MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Yarın:+20 °C
Աստվածաշնչյան ընթերցումներ: Նոր Կտակարան, Մատթեոս 6-10
23:24, 17.03.2014
7399 | 0
սկիզբ

Մատթեոս 6: 1-34

«Զգո՛ւյշ եղեք, որ ձեր արդարությունը մարդկանց առաջ ցույց չտաք նրանց կողմից նկատվելու համար, այլապես վարձատրություն չեք ստանա ձեր Հորից, որ երկնքում է։
2 Ուստի երբ ողորմության նվերներ ես տալիս, քո առջևից փող մի՛ հնչեցրու, ինչպես որ կեղծավորներն են անում ժողովարաններում և փողոցներում, որպեսզի մարդկանց կողմից փառավորվեն։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. նրանք իրենց վարձատրությունը ամբողջությամբ արդեն ստացել են։
3 Բայց դու, երբ ողորմության նվերներ ես տալիս, թույլ մի՛ տուր, որ քո ձախ ձեռքը իմանա, թե ինչ է անում աջը,
4 որպեսզի քո տված նվերները ծածուկ մնան։ Այդ ժամանակ քո Հայրը, որ դիտում է ծածուկ տեղից, կհատուցի քեզ։
5 Նաև երբ աղոթում եք, մի՛ եղեք կեղծավորների նման, որովհետև նրանք սիրում են ժողովարաններում և գլխավոր փողոցների* անկյուններում կանգնած աղոթել, որպեսզի մարդկանց կողմից նկատվեն։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. նրանք իրենց վարձատրությունը ամբողջությամբ արդեն ստացել են։
6 Բայց դու, երբ աղոթում ես, մտիր քո սենյակը, փակիր դուռը և աղոթիր քո Հորը, որ ծածուկ տեղում է, և այդ ժամանակ քո Հայրը, որ դիտում է ծածուկ տեղից, կհատուցի քեզ։
7 Եվ երբ աղոթում ես, նույն խոսքերը նորից ու նորից մի՛ կրկնիր, ինչպես որ այլազգի մարդիկ են անում, քանի որ նրանց թվում է, թե իրենց շատ խոսքերի պատճառով պիտի լսվեն։
8 Ուրեմն մի՛ նմանվեք նրանց, որովհետև Աստված՝ ձեր Հայրը, նախքան ձեր խնդրելը արդեն գիտի, թե ձեզ ինչ է պետք։
9 Ուստի այսպես աղոթեք.
«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը։
10 Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։
11 Տուր մեզ այսօր մեր օրվա հացը
12 և ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներել մեզ պարտք եղողներին։ 13 Եվ մի՛ տար մեզ փորձության+, այլ ազատիր Չարից» ։
14 Եթե դուք ներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր երկնային Հայրն էլ ձեզ կների,
15 բայց եթե չներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեր հանցանքները չի ների։
16 Երբ ծոմ եք պահում, մի՛ եղեք տրտմերես, ինչպես կեղծավորները, որովհետև նրանք այլակերպում են իրենց դեմքը, որպեսզի մարդիկ տեսնեն, թե իրենք ծոմ են պահում։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. նրանք իրենց վարձատրությունը ամբողջությամբ արդեն ստացել են։
17 Բայց դու, երբ ծոմ ես պահում, օծիր գլուխդ և լվա երեսդ,
18 որպեսզի ոչ թե մարդիկ տեսնեն, որ ծոմ ես պահում, այլ քո Հայրը, որ ծածուկ տեղում է։ Եվ այդ ժամանակ քո Հայրը, որ դիտում է ծածուկ տեղից, կհատուցի քեզ։
19 Ձեզ համար այլևս գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը ոչնչացնում են և որտեղ գողերը ներխուժում ու գողանում են։
20 Փոխարենը՝ ձեզ համար գանձեր դիզեք երկնքում, որտեղ ո՛չ ցեցն ու ժանգն են ոչնչացնում և ո՛չ էլ գողերն են ներխուժում ու գողանում։
21 Որտեղ քո գանձն է, այնտեղ էլ քո սիրտը կլինի։
22 Մարմնի ճրագը աչքն է։ Ուստի եթե աչքդ պարզ է, ամբողջ մարմինդ լուսավոր կլինի,
23 բայց եթե աչքդ չար է, ամբողջ մարմինդ խավար կլինի։ Եվ եթե քո մեջ եղող լույսը իրականում խավար է, ուրեմն որքա՜ն մեծ է այդ խավարը։
24 Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ էլ մեկին կհարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը։
25 Այդ պատճառով էլ ասում եմ ձեզ. մի՛ մտահոգվեք ձեր հոգիների համար, թե ինչ պիտի ուտեք և ինչ պիտի խմեք, կամ ձեր մարմինների համար, թե ինչ պիտի հագնեք։ Չէ՞ որ հոգին ուտելիքից ավելին է, և մարմինը՝ հագուստից։
26 Ուշադիր նայեք երկնքի թռչուններին, որ ո՛չ ցանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ ամբարների մեջ հավաքում, բայց ձեր երկնային Հայրը կերակրում է նրանց։ Չէ՞ որ դուք նրանցից ավելի թանկ եք։
27 Ձեզանից ո՞ր մեկը մտահոգվելով կարող է իր կյանքը մեկ կանգունով* երկարացնել։ 28 Կամ ինչո՞ւ եք մտահոգվում հագուստի համար։ Սովորեք դաշտի շուշաններից, թե ինչպես են նրանք աճում. ո՛չ աշխատում են, ո՛չ էլ մանում։
29 Բայց ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնը իր ողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի նման չհագնվեց։
30 Ուստի եթե Աստված այդպես է հագցնում դաշտի բույսերին, որոնք այսօր կան և վաղը փուռն են գցվում, մի՞թե ձեզ ավելի լավ չի հագցնի, ո՛վ թերահավատներ։
31 Ուրեմն երբեք մի՛ մտահոգվեք՝ ասելով, թե՝ «ի՞նչ պիտի ուտենք», «ի՞նչ պիտի խմենք» կամ «ի՞նչ պիտի հագնենք»,
32 որովհետև ազգերն են, որ ջանում են ձեռք բերել այդ բաները։ Իսկ ձեր երկնային Հայրը գիտի, որ այդ բոլոր բաները անհրաժեշտ են ձեզ։
33 Ուրեմն շարունակեք նախ թագավորությունը և Աստծու արդարությունը փնտրել, և այդ բոլոր բաները կտրվեն ձեզ։
34 Հետևաբար, երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին, որովհետև վաղվա օրը կունենա իր մտահոգությունները։ Ամեն օրվա համար բավական է ի՛ր նեղությունը» ։



Մատթեոս 7: 1-29

«Մի՛ դատեք*, որ չդատվեք,
2 որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով էլ կդատվեք, և ինչ չափով որ չափեք, նույն չափով էլ ձեզ համար կչափեն։
3 Ինչո՞ւ ես նայում քո եղբոր աչքի միջի շյուղին, բայց քո աչքի միջի գերանը չես նկատում։
4 Կամ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել՝ «թույլ տուր աչքիդ միջի շյուղը հանեմ», երբ քո աչքում գերան կա։
5 Կեղծավո՛ր, նախ քո աչքի միջի գերանը հանիր և հետո պարզ կտեսնես, թե ինչպես կարելի է եղբորդ աչքի միջից շյուղը հանել։
6 Սուրբ բաները շներին մի՛ տվեք և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որ չլինի թե դրանք տրորեն ոտքերի տակ և ապա հետ դառնան ու ձեզ պատառոտեն։
7 Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առջև,
8 որովհետև ով խնդրում է, կստանա, ով փնտրում է, կգտնի, և ով թակում է, նրա առջև կբացվի։
9 Ձեզանից ո՞վ իր որդուն քար կտա, եթե նա հաց խնդրի։
10 Կամ մի՞թե օձ կտա նրան, եթե ձուկ խնդրի։
11 Ուստի եթե դուք, չար լինելով հանդերձ, գիտեք բարիքներ տալ ձեր երեխաներին, ուրեմն որքան ավելի ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա իրենից խնդրողներին։
12 Ուրեմն այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց, որովհետև հենց սրանում են ամփոփվում Օրենքն ու Մարգարեները*։
13 Նեղ դռնով ներս մտեք+, որովհետև լայն է և ընդարձակ այն ճանապարհը, որը դեպի կործանում է տանում, և շատերն են դրանով գնացողները,
14 մինչդեռ նեղ է այն դուռը և նեղվածք այն ճանապարհը, որը դեպի կյանք է տանում, և քչերն են այն գտնողները։
15 Զգուշացեք սուտ մարգարեներից, որ գալիս են ձեզ մոտ ոչխարի հանդերձներով, բայց ներսից գիշատիչ գայլեր են։
16 Իրենց պտուղներից կճանաչեք նրանց։ Մի՞թե փշերից խաղող են քաղում, կամ տատասկից՝ թուզ։
17 Նմանապես, ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ ամեն փտած ծառ անպետք պտուղ է տալիս։
18 Լավ ծառը չի կարող անպետք պտուղ տալ, ոչ էլ փտած ծառը կարող է լավ պտուղ տալ։
19 Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում և կրակի մեջ է գցվում։
20 Ուստի իրենց պտուղներից կճանաչեք նրանց։
21 Ոչ թե ամեն ոք, որ ինձ «Տե՛ր, Տե՛ր» է ասում, կմտնի երկնքի թագավորությունը, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է։
22 Շատերը կասեն ինձ այն օրը. «Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք և քո անունով շատ զորավոր գործեր արեցինք» ։
23 Բայց այն ժամանակ նրանց հայտնապես կասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել։ Հեռացե՛ք ինձանից, դո՛ւք, անօրենությո՛ւն գործողներ» ։
24 Ուստի նա, ով լսում է իմ այս խոսքերը և կատարում է, նման է մի խոհեմ մարդու, որն իր տունը վեմի վրա կառուցեց։
25 Անձրևը հորդեց, հեղեղները եկան, քամիները փչեցին և ուժգին հարվածեցին այդ տանը, բայց այն փուլ չեկավ, քանի որ վեմի վրա էր հիմնված։
26 Իսկ նա, ով լսում է իմ այս խոսքերը և չի կատարում, նման է մի անմիտ մարդու, որն իր տունը ավազի վրա կառուցեց։
27 Անձրևը հորդեց, հեղեղները եկան, քամիները փչեցին և հարվածեցին այդ տանը, և այն փուլ եկավ, ու նրա փլուզումը մեծ էր» ։
28 Երբ Հիսուսը վերջացրեց այս խոսքերը, ժողովուրդը ապշած էր նրա սովորեցնելու կերպի վրա,
29 որովհետև հեղինակությամբ էր սովորեցնում և ոչ թե իրենց դպիրների նման։

Մատթեոս 8: 1-34


Երբ նա իջավ լեռան վրայից, մի մեծ բազմություն նրա հետևից գնաց։
2 Այդ ժամանակ մի բորոտ եկավ ու խոնարհվելով նրա առաջ՝ ասաց. «Տե՛ր, եթե միայն ուզենաս, կարող ես մաքրել ինձ» ։
3 Նա էլ, մեկնելով իր ձեռքը, դիպավ նրան ու ասաց. «Ուզո՛ւմ եմ։ Մաքրվի՛ր» ։ Եվ հենց այդ պահին նրա բորոտությունը մաքրվեց։
4 Այնուհետև Հիսուսն ասաց նրան. «Տե՛ս, ոչ ոքի չպատմես, այլ գնա, ցույց տուր քեզ քահանային և մատուցիր Մովսեսի պատվիրած ընծան, որպեսզի վկայություն լինի նրանց համար» ։
5 Երբ Հիսուսը մտավ Կափառնայում, մի հարյուրապետ մոտեցավ նրան ու աղաչելով
6 ասաց. «Տե՛ր, իմ ծառան տանը անդամալույծ պառկած է և սաստիկ տանջվում է» ։
7 Նա ասաց նրան. «Կգամ և կբուժեմ նրան» ։
8 Իսկ հարյուրապետն ասաց. «Տե՛ր, ես արժանի չեմ, որ դու իմ հարկի տակ մտնես։ Միայն մի խոսք ասա, և իմ ծառան կբուժվի։
9 Ես էլ իշխանության տակ եղող մարդ եմ և ինձ ենթակա զինվորներ ունեմ. մեկին ասում եմ՝ գնա՛, և նա գնում է, մյուսին՝ արի՛, և նա գալիս է, իմ ծառային ասում եմ՝ այս բա՛նն արա, և նա անում է» ։
10 Սա լսելով՝ Հիսուսը զարմացավ և իր հետևից եկողներին ասաց. «Ճշմարտությունն եմ ասում ձեզ. Իսրայելում ոչ մեկի մեջ այսքան մեծ հավատ չգտա։
11 Ասում եմ ձեզ, որ շատերը արևելքից ու արևմուտքից կգան և Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ սեղան կնստեն երկնքի թագավորության մեջ,
12 իսկ թագավորության որդիները կգցվեն դրսի խավարը, որտեղ նրանք լաց կլինեն ու կկրճտացնեն իրենց ատամները» ։
13 Այնուհետև Հիսուսն ասաց հարյուրապետին. «Գնա՛, ինչպես որ հավատացիր, այդպես թող լինի քեզ» ։ Եվ այդ պահին նրա ծառան առողջացավ։
14 Ապա Հիսուսը եկավ Պետրոսի տուն և տեսավ նրա զոքանչին+՝ ջերմության+ մեջ պառկած։
15 Նա դիպավ նրա ձեռքին, և ջերմությունը թողեց նրան։ Նա էլ վեր կացավ ու սկսեց ծառայել նրան։
16 Իսկ երբ երեկո եղավ, մարդիկ շատ դիվահարների բերեցին նրա մոտ, և նա խոսքով դուրս հանեց ոգիներին ու բուժեց բոլոր հիվանդներին,
17 որպեսզի կատարվի Եսայիա մարգարեի միջոցով ասվածը. «Նա վերցրեց մեր հիվանդությունները և մեր տկարությունները կրեց» ։
18 Հիսուսը, իր շուրջը մարդկանց բազմություն տեսնելով, պատվիրեց իր աշակերտներին նավով ծովի մյուս կողմն անցնել։
19 Մի դպիր մոտեցավ նրան ու ասաց. «Ուսուցի՛չ, ուր էլ որ գնալու լինես, քո հետևից կգամ» ։
20 Սակայն Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, և երկնքի թռչունները՝ բներ, բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ գլուխը դնի» ։
21 Ապա աշակերտներից մեկ ուրիշն ասաց նրան. «Տե՛ր, թույլ տուր, որ գնամ և առաջ իմ հորը թաղեմ» ։
22 Հիսուսն էլ ասաց. «Շարունակիր իմ հետևից գալ. թող մեռելները թաղեն իրենց մեռելներին» ։
23 Ապա նա նավ մտավ, և նրա աշակերտները հետևեցին նրան։
24 Հանկարծ մեծ ալեկոծություն բարձրացավ ծովի վրա, այն աստիճան, որ ալիքները ծածկում էին նավը, իսկ Հիսուսը քնած էր։
25 Նրանք մոտեցան ու արթնացրին նրան՝ ասելով. «Տե՛ր, փրկի՛ր մեզ, կործանվո՛ւմ ենք» ։
26 Բայց նա ասաց. «Ինչո՞ւ եք վախեցած, թերահավատնե՛ր» ։ Ապա վեր կենալով սաստեց քամիներին ու ծովին, և կատարյալ հանդարտություն տիրեց։
27 Մարդիկ զարմացած ասում էին. «Այս մարդն ո՞վ է, որ նույնիսկ քամիներն ու ծովն են հնազանդվում նրան» ։
28 Երբ նա հասավ ծովի մյուս կողմը՝ գադարացիների երկիրը, գերեզմաններից եկող երկու դիվահար նրան հանդիպեցին՝ չափազանց կատաղած, այն աստիճան, որ ոչ մեկը չէր համարձակվում անցնել այդ ճանապարհով։
29 Նրանք բղավեցին. «Ի՞նչ գործ ունես մեզ հետ, Աստծո՛ւ Որդի։ Եկել ես մեզ չարչարելո՞ւ նախքան նշանակված ժամանակը» ։
30 Իսկ հեռվում խոզերի մի մեծ երամակ էր արածում։
31 Եվ դևերը սկսեցին աղաչել նրան. «Եթե մեզ դուրս ես հանելու, խոզերի երամակի մեջ ուղարկիր» ։
32 Ուստի նա ասաց նրանց. «Գնացե՛ք» ։ Նրանք էլ դուրս եկան ու գնացին խոզերի մեջ մտան։ Ամբողջ երամակը գահավեժ տեղից ցած նետվեց ծովը ու խեղդվեց ջրերի մեջ։
33 Իսկ խոզարածները փախան և քաղաք մտնելով՝ պատմեցին ամեն ինչ, նաև դիվահարներին պատահածը։
34 Եվ ամբողջ քաղաքը դուրս եկավ Հիսուսին ընդառաջ։ Տեսնելով նրան՝ նրանք աղաչեցին, որ իրենց սահմաններից հեռանա։


Մատթեոս 9: 1-38

Ուստի նավ նստելով՝ Հիսուսը ծովի մյուս կողմն անցավ ու գնաց իր քաղաքը։
2 Նրա մոտ մահճի վրա պառկած մի անդամալույծի բերեցին։ Նրանց հավատը տեսնելով ՝ Հիսուսն ասաց անդամալույծին. «Քա՛ջ եղիր, զավա՛կս, քո մեղքերը ներված են» ։
3 Դպիրներից ոմանք իրենց մեջ ասացին. «Այս մարդը հայհոյում է Աստծուն» ։
4 Իսկ Հիսուսը, իմանալով նրանց մտքերը, ասաց. «Ինչո՞ւ եք չար բաներ մտածում ձեր սրտերում։
5 Ո՞րն է ավելի հեշտ. ասել՝ «քո մեղքերը ներված են», թե՞ ասել՝ «վեր կաց ու քայլիր» ։ 6 Սակայն որպեսզի իմանաք, որ մարդու Որդին երկրի վրա իշխանություն ունի մեղքեր ներելու...– դիմելով անդամալույծին՝ ասաց, – վե՛ր կաց, վերցրո՛ւ մահիճդ և տո՛ւն գնա» ։
7 Եվ նա վեր կացավ ու տուն գնաց։
8 Սա տեսնելով՝ բազմությունը վախով բռնվեց և փառավորեց Աստծուն, որն այսպիսի իշխանություն էր տվել մարդկանց։
9 Ապա այնտեղից առաջ գնալով՝ Հիսուսը Մատթեոս անունով մի մարդու տեսավ, որը մաքսատանը նստած էր։ Նրան ասաց. «Իմ հետևո՛րդը դարձիր» ։ Նա էլ վեր կացավ ու նրա հետևից գնաց։
10 Ավելի ուշ, երբ նա տանը թիկնել էր սեղանի շուրջ, շատ հարկահավաքներ ու մեղավորներ եկան և թիկնեցին Հիսուսի ու նրա աշակերտների հետ։
11 Դա տեսնելով՝ փարիսեցիները նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ է ձեր ուսուցիչը հարկահավաքների ու մեղավորների հետ հաց ուտում» ։
12 Նրանց խոսքերը լսելով՝ նա ասաց. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները։
13 Ուրեմն գնացեք և սովորեք, թե ինչ է նշանակում՝ «ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ», որովհետև ես եկա ոչ թե արդարներին կանչելու, այլ մեղավորներին» ։
14 Հետո Հովհաննեսի աշակերտները եկան նրա մոտ ու հարցրին. «Ինչո՞ւ մենք և փարիսեցիները ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում» ։
15 Հիսուսն էլ նրանց ասաց. «Մի՞թե փեսայի ընկերները սգալու պատճառ ունեն, քանի դեռ փեսան իրենց հետ է։ Սակայն օրեր կգան, երբ փեսան կվերցվի նրանցից, և այդ ժամանակ նրանք ծոմ կպահեն։
16 Ոչ ոք նոր կտորից* կարկատան չի դնում հին վերնահագուստի վրա, որովհետև կարկատանը կմտնի ու հագուստը կպատռի, և պատռվածքը ավելի մեծ կլինի։
17 Ոչ էլ նոր գինին են լցնում հին տիկերի մեջ, այլապես տիկերը կպատռվեն, և այդ ժամանակ և՛ գինին կթափվի, և՛ տիկերը կփչանան։ Այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահպանվում են» ։
18 Մինչ նա այս բաներն էր ասում նրանց, մի իշխան մոտենալով խոնարհվեց նրա առաջ ու ասաց. «Աղջիկս երևի արդեն մահացել է, բայց դու արի և ձեռքդ դիր նրա վրա, և նա կկենդանանա» ։
19 Հիսուսը վեր կացավ ու նրա հետևից գնաց, և նրա աշակերտներն էլ նրա հետ։
20 Մի կին, որը տասներկու տարի արյունահոսությամբ էր տառապում, հետևից մոտեցավ ու դիպավ նրա վերնահագուստի ծոպերին,
21 քանի որ մտքում ասում էր. «Եթե միայն դիպչեմ նրա վերնահագուստին, կլավանամ» ։
22 Հիսուսն էլ շրջվեց և տեսնելով նրան՝ ասաց. «Քաջացի՛ր, դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ» ։ Եվ նույն ժամին կինը բուժվեց։
23 Երբ Հիսուսը հասավ իշխանի տուն և տեսավ սրինգ նվագողներին ու բազմությանը իրարանցման մեջ,
24 նրանց ասաց. «Հեռացե՛ք այստեղից, քանի որ աղջիկը չի մահացել, այլ քնած է» ։ Սա լսելով՝ նրանք սկսեցին ծիծաղել նրա վրա։
25 Երբ բազմությունը դուրս եկավ, նա ներս մտավ, բռնեց աղջկա ձեռքը, և նա վեր կացավ։
26 Եվ այս լուրը տարածվեց այդ շրջանով մեկ։
27 Երբ Հիսուսը գնում էր այդտեղից, երկու կույր մարդ սկսեցին նրա հետևից գնալ ու աղաղակելով ասել. «Ողորմի՛ր մեզ, Դավթի՛ Որդի» ։
28 Երբ Հիսուսը տուն մտավ, կույրերը եկան նրա մոտ, և նա հարցրեց նրանց. «Հավատո՞ւմ եք, որ ես կարող եմ անել այդ բանը» ։ Նրանք պատասխանեցին. «Այո՛, Տե՛ր» ։
29 Նա դիպավ նրանց աչքերին ու ասաց. «Թող ձեր հավատի համաձայն լինի ձեզ» ։
30 Եվ նրանց աչքերը սկսեցին տեսնել։ Հիսուսը խստորեն պատվիրեց նրանց. «Տեսե՛ք, ոչ մեկը թող չիմանա այս մասին» ։
31 Սակայն նրանք, դուրս գալով, նրա համբավը տարածեցին այդ ամբողջ շրջանում։
32 Մինչ նրանք հեռանում էին, Հիսուսի մոտ բերեցին մի համր դիվահարի,
33 և երբ որ նա դևին դուրս հանեց, համրը սկսեց խոսել։ Ժողովուրդը զարմանք կտրեց ու ասաց. «Իսրայելում երբեք այսպիսի բան չենք տեսել» ։
34 Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դևերի իշխանի միջոցով է նա դևեր հանում» ։
35 Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներում ու գյուղերում, սովորեցնում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր թագավորության բարի լուրը և բուժում ամեն տեսակ հիվանդություն ու տկարություն։
36 Տեսնելով մարդկանց բազմությունը՝ նա խղճաց նրանց, որովհետև կեղեքված էին և ցիրուցան եղած, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն։
37 Նա ասաց իր աշակերտներին. «Հունձը շատ է, բայց աշխատողները՝ քիչ։
38 Ուստի աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի իր հնձի համար» ։

Մատթեոս 10: 1-42


Հետո նա կանչեց իր տասներկու աշակերտներին և նրանց իշխանություն տվեց անմաքուր ոգիների վրա, որ նրանց հանեն ու բուժեն ամեն տեսակ հիվանդություն և ամեն տեսակ տկարություն։
2 Տասներկու առաքյալների անուններն են . Սիմոն, որը Պետրոս* է կոչվում, և նրա եղբայրը՝ Անդրեաս, Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոս և նրա եղբայրը՝ Հովհաննես,
3 Փիլիպոս և Բարդուղիմեոս, Թովմաս և հարկահավաք Մատթեոս, Ալփեոսի որդին՝ Հակոբոս, Թադեոս,
4 Սիմոն Կանանացի* և Հուդա Իսկարիովտացի, որը հետագայում մատնեց նրան։
5 Այս տասներկուսին Հիսուսն ուղարկեց՝ տալով հետևյալ պատվերները. «Մի՛ գնացեք այլազգի մարդկանց մոտ և մի՛ մտեք սամարացիների որևէ քաղաք,
6 այլ գնացեք Իսրայելի տան կորած ոչխարների մոտ։
7 Եվ երբ գնաք, քարոզեք ու ասացեք. «Երկնքի թագավորությունը մոտեցել է» ։
8 Բուժեք հիվանդներին, հարություն տվեք մահացածներին, մաքրեք բորոտներին, հանեք դևերին։ Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք։
9 Ձեզ հետ մի՛ ունեցեք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ էլ պղինձ ձեր գոտիների քսակներում, 10 ո՛չ ուտելիքի պարկ ճանապարհի համար, ո՛չ երկու ներքնազգեստ, ո՛չ սանդալներ և ո՛չ էլ ցուպ, որովհետև աշխատողը արժանի է իր կերակուրին։
11 Որ քաղաքը կամ գյուղը որ մտնեք, փնտրեք, թե ով է այնտեղ արժանի, և մնացեք այնտեղ, մինչև որ հեռանաք։
12 Երբ տուն մտնեք, բարև տվեք տան անդամներին,
13 և եթե այդ տունը արժանի է, թող ձեր մաղթած խաղաղությունը այդ տան վրա իջնի, բայց եթե արժանի չէ, թող ձեր խաղաղությունը ձեզ վերադառնա։
14 Եթե որևէ մեկը ձեզ չընդունի կամ ձեր խոսքերը չլսի, այդ տնից կամ քաղաքից դուրս գալիս թափ տվեք փոշին ձեր ոտքերից*։
15 Ճշմարիտ ասում եմ ձեզ. Սոդոմի և Գոմորի համար ավելի հեշտ կլինի Դատաստանի օրը, քան այդ քաղաքի համար։
16 Ահա ես ուղարկում եմ ձեզ իբրև ոչխարներ գայլերի մեջ, ուստի զգույշ եղեք օձերի պես և աննենգ՝ աղավնիների պես։
17 Զգուշացեք մարդկանցից+, որովհետև նրանք կմատնեն ձեզ դատարաններին և կխարազանեն ձեզ իրենց ժողովարաններում։
18 Իմ պատճառով ձեզ քարշ կտան կառավարիչների ու թագավորների առաջ, որպեսզի վկայություն լինեք նրանց և ազգերին։
19 Սակայն երբ նրանք մատնեն ձեզ դատարաններին, մի՛ մտահոգվեք, թե ինչպես կամ ինչ եք խոսելու, քանի որ այդ ժամին կտրվի ձեզ այն, ինչ որ պետք է խոսեք,
20 որովհետև ոչ թե դուք եք խոսելու, այլ ձեր Հոր ոգին է խոսելու ձեր միջոցով։
21 Նաև եղբայրն իր եղբորը մահվան կմատնի, և հայրը՝ իր զավակին, և զավակները վեր կկենան իրենց ծնողների դեմ ու սպանել կտան նրանց։
22 Իմ անվան համար ատված կլինեք բոլորի կողմից, բայց ով որ մինչև վերջ տոկա, նա կփրկվի։
23 Երբ մի քաղաքում հալածեն ձեզ, մյուսը փախեք։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. չեք հասցնի անցնել Իսրայելի բոլոր քաղաքներով, և մարդու Որդին կգա։
24 Աշակերտը բարձր չէ իր ուսուցչից, ոչ էլ ծառան է բարձր իր տիրոջից։
25 Բավական է, որ աշակերտը լինի իր ուսուցչի նման, և ծառան՝ իր տիրոջ նման։ Եթե տանտիրոջը Բեհեղզեբուղ անվանեցին, ապա մի՞թե նրա ընտանիքի անդամներին չեն անվանի։
26 Ուստի մի՛ վախեցեք նրանցից, քանի որ չկա մի ծածուկ բան, որ չբացահայտվի, և չկա մի գաղտնիք, որ չիմացվի։
27 Ինչ որ ձեզ խավարում եմ ասում, լույսի մեջ ասացեք, և ինչ որ շշուկով եք լսում, տանիքներից քարոզեք։
28 Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր սպանում են մարմինը, բայց հոգին չեն կարող սպանել, այլ առավել վախեցեք նրանից, ով կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կործանել գեհենում*։
29 Չէ՞ որ երկու ճնճղուկը չնչին արժեք ունեցող մետաղադրամով* է վաճառվում։ Սակայն նրանցից և ոչ մեկը գետին չի ընկնի առանց ձեր Հոր իմացության։
30 Բայց ձեր գլխի ամեն մի մազը հաշվված է։
31 Ուրեմն մի՛ վախեցեք, դուք բոլոր ճնճղուկներից թանկ եք։
32 Ամեն ոք, ով մարդկանց առաջ դավանի, որ իմ աշակերտն է, ես էլ նրան ինձ աշակերտ կդավանեմ իմ Հոր առաջ, որ երկնքում է։
33 Իսկ ով ինձ ուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ+ իմ Հոր առաջ, որ երկնքում է։
34 Մի՛ կարծեք, թե եկել եմ խաղաղություն բերելու երկրի վրա։ Ես եկել եմ ոչ թե խաղաղություն բերելու, այլ սուր,
35 որովհետև եկել եմ բաժանելու տղային իր հորից, աղջկան իր մորից և հարսին իր սկեսրոջից։
36 Այո՛, մարդու թշնամիները իր տան անդամները կլինեն։
37 Ով իր հորը կամ մորը ավելի շատ է սիրում, քան ինձ, արժանի չէ ինձ, և ով իր որդուն կամ աղջկան ավելի շատ է սիրում, քան ինձ, արժանի չէ ինձ։
38 Ով չի ընդունում իր տանջանքի ցիցը և չի գալիս իմ հետևից, արժանի չէ ինձ։
39 Ով գտնում է իր հոգին, կկորցնի այն, և ով կորցնում է իր հոգին ինձ համար, կգտնի այն։
40 Ով ընդունում է ձեզ, ինձ է ընդունում, ով ընդունում է ինձ, ինձ ուղարկողին է ընդունում։
41 Ով որ մարգարեի է ընդունում, քանի որ նա մարգարե է, մարգարեի վարձատրություն կստանա, և ով որ արդար մարդու է ընդունում, քանի որ նա արդար է, արդար մարդու վարձատրություն կստանա։
42 Իսկ ով որ այս փոքրերից մեկին ընդամենը մի բաժակ սառը ջուր է տալիս խմելու, քանի որ նա աշակերտ է, ճշմարիտ ասում եմ ձեզ, չի կորցնի իր վարձատրությունը» ։

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
yukarı