինակ` Վասպուրականում աղջիկների հյուսքերից մոտ չորս կիլոգրամանոց թելեր էին կախում, որպեսզի աղջիկը գլուխը բարձր պահի: Ամեն անգամ նոր սովորույթի, նոր զարդանախշերի, հագուստի էլեմենտների հանդիպելիս` ուզում եմ ներգրավվել այդ մեր աշխատանքներում ևս ››, – ասաց նա:






Լուրեր Հայաստանից - Թերթ.am




















Автор: 57 hg
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
57 hg
наверх