MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 394.87, EUR 408.89, RUB 6.49, GBP 473.61
+5 °C, +5 °C ... +9 °C Yarın:+10 °C
Մարդը, որը Հեմինգուեյ չէր կարդացել
13:16, 20.07.2022
638 | 0

Մարդը, որը Հեմինգուեյ չէր կարդացել


Շրջանայինի գետնանցումը կարծես մեղուների փեթակ լինի, գեղեցիկ երիտասարդ մեղուների ու ամեն անգամ այնտեղ մտնելիս քեզ զգում ես որպես Մայր մեղու:

Բոլոր կողմերից վազում են, անցնում, գնում են ինչ որ իրեր, ետ են տալիս, ինչ որ բանից բողոքում…

Ծիծաղ, ժխոր…

Գետնին տեսա ընկած մի ակնոց, կոտրված չէր:

Բարձրացրեցի ու կողքը ակնոց վաճառողին հարցնում եմ:

- Ինչ որ մեկը գցե՞լ է թե՞ ձերն է:

- Հին ակնոց է, իմը չէ:

Փորձում եմ, հեռատեսի է, ափսոս:

Քիչ հեռվից մոտենում է հին կոստյումով մի մարդ, զգում եմ որ դեպի ինձ է գալիս:

Ամառվա այս շոգին ու կոստյումով:

Երևում է որ գյուղացի մարդ է, դեմքն արևից վառված, մի տեսակ կիսաշփոթ:

- Քո՞նն է ընկեր, - նայում եմ աչքերի մեջ ու վստահ եմ, որ իրենն է, բայց զգում եմ այնպիսի մի հայացք որ կարծես ասում է իմն է, բայց կներես, դրա փաստաթուղթը չունեմ:

Մեկնում եմ ակնոցը, որի ապակիները քերծված են:

- Շնորհակալ եմ, հույս չունեի, կարծում էի կոտրված կլինեն ոտքի հետ:

Գրպանից հանում է դրամապանակը, միջից հանում միակ հինգ հազարանոցն ու մեկնում ինձ:

- Հազարը վերցրեք, ուրիշ փող չունեմ:

Ժպիտս մտրակի նման հարվածում է, նրա դեմքին մի աներևույթ սպի առաջացնելով:

Իզուր ժպտացի, իզուր դու-ով դիմեցի, բայց դե բնավորություն է, որը միշտ բարկացնում է դստերս:


- Պա՛պ, բոլորի հետ դու-ով ես խոսում, կնեղանան:

- Աղջիկ ջան ես միայն իմ մտքերի հետ եմ Դուք-ով խոսում, որովհետև նրանք խորթ են, իսկ ամբողջ մարդկությունը հարազատ:

- Պա՛պ, լավ էլի, լուրջ բան եմ ասում:


- Փող պետք չէ, որտեղի՞ց ես, ոչի՞նչ որ դու-ով եմ դիմում:

- Ոչինչ, Օձունից եմ, անտառապահ, քաղաքացի չեմ, եղբայրս:

- Հասկացա, կոստյումից, այս ամառվա շոգին:

- Դե մեզ մոտ ցուրտ է, անունս Ավո է, - մեկնում է ձեռքը:

Սեղմում եմ ձեռքը:

- Ո՞ր կողմ գնամ, որ հասնեմ Տերյանի արձանին, պայմանավորված եմ:

- Գնանք իրար հետ, մոտիկ է:

Ճանապարհին իմացա, որ նոր է եկել քաղաք, չգիտես ինչու հորեղբոր տղան չի ցանկացել իր տուն հրավիրել, պայմանավորվել են հանդիպել Տերյանի արձանի մոտ, իմացա որ անտառապահ է ու ամբողջ գյուղի հպարտությունն է, որ կարողացել է մութ ու սառը տարիներին պահպանել իրեն վստահված անտառի բոլոր ծառերը:

- Պատկերացնո՞ւմ ես, ոչ մի ծառ չկարողացան կտրել: Իսկ հորեղբորս տղան, որ Մոնումենտի մոտ է ապրում, Մոնումենտի մեծ ծառերից 10-12 հատ կտրել ու վառել է:

- Ի՞նքն է ասել:

- Հա, մի քանի տարի առաջ գյուղ էր եկել, ինքն էր պարծենում: Պարտքով հարևանից մի ոչխար վեր կալա, հյուրասիրեցի, ամոթ է դե, քաղաքիցն էր, գեղացիք ի՞նչ կասեին: Հեմինգուեյից էր խոսում, կենաց էր ասում, լավ էր խոսում: Սկսեց պատմել մի բիձու մասին, ձկնորս, ես էլ շաշ - շաշ մտածեցի «Ոսկե ձկնիկն» ա պատմում, ուշադիր չլսա:

- Հեմինգուեյն ի՞նչ կապ ունի, Ավո: «Ծերունին ու ծով» - ն է պատմել:

Հասանք Տերյանի արձանին:

- Սա էլ արձանը, Ավո ջան, այստեղ կարող ես նստել ու սպասել:

Կարծես չի լսում, ինքն իր հետ խոսում է:

- Չգիտեմ, չեմ կարդացել: Կարծեմ փիլիսոփա է, դու կարդացած կլինես, տենում եմ:

- Իհարկե, կարդացել եմ: Բա հիմա ինչո՞ւ ես հանդիպում, գործ ունե՞ս:

- Կինս հիվանդ է, եկել էի դեղ առնեի, - ցույց է տալիս ձեռքի ցելոֆանե տոպրակը:

- Փողիցս մնաց հինգ հազար, կհերիքի տուն գնալու, ասի զանգեմ որպիսությունը հարցնեմ, ասաց հարմար չէ տուն գալը, հանդիպենք մի բաժակ բան խմենք, ասաց պարտքի տակ մնացողը չի:

Մի բան խնդրեմ, հետս կկգա՞ս, մենակ մի տեսակ հարմար չէ:

- Բայց Ավո ջան, ես ի՞նչ գործ ունեմ, մոտս էլ երկու հազար է:

- Փողն ի՞նչ կապ ունի, ախպերս է, ավտոյով կտանի կբերի:

- Դե, անծանոթ, դուք եղբայրներով…

- Շա՜տ եմ խնդրում:

Մոտեցավ մեզ երկուսիս հասակակից մի մարդ:

Ավոյի գրկել համբուրվելու շարժումին զուսպ պատասխանեց երկու ձեռքերի սեղմումով:

- Ընկե՞րդ է, - գլխով ցույց տվեց ինձ, հետո ձեռքը մեկնեց:

- Արտա՛շ, գնացի՞նք, տղաս մեքենայով է, մեզ կտանի, հետո էլ կգա կբերի, այդ կողմերը գործ ունի, Ավո ջան քեզ տանում եմ «Պալկովնիկի օբյեկտը», որ գնաս գյուղում պատմես:


Մատուցողի հետ խոսեց Արտաշը, երեք խաշ ու մի լավ օղի, դե մնացած բաներով:

Մատուցողը հասկացավ:

Երբ բերեցին խաշը՝ մթնոլորտը մի քիչ ջերմացավ, երևի խաշի գոլորշուց էր:

- Ի՞նչ ես աշխատում, - դիմեց ինձ Արտաշը խաշի ամանի մեջ լավաշը բրդելով:

- Նախագծող եմ, ինստիտուտում:

- Լավ ա, պաժարնու գործեր էլ ես նախագծո՞ւմ:

- Չէ, միայն կապի:

Ավոն, որ մինչ այդ լուռ էր խոսեց:

- Արտաշ ջան, ես խաշի միս չեմ ուտում, սա…

- Դիր ինձ, ես կուտեմ, հո՞ չենք թափելու:

Խոսակցությունը մի տեսակ չէր ստացվում, պատճառը երևի նա էր, որ ես ու Արտաշը կարդացել էինք Հեմինգուեյ, Ավոն ոչ:


Զանգի կոճակը մատուցողին հրավիրեց ներս:

- Հաշիվն ու երեք հատ սուրճ, նորմալ, ոչ դառը ոչ էլ…

Արտաշը նայեց բերած հաշվին, մտքում ինչ որ բաներ հաշվեց ու հանգիստ ձեռքը գրպանը մտցնելով ասաց:

- Մարդա երեք հազար, ախպեր, էս իմ երեք հազարը, - սեղանին դրեց փողը:

Ես այդպես էլ չհասկացա Ավոն խաշի՞ց էր այդպես քրտնել թե՞…

Գրպանիցս հանեցի ու սեղանի տակից երկու հազարը մեկնեցի նրան:

Արտաշը դեռ խփշտում էր Ավոյի խաշի մսերը, մինչև սուրճը բերելը հո անգործ չէր մնա:

Ավոն մեկ հազարանոցը ետ տվեց, իսկ մյուսն իր հինգ հազարանոցի հետ դրեց սեղանին ու լուռ դուրս եկավ …


Ես չգիտեմ ի՞նչ եղավ այն մարդը, որը պահպանել էր մի ամբողջ անտառ, չգիտեմ ի՞նչպես հասավ տուն, ի՞նչ եղավ հիվանդ կինը…բայց չգիտես ինչու վստահ եմ, որ այդ մարդու մոտ, որը Հեմունգուեյ չի կարդացել, ամեն ինչ լավ կլինի…


Ս.Ումառ-Հարությունյան

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
| |
Ստեփան Ումառ-Հարությունյան
15:47, 12.11.2022
264 | 0
16:24, 08.11.2022
345 | 0
20:42, 07.09.2022
312 | 0
14:02, 06.09.2022
303 | 0
13:49, 05.09.2022
304 | 0
13:44, 02.08.2022
404 | 0
18:47, 26.07.2022
697 | 0
18:39, 24.07.2022
737 | 0
18:11, 24.07.2022
719 | 0
14:03, 16.07.2022
897 | 0
13:57, 15.07.2022
738 | 0
22:39, 11.07.2022
609 | 0
15:32, 21.06.2022
512 | 0
10:04, 17.06.2022
855 | 0
20:56, 15.06.2022
586 | 0
yukarı