*** Անհասցե ես դու, որ Ծրարվում է անծանոթ տանիքին Քեզ ուրիշ սիրո անվամբ են կարդում: Իսկ ե՞ս, ես գնում եմ արագ, անմտածված, Չեմ էլ հիշում, երբ եմ ստուգել փոստարկղս: Բոլոր նամակներն անունով են. Քո ձեռագիրը ուրիշի մոտ է: Դու բոլորի մոտ ես Մեկի գրպանում, կզանգես, կվերցնեն Ու ոչինչ, ոչինչ չի փոխվի իրենց կյանքում: Դրսում նույն աղմուկը, ներսում՝ ոչինչ, ոչինչ: Իսկ ես գրպան չունեմ, այդպես լավ է, հարմար, Ինչի՞ս է հարկավոր... Դու խոստացար չբաժանվել երբեք-երբեք, հիշու՞մ ես Նույն մոռացկոտն ես մնացել: Արի, մի օր, ինձ տեսնելու, ո՞նց եմ, Իսկ ես, ես ես չեմ գա հանդիպման... Թե ծաղկավաճառ հանդիպի Կալաներ գնիր ինձ համար, սպիտակ-սպիտակ, Այդպես սպասելը գեղեցիկ է ու ապարդյուն, Ծաղիկներն էլ կթառամեն, ինչպես որ ե՞ս... *** Չեմ հավատում ծովին, իր խաղաղությանը, Երբ նրան մոտենամ ուսերս ծածկելու չափ՝ Խաղաղությունը ինձ չի փրկի... *** Երդվում եմ, սիրում եմ քեզ: Աստված արգելել էր մարդկանց երդվել, Նա ավելին գիտեր... *** *** Քարի մեջ արյուն կա, -ասում են Ասում են նաև, թե մարդ, սիրտդ քար է: *** Կանայք ծերանում են, Եվ նրանց ոչ ոք չի խղճում *** Մաքուր անձրև կտեղա, Իսկ հետո, Հետո ոտքերիդ առաջ ցեխակույտ կլինի… *** Շարունակիր ապրել, -ասում էր նա: Նա, ում գլխում ինքնասպանության միտքն էր: ***' Եկեղեցու բակում մի պառավ ինձ անիծեց Շրջվեցի Նրանից չորս մոմ գնեցի… Հասմիկ Գևորգյան |