МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +20 °C Завтра+21 °C
Մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում բացվել է Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին
20:51, 02.09.2015
2980 | 0
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Հայաստանի ազգային հերոս, Արցախյան ազատամարտի նահատակ Թաթուլ Կրպեյանի ընտանիքի անդամների և բազմաթիվ բնակիչների հետ միասին մասնակցել է Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հանդիսավոր բացմանը: Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի և Լվովյան փողոցի հատման տարածքին հարակից նոր զբոսայգին կառուցվել է Երևանի համայնքային 2014թ. ծրագրերի շրջանակներում։ Թաթուլ Կրպեյանի անվամբ նորակառույց զբոսայգին անվանակոչվել է Երևանի ավագանու 2015թ. մարտի 18-ի N299-Ն որոշմամբ: Հանդիսավոր արարողության շրջանակում Երևանի քաղաքապետն ու ՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ազատամարտի նահատակների հիշատակին, ծաղիկներ խոնարհել այգում ամփոփված ազատամարտիկների շիրիմներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կյանքի կոչված ծրագրի շրջանակում շուրջ 5, 64 հա ընդհանուր մակերեսով այգում ապահովվել են լիարժեք հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Ծրագրի շրջանակում այգում կառուցվել են բազալտե աստիճաններ, սալիկապատվել են ճեմուղիները, նորերով են փոխարինվել եզրաքարերը, ինչպես նաև կառուցվել են հենապատեր, որոնք երեսպատվել են տրավերտինե և բազալտե սալերով: Այգու ամբողջ տարածքն ապահովված է զրուցարաններով, նստարաններով և աղբամաններով, ցայտաղբյուրներով: Ակտիվ ժամանցի անցկացման համար այգում կառուցվել է թենիսի հարթակ, ինչպես նաև մանկական խաղահրապարակներ: Տարաբնույթ միջոցառումների անցկացման համար այգում կառուցվել է նաև ամֆիթատրոն: Ճարտարապետական հետաքրքիր լուծման միջոցով այգում կա կանաչ լաբիրինթոս: Կառուցվել է 44 փոքր շատրվաններով համալրված ջրավազան: Հանգստի գոտին ապահովվել է շուրջ 3200 գծմ ոռոգման նոր համակարգով ու էներգախնայող լուսատուներով արտաքին լուսավորության նոր ցանցով: Տարածքում գործում են նաև սանհանգույցներ:
Առանձնակի կարևորելով այգին Թաթուլ Կրպեյանի անվամբ անվանակոչելը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ զբոսայգին նաև առանձնահատուկ խորհուրդ ունի հայրենասեր ու հայրենանվեր սերունդ կրթելու հարցում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին ընդգծել է, որ Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Երևանի քաղաքապետի այս նախաձեռնությունն իսկապես կարևոր էր ու ռազմահայրենասիրական ոգով սերունդ կրթելու համար անհրաժեշտ:
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ այգու մի հատվածում հանդիսավորությամբ բացվել է նաև 2014թ. նոյեմբերի 12-ին խոցված ԼՂՀ ՊԲ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի հիշատակին նվիրված հուշարձանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Թաթուլ Կրպեյանի ընտանիքի անդամների հետ միասին շրջել է նորկառաույց այգում, գնահատել կատարված աշխատանքը: Ծրագիրը նախաձեռնելու և այն կարճ ժամկետում կյանքի կոչելու համար Թաթուլ Կրպեյանի այրին ու դուստրն իրենց գոհունակությունն են փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ նշելով, որ տարիների իրենց սպասված երազանքն այսօր իրականություն է դարձել:
Տոնական օրն ամբողջացել է ճանաչված նկարիչ Սերխաչի և Աբգար Խաչատրյանի, ինչպես նաև Նոր Նորքի մշակութային հիմնարկների շնորհալի սաների թեմատիկ նկարչական աշխատանքների ցուցահանդեսով, զրուցարաններում կազմակերպված միջոցառումներով և համերգային մեծ ծրագրով, որտեղ իրենց կատարումներով բարձր տրամադրություն են ապահովել ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» անսամբլը, «Ջրվեժ» պարային համույթը, «Վերադարձ» երգի, պարի համույթը, «Մխիթարյան պարարվեստի միության» սաները, ինչպես նաև սիրված երգիչ Դավիթ Հակոբյանը:
Երևան քաղաքի օրեցօր գեղեցկացող և արդիականացող դիմապատկերը համալրող «Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի» -ն բովանդակային կարևոր խորհուրդով կդառնա երևանցիների ու հատկապես Նոր Նորքի բնակիչների համար սիրելի վայրերից մեկը....
Բարի վայելում և շնորհավոր:

Նկարները՝ այստեղ
Пресс-секретарь: Նոր Նորք վարչական շրջան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նոր Նորք վարչական շրջան
наверх