MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +11 °C ... +25 °C Yarın:+24 °C
ՁԻ-ՈՒ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
18:43, 20.01.2024
498 | 0

Անտառում որոշվեց հաշվառում անցկացնել: Բոլոր կենդանիներից պահանջվեց ներկայանալ: Հերթը հասավ ձիուն:

– Իհի՜... Իհի՜, – առույգ վրնջաց ձին, հրապարակում մի քանի պտույտ գործեց ու մոտեցավ հանձնաժողովին: Անմիջապես զգացվեց, որ դա հանձնաժողովի անդամների՝ ավանակի, այծի ու աղվեսի դուրը չեկավ:

– Դու ո...ո՜վ ե...եե՜ս, – մկկալով հարցրեց այծը: Ձին զարմացավ.

– Մի՞թե չի երևում։ Ես ձի եմ։ Նժո՛ւյգ: – Եվ նորից խրխնջաց՝ իհի՜... իհի՜:

– Ձի՞ ես, – նախանձով խոսեց ավանակը:

– Ի՜նչ տարօրինակ հարց, – կրկին զարմացավ ձին:

– Մենք դա պիտի ստուգենք, պարոն ձի, – գործի մեջ մտավ աղվեսը:

– Ի՞նչը ստուգեք, – բղավեց նժույգը: – Այդ ո՞վ չգիտի, որ ես ձի եմ: Արդեն բյուր հազար տարի է՝ կամ: Բոլորը գիտեն, որ ես ձի եմ, նժո՜ւյգ: Իհի՜... իհի՜, – նորից խրխնջաց ձին:

– Մեե...ենք դա պիտիիի նայեենք Կենդանինեե...րի համաշխարհայիիին միուության օրենսգրքիիի մեեեջ: Տեսնեենք՝ Դուք համապատասխաա...անում եք այնտեղ նշվաա...ած՝ ձի-ու սահմանմաաա...նը, – կրկին մկկալով խոսեց այծը և բացեց մի հաստափոր գիրք: Ձին, շփոթված, չիմացավ՝ ինչ խոսի:

– Ձ... Ձ... Ձ..., – գրքում «Ձ» տառը փնտրեց այծը, – Ձի: – Վերջապես գտավ ու մտքում սկսեց կարդալ... Քիչ հետո գիրքը տվեց ավանակին ու նրա ականջին ինչ-որ բան մկկաց: Ավանակը կարդաց և տվեց աղվեսին: Երբ սա էլ կարդաց, նրանք փսփսոցով անցկացրին ինչ-որ խորհրդակցություն, և ավանակն իրենց կարծիքը բարձրաձայնեց.

– Ըստ Կենդանիների համաշխարհային միության օրենսգրքի, պարոն ձ..., – ավանակը խոսքն ընդհատեց՝ զգալով, որ սխալվեց: – Պարո՛ն: – Ինքն իրեն ճշտեց նա: – Դուք ձի չեք:

– Ի՞նչ, – աչքերից հարցականներ ժայթքեց ձին:

– Ըստ օրենսգրքի սահմանման, – խոսեց աղվեսը, – ձիու բաշը պիտի լինի ոսկե, նա պիտի ունենա արծաթե ատամներ ու կարողանա վազել 100 կիլոմետր ժամ արագությամբ:

– Իսկ Ձե...եր ատամնեե...րը, ինչպեեես տեսնուու...ում եմ, արծաթիիից չեն, բա...աաշը ոսկուուց չէ, և արագուու...թյունն էլ 60 կիլոոոմետր ժաամը չի անցնուում, – մկկաց հանձնաժողովի հեղինակավոր անդամը:

– Այդ ի՞նչ եք ասում: Ի՞նչ սահմանում: Դեն նետեք այդ գիրքը: Ի՞նչ համաշխարհային միություն, ի՞նչ օրենսգիրք: Ամբողջ աշխարհը գիտի, որ ես ձի եմ նախապատմական ժամանակներից: Իհի՜... իհի՜, – կրկին ցասկոտ վրնջաց ձին:

– Բայց դա Ձեր կարծիքն է Ձեր մասին: Իսկ ահա այս օրենսգրքի սահմանմանը չեք համապատասխանում: Բնականաբար, ձի չեք, – իր կարծիքը կրկին առաջ մղեց երկարականջ փիլիսոփան:

– Թեև չի...իի բացառվու...ուում, որ Դուք հետոոո՝ զարգանաա...լով դառնաա...աք ձի, բայց ա…այս պահիիին..., – նորից մկկաց այծը՝ խոսքը թողնելով անավարտ:

– Բայց... Բայց դա անհեթեթություն է, – ապշանքից ուշքի չեկած՝ հազիվ խոսեց ձին:

– Ի՜նչ, – արդեն բարկացավ աղվեսը: – Ուրեմն, Ձեր կարծիքով, համաշխարհային միության օրենսգրքում անհեթեթություննե՞ր են գրված:

– Դե..., – չիմացավ՝ ինչ ասի ձին: – Բայց ախր ես ձի եմ: Իսկական նժույգ: Իմ բոլոր պապերը այդպես են կոչվել:

– Հարգելի՛ս, – նորից խոսեց ավանակը, – այդ անցյալում են կոչվել: Ժամանակն առաջ է գնում, աշխարհը փոխվում է: Այնպես որ, Դուք հիմա ձի չեք: Ձի-ու այս սահմանմանը չեք համապատասխանում:

– Բայց սխալ է այդ սահմանումը: Փոխեք գրածը, ճշտեք, – վրդովվեց ձին: – Ես եմ իսկական ձին, ուրեմն այնպես գրեք սահմանումը, որ ա՛յն համապատասխանի ինձ և ոչ ես՝ նրան:

– Այդ ի՞նչ ես ասում, – առարկեց աղվեսը: – Գիտե՞ս՝ քանի փիլիսոփա է տքնել, որ գտնի այս ձևակերպումը:

– Իսկ դու ասուու...ում ես՝ սխա...ալ է, – կրկին ձիու նյարդերը սղոցեց այծի մկկոցը:

– Լավ, հիմա ես ի՞նչ եմ, – հարցրեց ձին:

– Մենք դեռ կուսումնասիրենք Կենդանիների համաշխարհային միության օրենսգիրքը, պարոն ձ..., – այս անգամ էլ խոսքը կիսատ թողեց աղվեսը: – Պարո՛ն: Կտեսնենք, թե կենդանիներից որի՛ սահմանմանն եք համապատասխանում, և Ձեզ կտանք համապատասխան անուն:

– Այսինքն, կարող է՝ ես ձի չկոչվե՞մ, – տարակուսեց ձին:

– Ձի-ու սահմաա...անումին հիմա համապատասխաա...նում է ավանաա...ակը: Բնականաաբար, Ձեզ կտրվի մի ուրիշ աա...նուն, – իր կարծիքը մկկաց այծը, և ձին միայն նոր նկատեց ավանակի արծաթե ատամներն ու արհեստական ոսկե բաշը...

Եվ ասում են, շատ չանցած՝ ձին հիվանդացավ, ուժը պակասեց, այլևս չկարողացավ նախկինի պես վազել ու խրխնջալ, և Կենդանիների համաշխարհային միության փիլիսոփաները նրան օգտագործեցին որպես ավանակի...

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Գուրգեն Միքայելյան
18:43, 20.01.2024
499 | 0
14:25, 02.09.2023
918 | 0
21:23, 22.05.2021
1646 | 0
20:35, 17.05.2021
2438 | 0
21:12, 14.05.2021
1716 | 0
17:35, 03.04.2021
1908 | 0
20:55, 08.02.2021
7361 | 0
20:54, 08.02.2021
6742 | 0
yukarı