MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +27 °C Yarın:+19 °C
Աստվածաշնչյան ընթերցումներ: Նոր Կտակարան, Մատթեոս 11-28
16:25, 16.04.2014
14150 | 0

սկիզբ
6-10 գլուխ

«Ով չի կարդացել Աստվածաշունչը, նա չի կարող իսկական իմաստով գրագետ մարդ կոչվել։ Ամբողջ համաշխարհային գրականությունը դուրս է եկել Աստվածաշնչից, այստեղ են բոլոր ժանրերի սյուժեների սկիզբը։ Նրա հիման վրա են ստեղծվել համաշխարհային գրականության գլուխգործոցները։ Վկա Դանթեի «Աստվածային կատագերգությունը» և Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությունը» ։ Առանց Աստվածաշունչը կարդալու ինչպես կարելի է վերծանել Տոլստոյին, Դոստոեվսկուն, Նարեկացուն, Ռաֆայելին»
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Մատթեոս 11-28 գլուխ

Մատթեոս 11: 1-30

Իր տասներկու աշակերտներին հրահանգներ տալուց հետո Հիսուսն այնտեղից ճանապարհ ընկավ՝ սովորեցնելու և քարոզելու շրջակա քաղաքներում։
2 Սակայն Հովհաննեսը, բանտում լսելով Քրիստոսի գործերի մասին, իր աշակերտներին ուղարկեց և նրանց միջոցով
3 հարցրեց նրան. «Դո՞ւ ես նա, որ պիտի գար, թե՞ մեկ ուրիշին սպասենք» ։
4 Հիսուսը պատասխանեց նրանց. «Գնացեք և պատմեք Հովհաննեսին ինչ որ լսում ու տեսնում եք.
5 կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, բորոտները մաքրվում են, խուլերը լսում են, մահացածները հարություն են առնում, և աղքատներին բարի լուրն է հռչակվում։
6 Երջանիկ է նա, ով իմ մեջ գայթակղության ոչ մի պատճառ չի տեսնում» ։
7 Երբ նրանք ճանապարհ ընկան, Հիսուսը սկսեց Հովհաննեսի մասին ժողովրդին ասել. «Անապատ գնացիք, որ ի՞նչ տեսնեք։ Քամուց տարուբերվող մի եղե՞գ։
8 Ուրեմն ի՞նչ տեսնելու գնացիք։ Փափուկ հագուստներ հագած մի մարդո՞ւ։ Ովքեր փափուկ հագուստներ են հագնում, արքունական տներում են։
9 Ուրեմն ինչո՞ւ գնացիք։ Մարգարե՞ տեսնելու։ Այո՛, ասում եմ ձեզ, մարգարեից էլ առավել մեկին։
10 Սա նա է, որի մասին գրված է. «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին քո երեսի առաջ, որը քեզանից առաջ կպատրաստի քո ճանապարհը» ։
11 Ճշմարիտ ասում եմ ձեզ. կանանցից ծնվածների մեջ դեռ վեր չի կացել մեկը, որ Հովհաննես Մկրտչից ավելի մեծ լինի, սակայն երկնային թագավորության+ մեջ փոքրը նրանից մեծ է։
12 Բայց Հովհաննես Մկրտչի օրերից մինչև հիմա երկնքի թագավորությունը նպատակ է, որին մարդիկ ամեն կերպ ջանում են հասնել, և ովքեր ջանք են գործադրում, հասնում են դրան,
13 որովհետև բոլորը՝ Մարգարեները և Օրենքը*, մինչև Հովհաննեսը մարգարեացան, 14 և եթե ուզում եք ընդունել, նա է «Եղիան, որ պետք է գար» ։
15 Ով ականջ ունի, թող լսի։
16 Ո՞ւմ հետ համեմատեմ այս սերնդին։ Այն նման է երեխաների, որոնք նստած են հրապարակներում* և կանչելով իրենց խաղընկերներին՝
17 ասում են. «Մենք ձեզ համար սրինգ նվագեցինք, բայց դուք չպարեցիք, ողբացինք, բայց դուք կուրծք չծեծեցիք» ։
18 Նմանապես, Հովհաննեսը եկավ, ո՛չ ուտում է, ո՛չ խմում, և մարդիկ ասում են՝ դև ունի։
19 Մարդու Որդին եկավ, և՛ ուտում է, և՛ խմում, բայց մարդիկ ասում են. «Ահա որկրամոլ և գինի խմելուն անձնատուր եղած մարդ, հարկահավաքների և մեղավորների ընկեր» ։ Ինչևէ, իմաստությունը արդարացվում է իր գործերով» ։
20 Ապա սկսեց նախատել այն քաղաքներին, որոնցում կատարել էր իր զորավոր գործերի մեծ մասը, որովհետև նրանք չէին զղջացել.
21 «Վա՜յ քեզ, Քորազի՛ն։ Վա՜յ քեզ, Բեթսայի՛դա, որովհետև եթե այն զորավոր գործերը, որ կատարվեցին քո մեջ, Տյուրոսում և Սիդոնում կատարվեին, նրանք արդեն վաղուց քրձի և մոխրի մեջ զղջացած կլինեին։
22 Ուստի ասում եմ ձեզ, Տյուրոսի և Սիդոնի համար ավելի հեշտ կլինի Դատաստանի օրը, քան ձեզ համար։
23 Եվ դու, Կափառնայո՛ւմ, մինչև երկի՞նք պիտի բարձրանաս։ Դու մինչև գերեզմա՛ն* պիտի իջնես, քանի որ եթե այն զորավոր գործերը, որ քո մեջ կատարվեցին, Սոդոմում կատարված լինեին, նա կմնար մինչև այսօր։
24 Ուստի ասում եմ ձեզ, Սոդոմի համար ավելի հեշտ կլինի Դատաստանի օրը, քան քեզ համար» ։
25 Այդ ժամանակ Հիսուսն ասաց. «Հա՛յր, երկնքի և երկրի Տե՛ր, բոլորի առաջ գովաբանում եմ քեզ, որովհետև այս բաները իմաստուններից ու գիտուններից թաքցրիր և մանուկներին հայտնեցիր։
26 Այո՛, ո՛վ Հայր, քանի որ այդպես վարվելը հաճելի եղավ քեզ։
27 Իմ Հայրը ամեն ինչ ինձ տվեց. ոչ ոք լիովին չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ էլ որևէ մեկը լիովին ճանաչում է Հորը, բացի Որդուց և նրանից, ում Որդին կամենում է հայտնել։
28 Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես կթարմացնեմ ձեզ։
29 Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և սովորեք ինձանից, որ հեզ*եմ ու սրտով խոնարհ, և դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար, 30 որովհետև իմ լուծը հարմար է և իմ բեռը՝ թեթև» ։

Մատթեոս 12: 1-50

Մի շաբաթ օր Հիսուսն անցնում էր ցորենի արտերի միջով։ Նրա աշակերտները քաղց զգացին ու սկսեցին ցորենի հասկեր պոկել և ուտել։
2 Տեսնելով դա՝ փարիսեցիներն ասացին նրան. «Քո աշակերտներն անում են այն, ինչը օրենքով անթույլատրելի է անել շաբաթ օրը» ։
3 Նա էլ ասաց նրանց. «Չե՞ք կարդացել արդյոք, թե ինչ արեց Դավիթը, երբ նա և իր հետ եղող մարդիկ քաղցած էին,
4 թե ինչպես նա Աստծու տուն մտավ, և թե ինչպես նրանք կերան ընծայված հացերը, ինչն օրենքով թույլատրված չէր ուտել ո՛չ նրան, ո՛չ էլ նրա հետ եղողներին, այլ միայն քահանաներին։
5 Կամ չե՞ք կարդացել Օրենքում, որ շաբաթ օրերին քահանաները տաճարում խախտում են շաբաթը, բայցևայնպես մնում են անմեղ։
6 Բայց ասում եմ ձեզ, այստեղ կա մեկը, ով տաճարից մեծ է։
7 Սակայն եթե հասկանայիք, թե ինչ են նշանակում՝ «ես ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ» խոսքերը, ապա չէիք դատապարտի անմեղներին,
8 քանի որ մարդու Որդին շաբաթի Տերն է» ։
9 Հեռանալով այդտեղից՝ նա գնաց նրանց ժողովարանը։
10 Այնտեղ չորացած ձեռքով մի մարդ կար։ Հիսուսին հարցրին. «Օրենքով թույլատրելի՞ է շաբաթ օրը բուժել» ։ Այս հարցը տվեցին նրան մեղադրելու դիտավորությամբ։
11 Նա էլ ասաց նրանց. «Եթե ձեզանից որևէ մեկի միակ ոչխարը շաբաթ օրը փոսն ընկնի, մի՞թե չի բռնի ու դուրս չի հանի նրան։
12 Ուրեմն որքան ավելի թանկ է մարդը ոչխարից։ Ուստի Օրենքով թույլատրելի է շաբաթ օրը բարի գործ անել» ։
13 Ապա ասաց այդ մարդուն. «Մեկնի՛ր ձեռքդ» ։ Նա էլ մեկնեց, և ձեռքն առողջացավ, ինչպես որ մյուս ձեռքն էր։
14 Բայց փարիսեցիները դուրս գնացին ու խորհուրդ արին նրա դեմ, որ վերացնեն նրան։
15 Իմանալով այդ մասին՝ Հիսուսը հեռացավ այդտեղից։ Շատերը գնացին նրա հետևից, և նա բոլորին բուժեց,
16 սակայն խստորեն պատվիրեց նրանց, որ իր մասին ոչ ոքի չհայտնեն,
17 որպեսզի կատարվի Եսայիա մարգարեի միջոցով ասված խոսքը.
18 «Ահա իմ ծառան, որին ես ընտրել եմ, և իմ սիրելին, որին իմ հոգին հավանել է։ Ես իմ ոգին կդնեմ նրա վրա, և նա ազգերին կբացահայտի, թե ինչ է արդարությունը։
19 Նա չի հակաճառի, չի բղավի, և որևէ մեկը հրապարակներում* չի լսի նրա ձայնը։ 20 Վնասված եղեգը չի կոտրի և մարող պատրույգը չի հանգցնի, և արդարությունը նա կհասցնի իր հաղթանակին։
21 Ազգերը իրենց հույսը նրա անվան վրա կդնեն» ։
22 Այնուհետև նրա մոտ բերեցին մի դիվահար մարդու, որը նաև կույր էր ու համր, և նա բուժեց նրան, այնպես որ նա սկսեց խոսել ու տեսնել։
23 Եվ ողջ բազմությունը ապշահար եղավ ու ասաց. «Արդյոք սա չէ՞ Դավթի Որդին» ։ 24 Դա լսելով՝ փարիսեցիներն ասացին. «Այս մարդը դևերին այլ կերպ չի հանում, եթե ոչ դևերի իշխան Բեհեղզեբուղի* օգնությամբ» ։
25 Իմանալով նրանց մտքերը՝ նա ասաց. «Ամեն թագավորություն, որ բաժանված է իր մեջ, ամայի կդառնա, և ամեն քաղաք կամ տուն, որ բաժանված է իր մեջ, կանգուն չի մնա։
26 Նույն ձևով էլ եթե Սատանան Սատանային է հանում, ապա նա արդեն բաժանված է իր մեջ, ուրեմն էլ ինչպե՞ս նրա թագավորությունը կանգուն կմնա։
27 Իսկ եթե ես Բեհեղզեբուղի միջոցով եմ դևերին հանում, ապա ձեր որդինե՞րը ում միջոցով են հանում նրանց։ Ահա թե ինչու նրանք կլինեն ձեր դատավորները։
28 Բայց եթե ես Աստծու ոգու միջոցով եմ հանում դևերին, ուրեմն Աստծու թագավորությունն իսկապես հասել է ձեզ։
29 Կամ ինչպե՞ս կարող է մեկը ներխուժել մի ուժեղ մարդու տուն և հափշտակել նրա կահ-կարասին, եթե նախ չկապի այդ մարդուն։ Միայն այդ դեպքում նա կկարողանա կողոպտել նրա տունը։
30 Նա, ով իմ կողմից չէ, հակառակ է ինձ, և նա, ով չի հավաքում ինձ հետ, ցրում է։
31 Ուստի ասում եմ ձեզ. ամեն տեսակ մեղք և հայհոյանք կներվի մարդկանց, բայց ոգու դեմ հայհոյանքը չի ներվի։
32 Ով որ մարդու Որդու դեմ որևէ բան խոսի, կներվի նրան, բայց ով որ սուրբ ոգու դեմ խոսի, չի ներվի նրան ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում*։
33 Կա՛մ ծառը լավը դարձրեք և նրա պտուղը՝ լավ, կա՛մ էլ ծառը փտած դարձրեք և նրա պտուղն էլ փտած, որովհետև ծառը իր պտղից է ճանաչվում։
34 Իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել, երբ դուք ինքներդ չար եք։ Չէ՞ որ սրտի լիությունից է բերանը խոսում։
35 Բարի մարդը իր բարի գանձերից բարի բաներ է հանում, բայց չար մարդը իր չար գանձերից չար բաներ է հանում։
36 Ասում եմ ձեզ. ամեն անպետք խոսքի համար, որ մարդիկ խոսում են, հաշիվ պիտի տան Դատաստանի օրը,
37 որովհետև քո խոսքերով պիտի արդար հայտարարվես և քո խոսքերով պիտի դատապարտվես» +։
38 Այնուհետև դպիրներից ու փարիսեցիներից ոմանք նրան ասացին. «Ուսուցի՛չ, ուզում ենք նշան տեսնել քեզնից» ։
39 Նա էլ պատասխանեց նրանց. «Չար և շնացող սերունդը շարունակ նշան է փնտրում, սակայն բացի Հովնան մարգարեի նշանից, ուրիշ ոչ մի նշան չի տրվի նրան։ 40 Ինչպես Հովնանը երեք օր ու երեք գիշեր մնաց մեծ ձկան փորում, այնպես էլ մարդու Որդին+ երեք օր ու երեք գիշեր կլինի երկրի սրտում։
41 Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ հարություն կառնեն այս սերնդի հետ և կդատապարտեն նրան, որովհետև երբ Հովնանը քարոզեց նրանց, զղջացին։ Բայց ահա Հովնանից էլ մեծն է այստեղ։
42 Հարավի թագուհին դատաստանի ժամանակ հարություն կառնի այս սերնդի հետ և կդատապարտի նրան, քանի որ նա երկրի ծայրերից եկավ՝ Սողոմոնի իմաստությունը լսելու։ Բայց ահա Սողոմոնից էլ մեծն է այստեղ։
43 Երբ անմաքուր ոգին դուրս է գալիս մարդու միջից, ման է գալիս անջուր վայրերում, որ հանգստի տեղ գտնի, բայց ոչինչ չի գտնում։ 44 Ապա ասում է. «Հետ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկա» ։ Եվ վերադառնալով գտնում է այն դատարկ, ավլած-մաքրած ու զարդարած։
45 Հետո գնում է և իրենից ավելի չար յոթ ուրիշ ոգիներ է վերցնում իր հետ, և ներս մտնելով՝ նրանք բնակվում են այնտեղ։ Եվ այդ մարդու վերջնական վիճակը ավելի վատ է լինում, քան սկզբնականը+։ Այդպես կլինի նաև այս չար սերնդի հետ» ։
46 Մինչ նա խոսում էր ժողովրդի հետ, նրա մայրն ու եղբայրները կանգնած էին դրսում և ուզում էին նրա հետ խոսել։
47 Ինչ-որ մեկը նրան ասաց. «Մայրդ ու եղբայրներդ դրսում կանգնած ուզում են քեզ հետ խոսել» ։
48 Նա էլ ասաց նրան . «Ո՞վ է իմ մայրը, և ովքե՞ր են իմ եղբայրները» ։
49 Եվ ձեռքը պարզելով դեպի իր աշակերտները՝ ասաց. «Ահա՛ իմ մայրը և իմ եղբայրները։
50 Ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է, նա է իմ եղբայրը, քույրը և մայրը» ։

Մատթեոս 13: 1-58
Այդ օրը Հիսուսը տնից դուրս եկավ ու նստեց ծովի ափին։
2 Մի մեծ բազմություն հավաքվեց նրա շուրջը, ուստի նա մի նավակ մտավ ու նստեց այնտեղ, իսկ ամբողջ բազմությունը կանգնած էր ծովափին։
3 Եվ նա սկսեց առակների միջոցով շատ բաներ սովորեցնել նրանց. «Մի սերմնացան գնաց սերմ ցանելու։
4 Ցանելիս որոշ սերմեր ընկան ճանապարհի եզրին, և թռչունները եկան ու կերան դրանք։
5 Մյուսներն ընկան ժայռոտ տեղեր, որտեղ նրանց համար շատ հող չկար, և անմիջապես ծիլ տվեցին, քանի որ հողը խորը չէր։
6 Բայց երբ արևը ծագեց, ծիլերը խանձվեցին և քանի որ արմատ չունեին, չորացան։
7 Որոշ սերմեր էլ ընկան փշերի մեջ, և փշերը ելան ու խեղդեցին դրանց։
8 Մինչդեռ մյուսներն ընկան լավ հողի մեջ և սկսեցին պտուղ տալ. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, մյուսն էլ երեսնապատիկ։
9 Ով ականջ ունի, թող լսի» ։
10 Աշակերտները եկան ու հարցրին նրան. «Ինչո՞ւ ես առակներով խոսում նրանց հետ» ։
11 Նա էլ պատասխանեց. «Ձեզ տրված է հասկանալ երկնքի թագավորության սրբազան գաղտնիքները, բայց նրանց տրված չէ։
12 Ով ունի, նրան ավելի շատ կտրվի, և նա առատությամբ կունենա, սակայն ով չունի, նույնիսկ մի փոքր ունեցածն էլ կվերցվի նրանից։
13 Դա է պատճառը, որ նրանց հետ առակներով եմ խոսում, քանի որ նայում են, բայց զուր տեղն են նայում, լսում են, բայց զուր տեղն են լսում և իմաստը չեն ըմբռնում։
14 Նրանց վրա կատարվում է Եսայիայի մարգարեությունը. «Կլսեք, բայց իմաստը չեք ըմբռնի, կնայեք, բայց չեք տեսնի։
15 Այս ժողովրդի սիրտը կարծրացել է։ Իրենց ականջներով լսեցին ու չարձագանքեցին, իրենց աչքերը փակեցին, որ իրենց աչքերով երբեք չտեսնեն, իրենց ականջներով չլսեն և իրենց սրտով չըմբռնեն իմաստը ու հետ չդառնան, որ ես բուժեմ նրանց» ։
16 Սակայն երանելի* են ձեր աչքերը, քանի որ տեսնում են, և երանելի են ձեր ականջները, քանի որ լսում են։
17 Ճշմարիտ ասում եմ ձեզ. շատ մարգարեներ ու արդար մարդիկ ցանկացան տեսնել այն բաները, որ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել այն բաները, որ դուք եք լսում, բայց չլսեցին+։
18 Հիմա լսեք սերմնացանի առակի նշանակությունը։
19 Երբ մեկը լսում է թագավորության խոսքը, սակայն չի հասկանում դրա իմաստը, Չարը գալիս է և հափշտակում նրա սրտում ցանվածը. սա է ճանապարհի եզրին ցանվածը։
20 Իսկ ժայռոտ տեղերում ցանվածը նա է, ով լսում է խոսքը և ուրախությամբ իսկույն ընդունում է այն։
21 Բայց իր մեջ արմատ չունենալով՝ մի որոշ ժամանակ է մնում, և երբ այդ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է սկսվում, նա անմիջապես գայթակղվում է։
22 Իսկ փշերի մեջ ցանվածը նա է, ով լսում է խոսքը, բայց աշխարհի* հոգսերը և հարստության հրապույրը խեղդում են խոսքը, և նա դառնում է անպտուղ։
23 Իսկ լավ հողի մեջ ցանվածը նա է, ով լսում է խոսքը ու հասկանում և պտուղ է տալիս. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, մյուսն էլ երեսնապատիկ» ։
24 Հիսուսը մեկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց. «Երկնքի թագավորությունը նման է մի մարդու, որը լավ սերմ ցանեց իր արտում։
25 Մինչ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ, որոմ ցանեց ցորենի մեջ ու գնաց։
26 Երբ ցորենը ծլեց ու պտուղ տվեց, այդ ժամանակ երևացին նաև որոմները։
27 Տանտիրոջ ծառաները եկան նրա մոտ ու հարցրին. «Տե՛ր, մի՞թե դու լավ սերմ չցանեցիր քո արտում։ Այդ դեպքում որտեղի՞ց հայտնվեցին որոմները» ։
28 Նա էլ ասաց. «Թշնամի մարդ է արել այդ բանը» +։ Նրանք հարցրին. «Կուզե՞ս գնանք ու քաղհանենք դրանք» ։
29 Իսկ նա ասաց. «Ո՛չ, միգուցե որոմը քաղհանելիս ցորենն էլ նրա հետ արմատախիլ անեք։
30 Թողեք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հնձի ժամանակը, և հնձի ժամանակ ես հնձվորներին կասեմ. «Նախ որոմները հավաքեք և խուրձ-խուրձ կապեք այրելու համար, հետո գնացեք և ցորենը հավաքեք իմ ամբարի մեջ» » » ։
31 Նա մի ուրիշ առակ էլ պատմեց նրանց+. «Երկնքի թագավորությունը նման է մանանեխի հատիկի, որը մի մարդ վերցրեց ու ցանեց իր արտում։
32 Բոլոր սերմերի մեջ այն ամենափոքրն է, բայց երբ աճում է, ամենամեծն է լինում բանջարների մեջ և ծառ է դառնում, այնպես որ երկնքի թռչունները գալիս ու բնակվելու տեղ են գտնում նրա ճյուղերի մեջ» ։
33 Եվս մեկ առակ պատմեց նրանց. «Երկնքի թագավորությունը նման է թթխմորի, որը մի կին վերցրեց և խառնեց երեք չափ* ալյուրի հետ, մինչև որ ամբողջ զանգվածը խմորվեց» ։
34 Այս ամեն բաները Հիսուսը առակներով խոսեց ժողովրդի հետ։ Առանց առակի չէր խոսում նրանց հետ,
35 որպեսզի կատարվի մարգարեի միջոցով ասված խոսքը. «Առակներով կբացեմ բերանս և աշխարհը հիմնվելուց ի վեր պահված բաները կծանուցանեմ» ։
36 Ժողովրդին արձակելուց հետո նա գնաց տուն։ Նրա աշակերտները եկան նրա մոտ ու ասացին. «Բացատրի՛ր մեզ արտում ցանված որոմների առակը» ։
37 Նա էլ ասաց. «Լավ սերմ ցանողը մարդու Որդին է,
38 արտը աշխարհն է, իսկ լավ սերմը թագավորության որդիներն են, բայց որոմները Չարի որդիներն են,
39 իսկ թշնամին, որ ցանեց դրանք, Բանսարկուն է։ Հունձը աշխարհի* վախճանն է, իսկ հնձվորները հրեշտակներն են։
40 Ուստի ինչպես որոմն է հավաքվում և կրակով այրվում, այնպես էլ կլինի աշխարհի վախճանին։
41 Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, և նրանք իր թագավորության միջից կհավաքեն բոլոր նրանց, ովքեր մարդկանց մեղքի են դրդում* և ովքեր անօրենություն են գործում,
42 ու կգցեն նրանց կրակե հնոցը+։ Այնտեղ նրանք լաց կլինեն ու կկրճտացնեն իրենց ատամները։
43 Այդ ժամանակ արդարները արևի նման կշողան իրենց Հոր թագավորության մեջ։ Ով ականջ ունի, թող լսի։
44 Երկնքի թագավորությունը նման է արտում թաքցրած գանձի, որը մի մարդ գտնում է ու նորից թաքցնում։ Նա ուրախությունից գնում, վաճառում է իր ողջ ունեցվածքը և առնում է այդ արտը։
45 Երկնքի թագավորությունը նաև նման է մի ճամփորդող վաճառականի, որը գեղեցիկ մարգարիտներ է փնտրում։
46 Գտնելով մի թանկարժեք մարգարիտ՝ նա գնում և իսկույն վաճառում է իր ողջ ունեցվածքը և առնում է այն։
47 Նաև երկնքի թագավորությունը նման է ծովը նետված ուռկանի, որի մեջ ամեն տեսակ ձուկ է հավաքվում։
48 Երբ ուռկանը լցվում է, մարդիկ այն ափ են քաշում, նստում են, լավ ձկները հավաքում են ամանների մեջ, իսկ անպետքները դեն են գցում։
49 Այդպես էլ կլինի աշխարհի* վախճանին. հրեշտակները դուրս կգան, արդարների միջից կառանձնացնեն չարերին
50 ու կնետեն նրանց կրակե հնոցը։ Այնտեղ նրանք լաց կլինեն ու կկրճտացնեն իրենց ատամները։
51 Հասկացա՞ք արդյոք այս ամենի իմաստը» ։ Նրանք էլ ասացին՝ այո՛։
52 Ապա ասաց նրանց. «Այդպես էլ երկնքի թագավորության մասին կրթություն ստացած ամեն մի ուսուցիչ նման է մի տանտիրոջ, որը հին ու նոր բաներ է հանում իր գանձարանից» ։
53 Ավարտելով այս առակները՝ Հիսուսը հեռացավ այդտեղից։
54 Եվ գալով իր հայրենի վայրերը՝ սկսեց մարդկանց սովորեցնել իրենց ժողովարանում, այնպես որ մարդիկ զարմանում էին ու ասում. «Որտեղի՞ց այս մարդուն այս իմաստությունը և զորավոր գործեր անելու կարողությունը։
55 Սա ատաղձագործի որդին չէ՞։ Սրա մոր անունը Մարիամ չէ՞, և եղբայրները Հակոբոսը, Հովսեփը, Սիմոնը և Հուդան չե՞ն։
56 Սրա քույրերը մի՞թե բոլորն էլ մեզ հետ չեն+։ Այդ դեպքում որտեղի՞ց այս մարդուն այս ամենը» ։
57 Եվ նրանք գայթակղվում էին նրա պատճառով։ Իսկ Հիսուսն ասաց նրանց. «Մարգարեն ոչ մի տեղ անարգված չէ, այլ միայն իր հայրենի վայրերում և իր սեփական տանը» ։
58 Եվ նրանց անհավատության պատճառով այնտեղ զորավոր շատ գործեր չարեց։
Մատթեոս 14: 1-36

1 Այդ ժամանակ մարզի կառավարիչ Հերովդեսը, լսելով Հիսուսի մասին,
2 իր ծառաներին ասաց. «Սա Հովհաննես Մկրտիչն է։ Նա հարություն է առել, այդ պատճառով էլ զորավոր գործեր են արվում նրա ձեռքով» ։
3 Մինչ այդ Հերովդեսը ձերբակալել էր Հովհաննեսին, կապել էր և բանտը գցել իր եղբայր Փիլիպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով,
4 որովհետև Հովհաննեսն ասում էր նրան. «Օրենքին դեմ է, որ նա քո կինը լինի» ։
5 Թեև Հերովդեսը ցանկանում էր սպանել նրան, սակայն վախենում էր ժողովրդից, քանի որ նրան որպես մարգարե էին ընդունում։
6 Սակայն երբ Հերովդեսի ծննդյան տարեդարձն էին տոնում, Հերովդիայի աղջիկը հյուրերի առաջ պարեց, և դա այնքան հաճելի եղավ Հերովդեսին,
7 որ նա երդվեց նրան տալ այն ամենը, ինչ որ նա խնդրի։
8 Նա էլ, իր մորից խրատված լինելով, ասաց նրան. «Սկուտեղի վրա Հովհաննես Մկրտչի գլուխը տուր» ։
9 Թագավորը թեպետև տխրեց, սակայն իր երդումների և իր հետ թիկնած մարդկանց պատճառով հրամայեց, որ տան։
10 Նա մարդ ուղարկեց ու Հովհաննեսին բանտում գլխատել տվեց։
11 Եվ նրա գլուխը, սկուտեղի վրա դրած, բերեցին ու տվեցին աղջկան, նա էլ իր մորը տվեց։
12 Հետո Հովհաննեսի աշակերտները եկան, դիակը տարան ու թաղեցին, ապա գնացին ու պատմեցին Հիսուսին։
13 Երբ Հիսուսը լսեց այդ մասին, նավով հեռացավ այնտեղից և առանձնանալու համար գնաց մի մեկուսի վայր, բայց ժողովուրդը, այդ մասին լսելով, քաղաքներից ոտքով գնաց նրա հետևից։
14 Նավից իջնելով՝ Հիսուսը մի մեծ բազմություն տեսավ և խղճաց նրանց ու բուժեց հիվանդներին։
15 Իսկ երբ երեկո եղավ, նրա աշակերտները եկան նրա մոտ ու ասացին. «Այս տեղը ամայի է, և ժամն էլ արդեն ուշ է, արձակիր ժողովրդին, որ գնան գյուղերը և իրենց համար ուտելու բան գնեն» ։
16 Սակայն Հիսուսն ասաց նրանց. «Հարկ չկա, որ նրանք գնան։ Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք» ։
17 Նրանք էլ ասացին. «Այստեղ հինգ հացից ու երկու ձկից բացի, ուրիշ բան չունենք» ։
18 Նա ասաց. «Ինձ մոտ բերեք դրանք» ։
19 Այնուհետև ժողովրդին պատվիրեց խոտերի վրա նստել, վերցրեց հինգ հացը և երկու ձուկը ու դեպի երկինք նայելով՝ օրհնեց, ապա հացերը կտրելուց հետո բաժանեց իր աշակերտներին, աշակերտներն էլ բաժանեցին ժողովրդին։
20 Բոլորը կերան ու կշտացան, հետո հավաքեցին ավելացած կտորտանքները՝ տասներկու լիքը զամբյուղ։
21 Իսկ ուտողները մոտ հինգ հազար հոգի էին՝ չհաշված կանանց ու երեխաներին։ 22 Ապա առանց հապաղելու՝ նա ստիպեց իր աշակերտներին նավ մտնել և իրենից առաջ գնալ մյուս կողմը, մինչև որ ինքը ժողովրդին արձակի։
23 Վերջապես, ժողովրդին արձակելուց հետո նա մենակ սարը բարձրացավ՝ աղոթելու, ու թեև արդեն ուշ գիշեր էր, նա այնտեղ մենակ էր։
24 Այդ ժամանակ նավն արդեն հարյուրավոր մետրեր* հեռացել էր ցամաքից՝ ալիքներից այս ու այն կողմ քշվելով, քանի որ քամին հակառակ կողմից էր փչում։
25 Գիշերվա չորրորդ պահին* ծովի վրայով քայլելով՝ նա եկավ նրանց մոտ։
26 Երբ աշակերտները տեսան նրան ծովի վրայով քայլելիս, շփոթված ասացին. «Ուրվակա՛ն է» ։ Եվ վախից գոռացին։
27 Սակայն Հիսուսը իսկույն խոսեց նրանց հետ՝ ասելով. «Քաջացե՛ք։ Այդ ե՛ս եմ։ Մի՛ վախեցեք» ։
28 Պետրոսն ասաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայիր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ» ։ 29 Նա էլ ասաց. «Ե՛կ» ։ Պետրոսը նավից իջավ և ջրերի վրայով քայլելով՝ գնաց դեպի Հիսուսը։
30 Բայց փոթորկին նայելով՝ վախեցավ, ու երբ սկսեց սուզվել, բղավեց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ» ։
31 Հիսուսն իսկույն մեկնեց ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Ո՛վ թերահավատ, ինչո՞ւ կասկածեցիր» ։
32 Երբ նրանք նավը մտան, փոթորիկը դադարեց։
33 Նավում եղողները խոնարհվեցին նրա առաջ ու ասացին. «Դու իրոք Աստծու Որդին ես» ։
34 Անցնելով մյուս կողմը՝ նրանք ցամաք ելան Գեննեսարեթում։
35 Այնտեղի մարդիկ ճանաչելով նրան՝ մարդ ուղարկեցին շրջակա բոլոր վայրերը, և ժողովուրդը նրա մոտ բերեց բոլոր հիվանդներին։
36 Նրանք աղերսում էին, որ գոնե նրա վերնահագուստի ծոպերին դիպչեն։ Եվ բոլորը, ովքեր դիպան, լիովին առողջացան։


Մատթեոս 15: 1-39

1Ապա Երուսաղեմից փարիսեցիներ ու դպիրներ եկան Հիսուսի մոտ և ասացին.
2 «Ինչո՞ւ են քո աշակերտները խախտում նախնիների ավանդույթը. ուտելուց առաջ նրանք չեն լվանում իրենց ձեռքերը» ։
3 Նա էլ պատասխանեց. «Իսկ դուք ինչո՞ւ եք Աստծու պատվիրանը խախտում ձեր ավանդույթի պատճառով։
4 Օրինակ՝ Աստված ասաց՝ «պատվիր քո հորը և մորը» և «իր հորը կամ մորը չարախոսողը պիտի մեռնի» ։
5 Բայց դուք ասում եք. «Ով իր հորը կամ մորը ասի՝ «այն, ինչ ես ունեմ, որից դու կարող էիր օգտվել, Աստծուն նվիրված ընծա է»,
6 նա ընդհանրապես պարտավոր չէ պատվել իր հորը» ։ Այդպես Աստծու խոսքը անվավեր եք դարձրել ձեր ավանդույթի պատճառով։
7 Կեղծավորնե՛ր, Եսայիան շատ տեղին մարգարեացավ ձեր մասին, երբ ասաց.
8 «Այս ժողովուրդը իր շուրթերով է պատվում ինձ, մինչդեռ նրա սիրտը հեռացած է ինձանից։
9 Իզուր են երկրպագում ինձ, որովհետև նրանց ուսմունքները լոկ մարդկային պատվիրաններ են» » ։
10 Եվ ժողովրդին իր մոտ կանչելով՝ ասաց. «Լսեք և հասկացեք իմաստը։
11 Ոչ թե բերանը մտածն է պղծում մարդուն, այլ բերանից դուրս եկածը» ։
12 Այնուհետև աշակերտները եկան ու հարցրին նրան. «Գիտե՞ս, որ փարիսեցիները գայթակղվեցին՝ լսելով քո ասած խոսքերը» ։
13 Նա պատասխանեց. «Ամեն տունկ, որ իմ երկնային Հայրը չի տնկել, արմատախիլ կարվի։
14 Թողե՛ք նրանց։ Նրանք կույր առաջնորդներ են։ Եթե կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն» ։
15 Պետրոսն ասաց. «Բացատրիր մեզ այն առակը» ։
16 Նա էլ ասաց. «Մի՞թե մինչև հիմա դուք էլ չեք հասկանում։
17 Մի՞թե չգիտեք, որ ամեն ինչ, որ մտնում է բերանը, որովայնն է իջնում և ապա արտաքնոցն է գնում։
18 Մինչդեռ բերանից դուրս եկած բաները սրտից են դուրս գալիս, և հենց դրանք են պղծում մարդուն։
19 Սրտից են դուրս գալիս չար մտքերը, սպանությունները, շնությունները, *****ությունները, գողությունները, սուտ վկայությունները, հայհոյանքները։
20 Այս բաներն են պղծում մարդուն, բայց անլվա ձեռքերով հաց ուտելը չի պղծում մարդուն» ։
21 Հեռանալով այդտեղից՝ Հիսուսը գնաց Տյուրոսի և Սիդոնի կողմերը։
22 Այդ կողմերում ապրող մի փյունիկեցի կին դուրս եկավ ու բարձր ձայնով ասաց. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի՛ Որդի։ Աղջիկս դիվահար է և սաստիկ տանջվում է» ։ 23 Բայց նա մի բառ անգամ չպատասխանեց նրան։ Նրա աշակերտները եկան նրա մոտ ու խնդրեցին. «Արձակի՛ր նրան, որովհետև շարունակ աղաղակում է մեր հետևից» ։
24 Նա էլ ասաց. «Իսրայելի տան կորած ոչխարներից բացի, ես ուրիշ ոչ ոքի մոտ չեմ ուղարկվել» ։
25 Կինը մոտենալով խոնարհվեց նրա առաջ և ասաց. «Տե՛ր, օգնի՛ր ինձ» ։
26 Իսկ նա ասաց. «Ճիշտ չէ երեխաների հացը վերցնել և շնիկների առաջ գցել» ։
27 Կինն էլ ասաց. «Այո՛, Տե՛ր, բայց շնիկներն էլ իրենց տերերի սեղանից թափվող փշրանքներն են ուտում» ։
28 Հիսուսն ասաց նրան. «Ո՛վ կին, մեծ է քո հավատը։ Թող լինի այնպես, ինչպես որ դու ես ուզում» ։ Եվ այդ պահին նրա աղջիկը բուժվեց։
29 Այնտեղից հեռանալով՝ Հիսուսը եկավ Գալիլեայի ծովի մոտակայքը+ և բարձրանալով սարը՝ նստեց այնտեղ։
30 Նրան մոտեցավ մարդկանց մի մեծ բազմություն։ Նրանց մեջ կային կաղեր, խեղանդամներ, կույրեր, համրեր և ուրիշ շատ հիվանդներ, որոնց բերեցին ու դրեցին Հիսուսի ոտքերի մոտ, և նա բուժեց նրանց։
31 Ժողովուրդը ապշում էր՝ տեսնելով համրերին խոսելիս, կաղերին քայլելիս և կույրերին տեսնելիս, ու փառաբանում էր Իսրայելի Աստծուն։
32 Հիսուսը աշակերտներին իր մոտ կանչեց ու ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետև արդեն երեք օր է՝ ինձ հետ են ու ոչինչ չունեն ուտելու։ Չեմ ուզում նրանց քաղցած արձակել, միգուցե ճանապարհին ուժասպառ լինեն» ։
33 Իսկ աշակերտներն ասացին նրան. «Այս ամայի վայրում որտեղի՞ց բավականաչափ հաց գտնենք այսքան մեծ բազմությանը կշտացնելու համար» ։
34 Հիսուսը հարցրեց նրանց. «Քանի՞ հաց ունեք» ։ Նրանք պատասխանեցին. «Յոթ հաց և մի քանի փոքր ձուկ» ։
35 Ուստի ժողովրդին պատվիրելով, որ գետնին նստեն՝
36 նա վերցրեց յոթ հացն ու մի քանի ձուկը և Աստծուն շնորհակալություն հայտնելուց հետո կտրեց դրանք և բաժանեց աշակերտներին, աշակերտներն էլ բաժանեցին ժողովրդին։
37 Բոլորը կերան ու կշտացան և հետո վերցրին ավելացած կտորտանքները՝ յոթ լիքը կողով։
38 Եվ ուտողները չորս հազար հոգի* էին՝ չհաշված կանանց ու երեխաներին։ 39 Վերջապես, ժողովրդին արձակելուց հետո նա նավ նստեց ու եկավ Մագդաղեի կողմերը։

Մատթեոս 16: 1-28

1 Փարիսեցիներն+ ու սադուկեցիները եկան նրա մոտ ու փորձելու նպատակով երկնքից մի նշան էին ուզում նրանից։
2 Նա էլ ասաց նրանց. «[Երբ երեկոն իջնում է, սովորաբար ասում եք՝ «պարզ եղանակ է լինելու, քանի որ երկինքը հուր-կարմիր է»,
3 իսկ առավոտյան, թե՝ «այսօր ցուրտ, անձրևոտ եղանակ է լինելու, որովհետև թեպետ երկինքը հուր-կարմիր է, սակայն մռայլ է» ։ Գիտեք՝ ինչպես մեկնել երկնքի երեսը, բայց ժամանակների նշանները չեք կարողանում մեկնել]։
4 Չար և շնացող սերունդը շարունակ նշան է փնտրում, սակայն նրան ոչ մի նշան չի տրվի, բացի Հովնանի նշանից» ։ Եվ թողնելով նրանց՝ հեռացավ։
5 Երբ աշակերտները լճի մյուս կողմն էին անցնում, մոռացան իրենց հետ հաց վերցնել։
6 Հիսուսն ասաց նրանց. «Աչալո՛ւրջ եղեք և զգուշացե՛ք փարիսեցիների ու սադուկեցիների թթխմորից» ։
7 Եվ նրանք սկսեցին իրար մեջ խորհել. «Մենք հաց չենք վերցրել մեզ հետ» ։
8 Իմանալով այդ մասին՝ Հիսուսն ասաց. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք այդպիսի բան խորհում իրար մեջ, թե՝ հաց չունեք։
9 Մի՞թե դեռ չեք հասկանում կամ մի՞թե չեք հիշում այն հինգ հացը և հինգ հազար հոգուն. քանի՞ զամբյուղ վերցրիք։
10 Կամ չե՞ք հիշում այն յոթ հացը և չորս հազար հոգուն, և քանի՞ կողով վերցրիք։ 11 Մի՞թե չեք հասկանում, որ հացի մասին չեմ խոսում ձեզ հետ, այլ փարիսեցիների և սադուկեցիների թթխմորից զգուշանալու մասին» ։
12 Այդ ժամանակ նրանք հասկացան, որ նա խոսում էր ոչ թե հացի թթխմորից զգուշանալու, այլ փարիսեցիների և սադուկեցիների ուսմունքներից զգուշանալու մասին։
13 Գալով Փիլիպոսի Կեսարիայի կողմերը՝ Հիսուսը հարցրեց իր աշակերտներին. «Մարդիկ ի՞նչ են ասում՝ ո՞վ է մարդու Որդին» ։
14 Նրանք էլ պատասխանեցին. «Ոմանք ասում են՝ Հովհաննես Մկրտիչը, մյուսները, թե՝ Եղիան, իսկ ուրիշներն էլ ասում են՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը» ։
15 Նա էլ հարցրեց նրանց. «Իսկ դո՞ւք ինչ եք ասում՝ ո՞վ եմ ես» ։
16 Սիմոն Պետրոսը պատասխանեց. «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծու Որդին» ։ 17 Հիսուսն էլ ասաց նրան. «Երջանիկ ես դու, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, քանի որ ոչ թե մարմինն ու արյունը հայտնեցին քեզ այդ մասին, այլ իմ Հայրը, որ երկնքում է։
18 Եվ ես ասում եմ քեզ. դու Պետրոս ես, և ես այս ժայռի* վրա կկառուցեմ իմ ժողովը, և գերեզմանի* դռները չեն կարողանա հաղթել նրան։
19 Ես երկնքի թագավորության բանալիները կտամ քեզ, և ինչ որ կապես երկրի վրա, երկնքում արդեն կապված կլինի, իսկ ինչ որ արձակես երկրի վրա, երկնքում արդեն արձակված կլինի» ։
20 Այնուհետև նա խստորեն պատվիրեց աշակերտներին, որ ոչ մեկի չասեն, որ ինքն է Քրիստոսը։
21 Այդ ժամանակվանից՝ Հիսուս Քրիստոսը սկսեց հայտնել իր աշակերտներին, որ պետք է գնա Երուսաղեմ, շատ չարչարանքներ կրի երեցների, ավագ քահանաների ու դպիրների կողմից և որ պետք է սպանվի ու երրորդ օրը հարություն առնի։
22 Պետրոսն էլ նրան մի կողմ տարավ ու սաստեց՝ ասելով. «Բարի՛ եղիր քո հանդեպ, Տե՛ր, այդ բանը քեզ հետ չի պատահի» ։
23 Բայց նա, մեջքը դարձնելով Պետրոսին, ասաց. «Հեռո՛ւ ինձանից, Սատանա՛։ Դու գայթակղության քա՛ր ես ինձ համար, որովհետև դու ոչ թե Աստծու մտքերն ես խորհում, այլ մարդկանց» ։
24 Ապա Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա, վերցնի իր տանջանքի ցիցը ու շարունակ ինձ հետևի։
25 Ով ուզում է փրկել իր հոգին*, կկորցնի այն, բայց ով կորցնի իր հոգին ինձ համար, կգտնի այն։
26 Ի՞նչ օգուտ կլինի մարդուն, եթե նա շահի ողջ աշխարհը, բայց զրկվի իր հոգուց։ Կամ ի՞նչ պիտի տա մարդը իր հոգու դիմաց։
27 Մարդու Որդին պիտի գա իր Հոր փառքով իր հրեշտակների հետ, և այդ ժամանակ նա կհատուցի յուրաքանչյուրին իր գործերի համեմատ։ 28 Ճշմարիտ ասում եմ ձեզ. այստեղ կանգնածների մեջ կան ոմանք, ովքեր մահ չեն ճաշակի, մինչև չտեսնեն մարդու Որդուն իր թագավորությամբ գալիս» ։

Մատթեոս 17: 1-27

1 Վեց օր անց Հիսուսը իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին և նրանց առանձին մի բարձր լեռ տարավ։
2 Նա այլակերպվեց նրանց առաջ, նրա երեսը փայլեց, ինչպես արևը, և նրա վերնազգեստը դարձավ լույսի պես պայծառ։
3 Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ։
4 Ուստի Պետրոսն ասաց Հիսուսին. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ մնանք։ Եթե ուզում ես, այստեղ երեք վրան կկանգնեցնեմ. մեկը քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մյուսն էլ Եղիայի» ։
5 Մինչ նա խոսում էր, մի լուսավոր ամպ ծածկեց նրանց, և մի ձայն լսվեց ամպի միջից. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ, նրա՛ն լսեք» ։
6 Լսելով սա՝ աշակերտներն ընկան իրենց երեսի վրա և շատ վախեցան։
7 Հիսուսը մոտեցավ, դիպավ նրանց ու ասաց. «Վե՛ր կացեք, մի՛ վախեցեք» ։
8 Երբ նրանք բարձրացրին իրենց աչքերը, Հիսուսից բացի, ուրիշ ոչ մեկի չտեսան։
9 Իսկ երբ իջնում էին լեռան վրայից, Հիսուսը պատվիրեց նրանց. «Մինչև մարդու Որդին հարություն չառնի, ոչ ոքի չպատմեք այս տեսիլքի մասին» ։
10 Աշակերտները նրան հարցրին. «Այդ դեպքում ինչո՞ւ են դպիրներն ասում, թե նախ Եղիան պիտի գա» ։
11 Նա էլ պատասխանեց. «Եղիան իրոք պիտի գա ու ամեն բան պիտի վերականգնի։ 12 Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան արդեն եկել է, սակայն նրան չճանաչեցին և ինչ ուզեցին, արեցին նրան։ Այդպես էլ մարդու Որդին է չարչարվելու նրանց ձեռքով» ։
13 Այդ ժամանակ աշակերտները հասկացան, որ նա իրենց հետ Հովհաննես Մկրտչի մասին էր խոսում։
14 Երբ նրանք եկան ժողովրդի մոտ, մի մարդ մոտեցավ նրան, ծնկի եկավ նրա առաջ ու ասաց.
15 «Տե՛ր, ողորմիր իմ որդուն, քանի որ ընկնավոր է ու հիվանդ, հաճախ ընկնում է կրակի մեջ, երբեմն էլ ջրի։
16 Նրան բերեցի քո աշակերտների մոտ, բայց նրանք չկարողացան բուժել» ։
17 Հիսուսն էլ ասաց. «Ո՜վ անհավատ ու ապականված սերունդ, մինչև ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ։ Մինչև ե՞րբ պիտի ձեզ հանդուրժեմ։ Ինձ մոտ բերեք նրան» ։
18 Ապա Հիսուսը սաստեց դևին, ու դևը դուրս եկավ նրա միջից, և հենց այդ պահին տղան բուժվեց։
19 Դրանից հետո աշակերտները առանձին եկան Հիսուսի մոտ ու ասացին. «Ինչո՞ւ մենք չկարողացանք նրան հանել» ։
20 Նա ասաց. «Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս սարին կասեք՝ «այստեղից այնտեղ տեղափոխվիր», և կտեղափոխվի, և անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար» ։
21 ....*
22 Երբ միասին հավաքվել էին Գալիլեայում, Հիսուսն ասաց նրանց. «Մարդու Որդին պետք է մարդկանց ձեռքը մատնվի։
23 Նրանք կսպանեն նրան, բայց երրորդ օրը նա հարություն կառնի» ։ Եվ նրանք շատ տխրեցին+։
24 Երբ եկան Կափառնայում, տաճարի տուրք* գանձողները մոտեցան Պետրոսին ու ասացին. «Ձեր ուսուցիչը չի՞ վճարում տաճարի տուրքը» ։
25 Նա պատասխանեց. «Վճարում է» ։ Սակայն երբ տուն մտավ, մինչ ինքը կխոսեր, Հիսուսը նրան ասաց. «Սիմո՛ն, ի՞նչ ես կարծում, երկրի թագավորները ումի՞ց են տուրք և գլխահարկ վերցնում։ Իրենց որդիների՞ց, թե՞ օտարներից» ։
26 Երբ նա պատասխանեց, թե՝ օտարներից, Հիսուսն ասաց նրան. «Ուրեմն որդիներն ազատված են հարկերից։
27 Բայց որպեսզի նրանց համար գայթակղության պատճառ չլինենք, գնա ծովը, կարթը գցիր, վերցրու դուրս եկած առաջին ձուկը ու երբ բացես նրա բերանը, այնտեղ մի սատեր* կգտնես։ Վերցրու այն և տուր նրանց իմ ու քո տեղը» ։

Մատթեոս 18: 1-35

1 Այդ ժամանակ աշակերտները մոտեցան Հիսուսին ու ասացին. «Ո՞վ է մեծ երկնքի թագավորության մեջ» ։
2Նա էլ, իր մոտ կանչելով մի փոքր երեխայի, կանգնեցրեց նրանց մեջտեղն
3 ու ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե չփոխվեք ու չդառնաք երեխաների նման, դուք բնավ չեք մտնի երկնքի թագավորություն։
4 Ուստի ով իր անձը խոնարհեցնի այս երեխայի նման, նա մեծ կլինի երկնքի թագավորության մեջ,
5 և ով մի այսպիսի երեխայի ընդունի իմ անունով, ինձ ընդունած կլինի։
6 Բայց ով գայթակղեցնի այս փոքրերից մեկին, որը հավատում է ինձ, ավելի լավ է, որ նրա վզից մի աղացքար* կախվի, և նա խոր ծովի մեջ ընկղմվի։
7 Վա՜յ աշխարհին գայթակղությունների համար։ Անշուշտ, գայթակղություններ պիտի լինեն, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով դրանք կլինեն։
8 Ուստի եթե քո ձեռքը կամ ոտքը գայթակղեցնում է քեզ, կտրիր այն ու դեն գցիր։ Ավելի լավ է, որ խեղանդամ կամ կաղ մտնես կյանք, քան թե երկու ձեռքով ու երկու ոտքով նետվես հավիտենական կրակի մեջ։
9 Եթե քո աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր այն ու դեն գցիր։ Ավելի լավ է, որ մեկ աչքով մտնես կյանք, քան թե երկու աչքով նետվես կրակե գեհենի* մեջ։
10 Զգույշ եղեք, որ չարհամարհեք այս փոքրերից մեկին, որովհետև ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները միշտ տեսնում են իմ երկնային Հոր երեսը։
11 ....*
12 Ի՞նչ եք կարծում. եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա և նրանցից մեկը մոլորվի, մի՞թե չի թողնի իննսունիննին սարերում և չի գնա ու փնտրի այն մեկ մոլորվածին։
13 Եվ եթե գտնի նրան, հաստատ ասում եմ ձեզ, նա այդ մեկի համար ավելի շատ կուրախանա, քան այն իննսունիննի համար, որոնք չեն մոլորվել։
14 Այդպես էլ իմ Հայրը, որ երկնքում է, չի ցանկանում, որ այս փոքրերից մեկը կործանվի։
15 Եթե քո եղբայրը մեղք գործի, գնա և ցույց տուր նրան, թե որն է նրա սխալը, երբ դու և նա մենակ եք։ Եթե նա լսի քեզ, շահեցիր քո եղբորը։
16 Իսկ եթե չլսի, վերցրու քեզ հետ մեկին կամ երկուսին, որպեսզի երկու կամ երեք վկայի ցուցմունքներով ամեն բան* հաստատվի։
17 Եթե նրանց էլ չլսի, ասա ժողովին։ Իսկ եթե ժողովին էլ չլսի, թող քեզ համար լինի ինչպես այլազգի և հարկահավաք։
18 Ճշմարիտ ասում եմ ձեզ. ինչ որ կապեք երկրի վրա, երկնքում արդեն կապված կլինի, և ինչ որ արձակեք երկրի վրա, երկնքում արդեն արձակված կլինի։
19 Դարձյալ ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե ձեզանից երկուսը երկրի վրա իրար հետ համաձայնության գան որևէ կարևոր բան խնդրելու, իմ Հայրը, որ երկնքում է, կկատարի այն,
20 որովհետև ուր որ երկու կամ երեք հոգի հավաքվեն իմ անունով, ես այնտեղ եմ՝ նրանց մեջ» ։
21 Այդ ժամանակ Պետրոսը մոտեցավ ու հարցրեց նրան. «Տե՛ր, եթե իմ եղբայրը մեղք գործի իմ դեմ, քանի՞ անգամ պետք է ներեմ նրան։ Մինչև յո՞թ անգամ» ։
22 Հիսուսն ասաց. «Ասում եմ քեզ, ոչ թե մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասունյոթ անգամ։
23 Ահա թե ինչու երկնքի թագավորությունը նման է մի թագավորի, որը պահանջեց, որ ծառաները վճարեն իրենց պարտքերը։
24 Երբ նա սկսեց պարտքերն ընդունել, նրա մոտ բերեցին մի մարդու, որը նրան տասը հազար տաղանդ* էր պարտք։
25 Բայց քանի որ միջոցներ չուներ, որ վճարեր, տերը հրամայեց, որ նրան, նրա կնոջն ու երեխաներին և նրա ողջ ունեցվածքը վաճառեն, և պարտքը վճարվի։
26 Ծառան էլ, ոտքերն ընկնելով ու նրա առաջ խոնարհվելով, ասաց. «Համբերո՛ղ եղիր իմ հանդեպ, և ես ամբողջը կվճարեմ քեզ» ։
27 Ծառայի տերը խղճաց ու բաց թողեց նրան և նրա պարտքը ներեց։
28 Բայց ծառան դուրս գնաց, գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն հարյուր դինար էր պարտք, բռնեց նրան և սկսեց խեղդել ու ասել. «Վճարի՛ր, ինչ որ պարտք ես» ։
29 Ծառայակիցն էլ նրա ոտքերն ընկավ ու սկսեց աղաչել՝ ասելով. «Համբերո՛ղ եղիր իմ հանդեպ, և ես կվճարեմ քեզ» ։
30 Բայց նա չուզեց լսել, այլ գնաց ու բանտը գցեց նրան, մինչև որ պարտքը վճարի։ 31 Երբ նրա ծառայակիցները տեսան պատահածը, շատ տրտմեցին և գնացին ու իրենց տիրոջը պատմեցին ողջ եղելությունը։
32 Այդ ժամանակ նրա տերը կանչեց նրան ու ասաց. «Չա՛ր ծառա, ես քո ամբողջ պարտքը չեղյալ համարեցի, երբ դու աղաչեցիր ինձ։
33 Պետք չէ՞ր, որ դու էլ ողորմած լինեիր քո ծառայակցի հանդեպ, ինչպես ես ողորմած եղա քո հանդեպ» ։
34 Նրա տերը զայրացավ ու նրան բանտապահներին հանձնեց, մինչև որ ամբողջ պարտքը վճարի։
35 Նույն ձևով էլ իմ երկնային Հայրը կվարվի ձեզ հետ, եթե ձեզանից ամեն մեկն իր եղբորը սրտանց չների» ։
Մատթեոս 19: 1-30

1 Այս ամենն ասելուց հետո Հիսուսը հեռացավ Գալիլեայից ու եկավ Հրեաստանի սահմանները՝ Հորդանանի մյուս կողմը։
2 Մի մեծ բազմություն գնաց նրա հետևից, և այնտեղ նա բուժեց նրանց։
3 Փարիսեցիները եկան նրա մոտ և ցանկանալով փորձել նրան՝ հարցրին. «Օրենքով թույլատրելի՞ է, որ մարդը ցանկացած պատճառով բաժանվի իր կնոջից» ։
4 Նա պատասխանեց. «Չե՞ք կարդացել, որ նա, ով սկզբից ստեղծեց, տղամարդ և կին ստեղծեց նրանց
5 ու ասաց. «Այդ պատճառով տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա* իր կնոջը, և երկուսը մեկ մարմին կլինեն» ։
6 Այնպես որ նրանք այլևս երկու չեն, այլ մեկ մարմին են։ Ուրեմն ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» ։
7 Նրանք էլ ասացին. «Այդ դեպքում Մովսեսն ինչո՞ւ պատվիրեց բաժանման վկայական տալ ու բաժանվել նրանից» ։
8 Նա էլ ասաց. «Ձեր սրտերի կարծրության պատճառով էր, որ Մովսեսը թույլ տվեց բաժանվել ձեր կանանցից, մինչդեռ սկզբում այդպես չէր։
9 Իսկ ես ասում եմ ձեզ. ով իր կնոջից բաժանվում է առանց *****ության* պատճառի և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում» ։
10 Աշակերտներն ասացին նրան. «Եթե այդպիսին է տղամարդու պարագան իր կնոջ հետ, ավելի լավ է չամուսնանալ» ։
11 Նա էլ ասաց նրանց. «Ոչ բոլորը կարող են հետևել այս խոսքերին, այլ միայն նրանք, ովքեր ունեն այդ պարգևը։
12 Կան ներքինիներ, որ ի ծնե են այդպիսին, և կան ներքինիներ, որ մարդկանց կողմից են ներքինի դարձել, կան ներքինիներ էլ, որ իրենք իրենց ներքինի են դարձրել երկնքի թագավորության համար։ Ով կարող է այսպես ապրել, թող ապրի» ։
13 Հետո Հիսուսի մոտ երեխաներ բերեցին, որպեսզի իր ձեռքերը նրանց վրա դնի և աղոթի, բայց աշակերտները սաստեցին բերողներին։
14 Սակայն Հիսուսն ասաց. «Հանգիստ թողեք երեխաներին և մի՛ արգելեք նրանց ինձ մոտ գալ, որովհետև այսպիսիներինն է երկնքի թագավորությունը» ։
15 Եվ իր ձեռքերը նրանց վրա դնելուց հետո նա այդտեղից գնաց։
16 Մի երիտասարդ մոտեցավ նրան ու ասաց. «Ուսուցի՛չ, ի՞նչ բարի գործ անեմ, որ հավիտենական կյանք ստանամ» ։
17 Նա էլ ասաց. «Ինչո՞ւ ես ինձ հարցնում, թե ինչն է բարի։ Կա միայն Մեկը, որ բարի է։ Բայց եթե ուզում ես կյանքը մտնել, շարունակիր պահել պատվիրանները» ։ 18 Նա հարցրեց. «Որո՞նք» ։ Հիսուսն էլ պատասխանեց. « «Մի՛ սպանիր, շնություն մի՛ գործիր, մի՛ գողացիր, սուտ վկայություն մի՛ տուր,
19 պատվի՛ր քո հորը և մորը» և «մերձավորիդ սիրիր քո անձի պես» » ։
20 Երիտասարդն ասաց նրան. «Ես այդ ամենը պահում եմ։ Էլ ի՞նչ է ինձ պակասում» ։
21 Հիսուսն ասաց. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա, վաճառիր ունեցվածքդ ու աղքատներին տուր և գանձ կունենաս երկնքում+, ապա եկ ու իմ հետևորդը դարձիր» ։
22 Այս խոսքերը լսելով՝ երիտասարդը տրտմած հեռացավ, որովհետև շատ ունեցվածք ուներ։
23 Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. հարուստ մարդու համար դժվար կլինի մտնել երկնքի թագավորությում։
24 Դարձյալ ասում եմ ձեզ. ավելի հեշտ է, որ ուղտը ասեղի անցքով անցնի, քան հարուստ մարդը Աստծու թագավորություն մտնի» ։
25 Երբ աշակերտները սա լսեցին, զարմացած հարցրին. «Ուրեմն ո՞վ կարող է փրկվել» ։
26 Հիսուսը նայեց նրանց երեսին ու ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար ամեն բան հնարավոր է» ։
27 Այդ ժամանակ Պետրոսը նրան ասաց. «Ահա մենք ամեն բան թողել ու քեզ ենք հետևել. հիմա մեզ ի՞նչ կլինի» ։
28 Հիսուսն ասաց նրանց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. վերաստեղծման ժամանակ, երբ մարդու Որդին նստի իր փառքի գահին, դուք էլ, որ հետևեցիք ինձ, կնստեք տասներկու գահերին ու կդատեք Իսրայելի տասներկու ցեղերին։
29 Եվ ամեն ոք, ով թողել է տներ, եղբայրներ, քույրեր, հայր, մայր, զավակներ կամ արտեր իմ անվան համար, բազմապատիկը կստանա և հավիտենական կյանքը կժառանգի։
30 Շատերը, որ առաջիններ են, վերջիններ կլինեն, իսկ վերջինները՝ առաջիններ» ։

Մատթեոս 20: 1-34

1 «Երկնքի թագավորությունը նման է մի տանտիրոջ, որը վաղ առավոտյան դուրս եկավ՝ իր խաղողի այգու համար աշխատողներ վարձելու,
2 և աշխատողների հետ համաձայնության գալով օրվա համար մեկ դինար* վճարել՝ նրանց ուղարկեց իր խաղողի այգին։
3 Երրորդ ժամի* կողմերը դարձյալ դուրս եկավ ու տեսավ ուրիշների, որ անգործ կանգնել էին հրապարակում,
4 և ասաց նրանց. «Դուք նույնպես գնացեք իմ խաղողի այգին, և ինչ որ արժան է, կտամ ձեզ» ։
5 Նրանք էլ գնացին։ Ապա վեցերորդ* և իններորդ* ժամերի կողմերը դարձյալ դուրս եկավ ու նույն բանն արեց։
6 Եվ վերջապես տասնմեկերորդ ժամի* կողմերը դուրս եկավ և ուրիշների էլ տեսավ կանգնած ու ասաց նրանց. «Ինչո՞ւ եք ամբողջ օրը այստեղ անգործ կանգնել» ։
7 Նրանք պատասխանեցին. «Որովհետև ոչ ոք չի վարձել մեզ» ։ Նա էլ ասաց. «Դուք նույնպես գնացեք իմ խաղողի այգին» ։
8 Երեկոյան այգու տերն ասաց իր գործավարին. «Կանչիր աշխատողներին և տուր նրանց վարձը՝ վերջիններից սկսած մինչև առաջինները» ։
9 Երբ եկան տասնմեկերորդ ժամին վարձվածները, նրանցից յուրաքանչյուրը մեկ դինար ստացավ։
10 Իսկ երբ առաջինները եկան, կարծեցին, թե իրենք ավելի շատ կստանան, բայց նրանք նույնպես մեկական դինար ստացան։
11 Վարձը ստանալուց հետո նրանք սկսեցին տրտնջալ տանտիրոջ դեմ՝
12 ասելով. «Այդ վերջինները մեկ ժամ աշխատեցին, բայց դու նրանց հավասարեցրիր մեզ, որ օրվա ծանրությունն ու սաստիկ շոգը կրեցինք» ։
13 Բայց նրանցից մեկին պատասխանելով՝ նա ասաց. «Բարեկա՛մ, ես քեզ ոչ մի անիրավություն չեմ անում։ Չէ՞ որ դու ինձ հետ մեկ դինարով համաձայնվեցիր,
14 ուրեմն քոնը վերցրու ու գնա։ Ես ուզում եմ այս վերջինին տալ նույնը, ինչ որ քեզ։
15 Մի՞թե իրավունք չունեմ իմ ունեցածի հետ ուզածիս պես վարվելու։ Թե՞ աչքդ չար է, որ ես բարի եմ» ։
16 Այսպես՝ վերջինները առաջիններ կլինեն, իսկ առաջինները՝ վերջիններ» ։
17 Երբ Հիսուսը պատրաստվում էր Երուսաղեմ գնալ, ճանապարհին տասներկու աշակերտներին առանձին մի կողմ տարավ ու ասաց.
18 «Հիմա գնում ենք Երուսաղեմ, և մարդու Որդին պիտի մատնվի ավագ քահանաների ու դպիրների ձեռքը, որոնք մահվան կդատապարտեն նրան,
19 ապա կմատնեն ուրիշ ազգերի մարդկանց, որպեսզի նրան ծաղրեն, խարազանեն ու ցցին գամեն։ Իսկ երրորդ օրը նա հարություն կառնի» ։
20 Այդ ժամանակ Զեբեդեոսի+ կինը իր երկու որդիների հետ մոտեցավ նրան, խոնարհվեց և սկսեց նրանից ինչ-որ բան խնդրել։
21 Նա էլ հարցրեց նրան. «Ի՞նչ ես ուզում» ։ Նա պատասխանեց. «Խոսք տուր, որ քո թագավորության մեջ իմ այս երկու որդիները կնստեն մեկը քո աջ կողմը, իսկ մյուսը՝ քո ձախ կողմը» ։
22 Հիսուսն էլ ասաց. «Դուք չգիտեք, թե ինչ եք խնդրում։ Կարո՞ղ եք խմել այն բաժակից
, որը ես եմ խմելու» ։ Նրանք ասացին. «Կարո՛ղ ենք» ։
23 Նա էլ ասաց. «Դուք անշուշտ կխմեք իմ բաժակից, բայց իմ աջ ու ձախ կողմը նստելը ես չէ, որ տալիս եմ։ Այդ տեղերը նրանցն են, ում համար պատրաստել է իմ Հայրը» ։
24 Երբ մնացած տասը լսեցին այդ մասին, վրդովվեցին երկու եղբայրների վրա։
25 Բայց Հիսուսն իր մոտ կանչեց նրանց ու ասաց. «Դուք գիտեք, որ ազգերի իշխանները տիրում են ժողովրդի վրա, և մեծամեծները իշխանություն են բանեցնում նրանց վրա։ 26 Ձեր մեջ չպետք է այդպես լինի. այլ ով ուզում է մեծ լինել ձեր մեջ, պիտի ձեր սպասավորը լինի,
27 և ով ուզում է առաջինը լինել ձեր մեջ, պիտի ձեր ծառան լինի, 28 ինչպես որ մարդու Որդին եկավ, որ ոչ թե իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի և իր կյանքը* փրկանք տա շատերի փոխարեն» ։
29 Երբ նրանք դուրս էին գալիս Երիքովից, մի մեծ բազմություն էր գնում նրա հետևից։
30 Ճանապարհի եզրին երկու կույր մարդիկ էին նստած, և երբ նրանք լսեցին, որ Հիսուսն է անցնում իրենց մոտով, աղաղակեցին. «Տե՛ր, ողորմի՛ր մեզ, Դավթի՛ Որդի» ։
31 Սակայն ժողովուրդը խստորեն պատվիրեց նրանց, որ լռեն, բայց նրանք է՛լ ավելի բարձր էին աղաղակում. «Տե՛ր, ողորմի՛ր մեզ, Դավթի՛ Որդի» ։
32 Հիսուսը կանգ առավ, կանչեց նրանց ու հարցրեց. «Ի՞նչ եք ուզում, որ անեմ ձեզ համար» ։
33 Նրանք էլ ասացին. «Տե՛ր, թող մեր աչքերը բացվեն» ։
34 Խղճահարվելով՝ Հիսուսը դիպավ նրանց աչքերին, և նրանք անմիջապես սկսեցին տեսնել ու գնացին նրա հետևից։

Մատթեոս 21: 1-46

1 Երբ նրանք մոտեցան Երուսաղեմին ու հասան Բեթփագե, որը Ձիթենյաց լեռան վրա է, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց՝
2 ասելով. «Գնացեք դիմացի գյուղը և հենց մտնեք այնտեղ, մի կապած էշ կգտնեք և դրա հետ մի էշի քուռակ։ Արձակեք դրանց ու բերեք ինձ մոտ։
3 Եվ եթե ձեզ մեկը ինչ-որ բան ասի, նրան ասացեք. «Դրանք Տիրոջը պետք են» ։ Եվ նա իսկույն թույլ կտա ձեզ» ։
4 Այս ամենը եղավ, որպեսզի կատարվի մարգարեի միջոցով ասված խոսքը.
5 «Ասացե՛ք Սիոնի դստերը. «Ահա քո Թագավորը քեզ մոտ է գալիս, նա հեզ* է և գալիս է էշի վրա նստած, այո՛, էշի քուռակի՝ բեռնակիր անասունի ձագի վրա նստած» » ։
6 Աշակերտները գնացին ու արեցին ճիշտ այնպես, ինչպես Հիսուսն էր իրենց պատվիրել։
7 Եվ բերեցին էշն ու քուռակը, իրենց վերնահագուստները դրանց վրա գցեցին, և նա դրանց վրա նստեց։
8 Ժողովրդից շատերը իրենց վերնահագուստներն էին փռում ճանապարհին, իսկ մյուսները ծառերից ճյուղեր էին կտրում ու ճանապարհի վրա տարածում։
9 Նրա առջևից ու հետևից գնացող բազմությունը աղաղակում էր ու ասում. «Աղաչո՜ւմ ենք, փրկի՛ր Դավթի Որդուն։ Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի անունով։ Աղաչո՜ւմ ենք, փրկի՛ր նրան, դո՛ւ, որ բարձունքներում ես» ։
10 Երբ նա Երուսաղեմ մտավ, ողջ քաղաքում իրարանցում սկսվեց։ Մարդիկ հարցնում էին. «Սա ո՞վ է» ։
11 Ժողովուրդն էլ ասում էր. «Սա մարգարե Հիսուսն է՝ Գալիլեայի Նազարեթից» ։
12 Հիսուսը տաճար մտավ ու այնտեղից դուրս վռնդեց բոլոր նրանց, ովքեր առուծախ էին անում տաճարում, և շուռ տվեց դրամափոխների սեղաններն ու աղավնի վաճառողների նստարանները։
13 Նա ասաց նրանց. «Գրված է՝ «իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի», բայց դուք այն ավազակների որջ եք դարձնում» ։
14 Կույր ու կաղ մարդիկ եկան տաճար նրա մոտ, և նա բուժեց նրանց։
15 Երբ ավագ քահանաներն ու դպիրները տեսան այն զարմանահրաշ բաները, որ նա անում էր, և այն տղաներին, որոնք աղաղակում էին տաճարում՝ ասելով՝ «աղաչո՜ւմ ենք, փրկի՛ր Դավթի Որդուն», վրդովվեցին
16 և ասացին Հիսուսին. «Լսո՞ւմ ես, թե սրանք ինչ են ասում» ։ Նա էլ պատասխանեց. «Այո՛։ Մի՞թե երբեք չեք կարդացել, թե՝ «երեխաների և կաթնակեր մանուկների բերանով գովաբանություն պատրաստեցիր» » ։
17 Եվ թողնելով նրանց՝ քաղաքից դուրս եկավ, գնաց Բեթանիա ու գիշերն այնտեղ անցկացրեց։
18 Վաղ առավոտյան քաղաք վերադառնալիս նա քաղց զգաց։
19 Ճանապարհի եզրին մի թզենի տեսնելով՝ մոտ գնաց, բայց տերևներից բացի ոչինչ չգտնելով ծառի վրա՝ ասաց. «Այսուհետև հավիտյան անպտուղ լինես» ։ Եվ թզենին իսկույն չորացավ։
20 Երբ աշակերտները դա տեսան, զարմացած ասացին. «Ինչպե՞ս թզենին իսկույն չորացավ» ։
21 Հիսուսն էլ պատասխանեց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե միայն հավատ ունենաք և չկասկածեք, դուք ոչ միայն կանեք այն, ինչ ես արեցի այս թզենուն, այլ եթե անգամ այս սարին ասեք՝ «վեր կաց և ծովն ընկիր», այդպես էլ կլինի։
22 Ինչ որ աղոթելիս հավատով խնդրեք, կստանաք» ։
23 Այնուհետև Հիսուսը գնաց տաճար։ Մինչ այնտեղ սովորեցնում էր, ավագ քահանաներն ու ժողովրդի երեցները մոտեցան նրան ու ասացին. «Ի՞նչ իշխանությամբ ես անում այս բաները։ Եվ ո՞վ տվեց քեզ այս իշխանությունը» ։
24 Հիսուսն ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ մի հարց տամ։ Եթե ինձ պատասխանեք, կասեմ ձեզ, թե ինչ իշխանությամբ եմ անում այս ամենը։
25 Հովհաննեսի կատարած մկրտությունը որտեղի՞ց էր, երկնքի՞ց, թե՞ մարդկանցից» ։ Նրանք սկսեցին իրար մեջ խորհել ու ասել. «Եթե ասենք՝ երկնքից, նա մեզ կասի. «Այդ դեպքում ինչո՞ւ չհավատացիք նրան» ։
26 Իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ապա ժողովրդից վախենում ենք, որովհետև բոլորն էլ Հովհաննեսին որպես մարգարե են ընդունում» ։
27 Ուստի պատասխանեցին Հիսուսին. «Չգիտենք» ։ Նա էլ ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այս ամենը։
28 Ի՞նչ եք կարծում. մի մարդ երկու որդի ուներ։ Մոտենալով առաջինին՝ ասաց. «Որդի՛ս, գնա և այսօր խաղողի այգում աշխատիր» ։
29 Նա էլ ասաց. «Կգնամ, տե՛ր» ։ Բայց չգնաց։
30 Մոտենալով երկրորդին՝ նույն բանը նրան ասաց։ Այս մեկն ասաց. «Չեմ գնա» ։ Բայց հետո զղջաց ու գնաց։
31 Այս երկուսից ո՞ր մեկը կատարեց հոր կամքը» ։ Նրանք ասացին. «Վերջինը» ։ Հիսուսն էլ ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. հարկահավաքներն ու ******ները ձեզանից առաջ կմտնեն Աստծու թագավորություն,
32 որովհետև Հովհաննեսը եկավ ձեզ մոտ արդարության ճանապարհով, բայց դուք չհավատացիք նրան։ Մինչդեռ հարկահավաքներն ու ******ները հավատացին նրան, իսկ դուք, թեպետև տեսաք, բայց չզղջացիք ու չհավատացիք նրան։
33 Մեկ ուրիշ առակ էլ լսեք։ Մի տանտեր կար, որը խաղողի այգի տնկեց և շուրջբոլորը ցանկապատ քաշեց, հնձան փորեց այնտեղ ու աշտարակ կանգնեցրեց+ և այն վարձով տալով մշակներին՝ գնաց օտար երկիր։
34 Երբ եկավ բերքահավաքի ժամանակը, նա իր ծառաներին ուղարկեց մշակների մոտ՝ բերքից իր բաժինը ստանալու։
35 Սակայն մշակները բռնեցին նրա ծառաներին, մեկին ծեծեցին, մեկին սպանեցին, իսկ մյուսին քարկոծեցին։
36 Հետո նա ուրիշ ծառաներ ուղարկեց, ավելի շատ, քան առաջին անգամ, բայց նրանց էլ նույնը արեցին։
37 Վերջապես նա իր որդուն ուղարկեց նրանց մոտ՝ ասելով. «Կհարգեն որդուս» ։ 38 Տեսնելով որդուն՝ մշակներն իրար ասացին. «Սա է ժառանգը։ Եկեք սպանենք սրան և տիրանանք նրա ժառանգությանը» ։
39 Ուստի բռնեցին նրան, դուրս շպրտեցին խաղողի այգուց և սպանեցին։
40 Հետևաբար, երբ այգու տերը գա, ի՞նչ կանի այդ մշակներին» ։
41 Նրանք պատասխանեցին. «Քանի որ նրանք չար են, սարսափելի մահվան կմատնի նրանց և իր խաղողի այգին վարձով կտա ուրիշ մշակների, որոնք ճիշտ ժամանակին պտուղները նրան կտան» ։
42 Հիսուսն ասաց նրանց. «Երբևէ չե՞ք կարդացել Սուրբ Գրքում. «Այն քարը, որ շինարարները մերժեցին, նա՛ դարձավ գլխավոր անկյունաքարը+։ Սա Եհովայից եղավ և սքանչելի է մեր աչքերին» ։
43 Դրա համար ասում եմ ձեզ. Աստծու թագավորությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որը նրա պտուղները կբերի։
44 Եվ ով այս քարի վրա ընկնի, ջարդուփշուր կլինի։ Իսկ ում վրա այն ընկնի, կճզմի նրան» ։
45 Երբ ավագ քահանաներն ու փարիսեցիները նրա առակները լսեցին, հասկացան, որ իրենց մասին էր խոսում։
46 Ու թեև ուզում էին բռնել նրան, ժողովրդից վախեցան, քանի որ ժողովուրդը նրան իբրև մարգարե էր ընդունում։

Մատթեոս 22: 1-46

1 Հիսուսը կրկին առակներով խոսեց նրանց հետ ու ասաց.
2 «Երկնքի թագավորությունը նման է մի թագավորի, որն իր որդու համար հարսանեկան խնջույք արեց։
3 Նա իր ծառաներին ուղարկեց, որ կանչեն հարսանեկան խնջույքին հրավիրվածներին, բայց նրանք չուզեցին գալ։
4 Հետո ուրիշ ծառաներ ուղարկեց ու ասաց. «Ասացե՛ք հրավիրվածներին. «Ահա պատրաստել եմ իմ ճաշկերույթը, իմ ցլերն ու պարարտ անասունները մորթված են, և ամեն ինչ պատրաստ է։ Եկեք խնջույքին» » ։
5 Բայց նրանք անտարբեր մնացին. մեկն իր արտը գնաց, մյուսն՝ իր առևտրին,
6 իսկ մնացածները բռնեցին նրա ծառաներին և անարգելով սպանեցին։
7 Թագավորն էլ զայրացավ և իր զորքն ուղարկելով՝ կոտորեց այդ մարդասպաններին ու այրեց նրանց քաղաքը։
8 Ապա ասաց իր ծառաներին. «Հարսանեկան խնջույքն արդեն պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չէին։
9 Ուստի դուրս եկեք գլխավոր ճանապարհները և ում որ գտնեք, հրավիրեք խնջույքին» ։
10 Ծառաներն էլ դուրս եկան և ճանապարհներից հավաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ թե՛ չարերին, թե՛ բարիներին. և հարսանեկան սրահը լցվեց սեղանի շուրջ թիկնած մարդկանցով։
11 Երբ թագավորը ներս մտավ՝ հյուրերին տեսնելու, այնտեղ մի մարդու նկատեց, որը հարսանեկան հագուստով չէր։
12 Նրան ասաց. «Բարեկա՛մ, առանց հարսանեկան հագուստի՝ ինչպե՞ս մտար այստեղ» ։ Նա պապանձվեց։
13 Այնուհետև թագավորը հրամայեց իր ծառաներին. «Կապե՛ք նրա ձեռքերն ու ոտքերը և նետե՛ք նրան դրսի խավարը, որտեղ նա լաց կլինի ու կկրճտացնի իր ատամները» ։
14 Շատերն են հրավիրված, բայց քչերն են ընտրված» ։
15 Այդ ժամանակ փարիսեցիները գնացին ու խորհրդակցեցին իրար հետ, թե ինչպես նրան իր իսկ խոսքերով ծուղակը գցեն։
16 Ուստի իրենց աշակերտներին Հերովդեսի կողմնակիցների հետ նրա մոտ ուղարկեցին։ Նրանք ասացին. «Ուսուցի՛չ, գիտենք, որ դու ճշմարտախոս ես, Աստծու ճանապարհը ճշմարտությամբ ես սովորեցնում և ուրիշների կարծիքով չես առաջնորդվում, որովհետև դու մարդկանց արտաքինին չես նայում։
17 Ուրեմն ասա՛ մեզ. ի՞նչ ես կարծում, օրենքով թույլատրելի՞ է կայսրին գլխահարկ տալ, թե՞ ոչ» ։
18 Սակայն Հիսուսը, իմանալով նրանց չար մտադրությունը, ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում, կեղծավորնե՛ր։
19 Ցույց տվեք ինձ գլխահարկի մետաղադրամը» ։ Նրանք էլ մի դինար* բերեցին։
20 Եվ նա հարցրեց. «Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ գիրն է սա» ։
21 Նրանք պատասխանեցին. «Կայսրինը» ։ Այդ ժամանակ ասաց նրանց. «Ուրեմն կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն» ։
22 Սա լսելով՝ նրանք զարմացան և թողեցին նրան ու հեռացան։
23 Սադուկեցիները, որ ասում էին, թե հարություն չկա, այդ օրը նրա մոտ եկան ու հարցրին.
24 «Ուսուցի՛չ, Մովսեսն ասաց. «Եթե մի մարդ մահանա առանց երեխա ունենալու, ապա նրա եղբայրը պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ առաջ բերի» ։
25 Մեզ մոտ յոթ եղբայրներ կային։ Առաջինը ամուսնացավ, ապա մահացավ ու քանի որ սերունդ չուներ, կնոջն իր եղբորը թողեց։
26 Նույնը պատահեց նաև երկրորդի, երրորդի ու մնացածի հետ, մինչև յոթերորդը։ 27 Բոլորից հետո կինն էլ մահացավ։
28 Ուստի հարության ժամանակ նա այս յոթից ո՞ր մեկի կինն է լինելու, քանի որ բոլորն էլ ամուսնացան նրա հետ» ։
29 Հիսուսը պատասխանեց նրանց. «Դուք սխալվում եք, որովհետև ո՛չ Գրքերը գիտեք, ո՛չ էլ Աստծու զորությունը,
30 քանի որ հարության ժամանակ ո՛չ տղամարդիկ են ամուսնանալու, ո՛չ էլ կանայք, այլ երկնքի հրեշտակների նման են լինելու։
31 Մահացածների հարության մասին չե՞ք կարդացել, թե Աստված ինչ ասաց ձեզ. 32 «Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը» ։ Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի» ։
33 Լսելով այս ամենը՝ ժողովուրդը զարմանում էր նրա սովորեցնելու կերպի վրա։
34 Երբ փարիսեցիները լսեցին, որ նա սադուկեցիներին պապանձեցրեց, մեկտեղ հավաքվեցին։
35 Նրանցից մեկը, որ լավատեղյակ էր Օրենքից+, փորձելով նրան, հարցրեց.
36 «Ուսուցի՛չ, Օրենքի մեջ ո՞րն է մեծագույն պատվիրանը» ։
37 Նա էլ ասաց. « «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով» ։
38 Սա է ամենամեծ և առաջին պատվիրանը։
39 Երկրորդն էլ սրա նման է. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես» ։
40 Այս երկու պատվիրանների վրա են հիմնված ամբողջ Օրենքը և Մարգարեները*» ։
41 Երբ փարիսեցիները մեկտեղ էին հավաքված, Հիսուսը հարցրեց նրանց.
42 «Ի՞նչ կարծիք ունեք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է նա» ։ Նրանք պատասխանեցին. «Դավթի» ։
43 Նա էլ ասաց. «Այդ դեպքում ինչպե՞ս է Դավիթը, ներշնչված լինելով, նրան «Տեր» կոչում՝ ասելով.
44 «Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստիր իմ աջ կողմը, մինչև քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ» » ։
45 Ուրեմն եթե Դավիթը նրան «Տեր» է կոչում, ապա էլ ինչպե՞ս է նա նրա որդին» ։ 46 Ոչ ոք չկարողացավ նրան մի բառ անգամ պատասխանել, և այդ օրվանից ոչ մեկը այլևս չէր համարձակվում որևէ բան հարցնել նրան։

Մատթեոս 23: 1-39

1 Այնուհետև Հիսուսը խոսեց ժողովրդի և իր աշակերտների հետ՝ ասելով.
2 «Մովսեսի աթոռին նստել են դպիրներն ու փարիսեցիները։
3 Ուստի այն ամենը, ինչ նրանք ասում են ձեզ, արեք և պահեք, սակայն նրանց գործերի պես մի՛ արեք+, որովհետև նրանք ասում են, բայց չեն անում։
4 Ծանր բեռներ են կապում ու դնում մարդկանց ուսերին, իսկ իրենք չեն ուզում իրենց մատով անգամ շարժել դրանք։
5 Բոլոր գործերը, որ նրանք անում են, մարդկանց երևալու համար են անում. լայնացնում են իրենց գրապանակները* և երկարացնում են իրենց հանդերձների ծոպերը,
6 ընթրիքների ժամանակ սիրում են ամենապատվավոր տեղը, իսկ ժողովարաններում՝ առաջին աթոռները,
7 հրապարակներում՝ ողջույնները և մարդկանց կողմից «Ռաբբի*» կոչվելը։
8 Բայց դուք «Ռաբբի» մի՛ կոչվեք, որովհետև մեկն է ձեր ուսուցիչը, իսկ դուք բոլորդ եղբայրներ եք։
9 Երկրի վրա ոչ մեկին ձեզ «հայր» մի՛ կոչեք, որովհետև մեկն է ձեր Հայրը՝ Երկնայինը։
10 Ոչ էլ «առաջնորդներ» կոչվեք, որովհետև մեկն է ձեր Առաջնորդը՝ Քրիստոսը։
11 Ձեր միջի ամենամեծը պետք է ձեր ծառան լինի,
12 որովհետև ով բարձրացնում է իր անձը, կխոնարհեցվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի+։
13 Վա՜յ ձեզ, դպիրնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր, որովհետև երկնքի թագավորության դռները փակում եք մարդկանց առաջ, ինքներդ չեք մտնում և մտնողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն։
14 ....*
15 Վա՜յ ձեզ, դպիրնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր, որովհետև կտրում-անցնում եք ծովն ու ցամաքը, որ մեկին նորահավատ* դարձնեք, և երբ դառնում է, ձեզանից երկու անգամ ավելի գեհենի* բաժին եք դարձնում նրան։
16 Վա՜յ ձեզ, կո՛ւյր առաջնորդներ, որ ասում եք. «Եթե որևէ մեկը տաճարով է երդվում, ոչինչ, բայց եթե տաճարի ոսկով է երդվում, պարտավոր է կատարել իր երդումը» ։
17 Հիմարնե՛ր և կույրե՛ր, իրականում ո՞րն է ավելի մեծ՝ ոսկի՞ն, թե՞ տաճարը, որը սրբացնում է ոսկին։
18 Նաև ասում եք. «Եթե որևէ մեկը զոհասեղանով է երդվում, ոչինչ, բայց եթե նրա վրայի ընծայով է երդվում, պարտավոր է կատարել իր երդումը» ։
19 Կույրե՛ր, իրականում ո՞րն է ավելի մեծ՝ ընծա՞ն, թե՞ զոհասեղանը, որը սրբացնում է ընծան։
20 Ուստի նա, ով զոհասեղանով է երդվում, երդվում է զոհասեղանով ու այն ամեն բաներով, որ նրա վրա են։
21 Նա, ով տաճարով է երդվում, երդվում է տաճարով ու նրանով, ով բնակվում է այնտեղ։
22 Եվ նա, ով երկնքով է երդվում, երդվում է Աստծու գահով ու նրանով, ով նստած է դրա վրա։
23 Վա՜յ ձեզ, դպիրնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր, որովհետև տալիս եք անանուխի, սամիթի և չամանի տասանորդը, բայց արհամարհում եք Օրենքի ավելի ծանրակշիռ բաները՝ արդարությունը, ողորմությունը և հավատարմությունը։ Այս բաներն է, որ պետք է անել, և մյուսները չանտեսել։
24 Կո՛ւյր առաջնորդներ, մժեղը քամում եք, բայց ուղտը կուլ եք տալիս։
25 Վա՜յ ձեզ, դպիրնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր, որովհետև մաքրում եք բաժակի և ափսեի դրսի կողմը, բայց դրանց ներսը լիքն է թալանով և անզսպվածությամբ։
26 Կո՛ւյր փարիսեցի, նախ բաժակի և ափսեի ներսը մաքրիր, որպեսզի դուրսը նույնպես մաքուր լինի։
27 Վա՜յ ձեզ, դպիրնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր, որովհետև նման եք սպիտակեցրած գերեզմանների, որոնք թեև դրսից գեղեցիկ են երևում, բայց ներսից լիքն են մեռելների ոսկորներով և ամեն տեսակ անմաքրությամբ։
28 Այդպես էլ դուք. թեև դրսից արդար եք երևում մարդկանց, բայց ներսից լիքն եք կեղծավորությամբ ու անօրենությամբ։
29 Վա՜յ ձեզ, դպիրնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր, որովհետև շինում եք մարգարեների գերեզմանները և զարդարում եք արդարների շիրիմները
30 ու ասում. «Եթե մեր նախահայրերի օրերում լինեինք, նրանց հետ մասնակից չէինք լինի մարգարեների արյունը թափելուն» ։
31 Այդպիսով դուք ձեր դեմ եք վկայում, որ որդիներն եք նրանց, ովքեր սպանեցին մարգարեներին։ 32 Ուրեմն ամբողջացրեք ձեր հայրերի սկսած գործը։
33 Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս եք փախչելու գեհենի դատաստանից։
34 Դրա համար ձեզ մոտ եմ ուղարկում մարգարեների, իմաստունների և ուսուցիչների։ Նրանցից ոմանց կսպանեք ու ցցին կգամեք, ոմանց էլ կխարազանեք ձեր ժողովարաններում և քաղաքից քաղաք կհալածեք,
35 որպեսզի ձեզ վրա գա ամեն արդար արյուն, որ թափվել է երկրի վրա՝ արդար Աբելի արյունից մինչև Բարաքիայի որդի Զաքարիայի արյունը, որին սպանեցիք սրբարանի և զոհասեղանի մեջտեղը։
36 Ճշմարիտ ասում եմ ձեզ. այս ամենը այս սերնդի վրա պիտի գա։
37 Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, մարգարեներին սպանող և քեզ մոտ ուղարկվածներին քարկոծող... Քանի՜ անգամ ցանկացա հավաքել քո երեխաներին, ինչպես հավն է ճտերին իր թևերի տակ հավաքում։ Բայց դուք չուզեցիք։
38 Ահա ձեր տունը* լքված է թողնվում ձեզ։
39 Ասում եմ ձեզ, որ այսուհետև ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ չասեք. «Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի անունով» » ։


Մատթեոս 24: 1-51

1 Երբ Հիսուսը տաճարից դուրս էր եկել և գնում էր, աշակերտները մոտեցան նրան, որպեսզի ցույց տան տաճարի շինությունները։
2 Նա ասաց նրանց. «Տեսնո՞ւմ եք այս ամենը։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. քարը քարի վրա չի մնա այստեղ, բոլորն էլ կքանդվեն» ։
3 Երբ նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտները առանձին նրա մոտ եկան ու հարցրին. «Ասա՛ մեզ, ե՞րբ են լինելու այս բաները, և ո՞րն է լինելու քո ներկայության և աշխարհի* վախճանի նշանը» ։
4 Հիսուսն էլ ասաց նրանց. «Զգույշ եղեք, որ ոչ մեկը չմոլորեցնի ձեզ,
5 որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն՝ «ես եմ Քրիստոսը» և շատերին կմոլորեցնեն։
6 Պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր կլսեք. տեսեք, որ չսարսափեք, որովհետև այս բաները պետք է լինեն, բայց դեռ վերջը չէ։
7 Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ, և տեղ-տեղ սովեր ու երկրաշարժեր կլինեն։
8 Սակայն այս ամենը ցավերի սկիզբն է։
9 Այդ ժամանակ ձեզ նեղության կմատնեն ու կսպանեն, և իմ անվան պատճառով բոլոր ազգերի կողմից ատված կլինեք։
10 Շատերը կգայթակղվեն+, իրար կմատնեն ու իրար կատեն։
11 Բազում սուտ մարգարեներ կհայտնվեն ու շատերին կմոլորեցնեն,
12 և անօրենության շատանալու պատճառով շատ-շատերի սերը կսառչի։
13 Բայց ով որ մինչև վերջ համբերի*, նա՛ կփրկվի։
14 Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը։
15 Ուստի երբ տեսնեք ամայացում բերող պղծությունը (որի մասին Դանիել մարգարեն խոսեց) ՝ կանգնած սուրբ վայրում (կարդացողը թող խորաթափանց լինի), 16 այդ ժամանակ նրանք, ովքեր Հրեաստանում են, թող սարերը փախչեն։
17 Ով տանիքի վրա է, թող ցած չիջնի՝ տնից որևէ բան վերցնելու,
18 և ով դաշտում է, թող հետ չդառնա տուն՝ իր վերնահագուստը վերցնելու։
19 Վա՜յ այդ օրերին հղի կանանց և կուրծք տվողներին։
20 Աղոթեք, որ ձեր փախուստը ձմռանը կամ շաբաթ օրը չլինի,
21 որովհետև այդ ժամանակ մեծ նեղություն է լինելու, որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա և ոչ էլ երբևէ կլինի։
22 Իրականում, եթե այդ օրերը չկարճացվեն, ոչ մի մարմին չի փրկվի։ Բայց հանուն ընտրյալների+ այդ օրերը կկարճացվեն։
23 Այդ ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ «Քրիստոսն այստեղ է» կամ «այնտեղ է», մի՛ հավատացեք,
24 որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ կհայտնվեն և մեծ նշաններ ու հրաշքներ կանեն, որպեսզի, եթե հնարավոր լինի, նույնիսկ ընտրյալներին մոլորեցնեն։
25 Ես նախապես զգուշացնում եմ ձեզ։
26 Եթե ձեզ ասեն՝ «նա անապատում է», դուրս մի՛ գնացեք, կամ՝ «ներսի սենյակներում է», մի՛ հավատացեք,
27 որովհետև ինչպես որ կայծակն է դուրս գալիս արևելքից և փայլատակում մինչև արևմուտք, այնպես էլ կլինի մարդու Որդու ներկայությունը։
28 Ուր որ դիակը լինի, այնտեղ էլ կհավաքվեն արծիվները։
29 Այդ օրերի նեղությունից անմիջապես հետո արևը կխավարի, լուսինը իր լույսը չի տա, աստղերը կընկնեն երկնքից, և երկնքի զորությունները կշարժվեն։
30 Այդ ժամանակ մարդու Որդու նշանը կերևա երկնքում, և երկրի բոլոր ցեղերը կողբան և կուրծք կծեծեն ու մարդու Որդուն կտեսնեն երկնքի ամպերի վրա զորությամբ ու մեծ փառքով գալիս։
31 Նա կուղարկի իր հրեշտակներին փողի մեծ ձայնով, և նրանք կհավաքեն նրա ընտրյալներին չորս կողմերից՝ երկնքի մի ծայրից մինչև մյուս ծայրը։
32 Թզենին թող օրինակ լինի ձեզ. հենց որ դրա ճյուղերը փափկում են, և դրանց վրա տերևներ են դուրս գալիս, իմանում եք, որ ամառը մոտ է։
33 Նմանապես, երբ տեսնեք այս բոլոր բաները, իմացեք, որ նա մոտ է՝ դռան շեմին։
34 Ճշմարիտ ասում եմ ձեզ. այս սերունդը չի անցնի, մինչև որ այս բոլոր բաները չկատարվեն։ 35 Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։
36 Այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։
37 Ինչպես որ Նոյի օրերում էր, այնպես էլ կլինի մարդու Որդու ներկայության ժամանակ։ 38 Ինչպես որ այն օրերում ՝ ջրհեղեղից առաջ, մարդիկ ուտում էին ու խմում, կին էին առնում ու մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ,
39 և ուշադրություն չդարձրին, մինչև որ ջրհեղեղը եկավ ու սրբեց նրանց բոլորին, այնպես էլ կլինի մարդու Որդու ներկայության ժամանակ։
40 Այդ ժամանակ եթե երկու հոգի դաշտում լինեն, մեկը կվերցվի, մյուսը կթողնվի։ 41 Եթե երկու կին երկանքով աղալիս լինեն, մեկը կվերցվի, մյուսը կթողնվի։
42 Ուրեմն արթո՛ւն եղեք, որովհետև չգիտեք, թե որ օրն է ձեր Տերը գալու։
43 Բայց մի բան իմացեք. եթե տանտերը իմանա, թե գիշերվա որ ժամին է գողը գալու, արթուն կմնա և թույլ չի տա, որ իր տուն ներխուժեն։
44 Դրա համար դուք էլ պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, որ չեք կարծում, մարդու Որդին կգա։
45 Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն* ծառան, որին իր տերը իր տան անդամների վրա նշանակեց, որպեսզի նրանց կերակուրը տա ճիշտ ժամանակին։
46 Երջանիկ է այն ծառան, որին, երբ նրա տերը գա, այդպես անելիս կգտնի։
47 Ճշմարիտ ասում եմ ձեզ. նա իր ողջ ունեցվածքի վրա կնշանակի նրան։
48 Բայց եթե հանկարծ այդ չար ծառան իր սրտում ասի՝ «իմ տերը ուշանում է», 49 ու սկսի ծեծել իր ծառայակիցներին և ուտի ու խմի հարբեցողների հետ,
50 այդ ծառայի տերը կգա այն օրը, երբ նա չի սպասում, և այն ժամին, որ նա չգիտի,
51 և խստությամբ կպատժի նրան ու նրա բաժինը կդնի կեղծավորների հետ։ Այնտեղ նա լաց կլինի և կկրճտացնի իր ատամները» ։

Մատթեոս 25: 1-46

1 «Երկնքի թագավորությունը նման է տասը կույսերի, որոնք վերցրին իրենց ճրագները և դուրս եկան փեսային դիմավորելու։
2 Նրանցից հինգը հիմար էին+, իսկ հինգը՝ խոհեմ։
3 Հիմարները վերցրին իրենց ճրագները, բայց իրենց հետ ձեթ չվերցրին,
4 մինչդեռ խոհեմները սրվակներով ձեթ վերցրին իրենց ճրագների հետ։
5 Քանի որ փեսան ուշանում էր, բոլորը սկսեցին նիրհել և քուն մտան։
6 Ուղիղ կեսգիշերին աղաղակ լսվեց. «Ահա՛ փեսան։ Դո՛ւրս եկեք դիմավորելու նրան» ։
7 Բոլոր կույսերը վեր կացան ու պատրաստեցին իրենց ճրագները։
8 Հիմարներն ասացին խոհեմներին. «Ձեր ձեթից մի քիչ տվեք մեզ, որովհետև մեր ճրագները հանգչելու վրա են» ։
9 Խոհեմներն էլ ասացին. «Գուցե չբավականացնի թե՛ մեզ և թե՛ ձեզ։ Գնացեք վաճառողների մոտ ու ձեզ համար գնեք» ։
10 Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ, և այն կույսերը, որոնք պատրաստ էին, նրա հետ հարսանեկան խնջույքին մտան, և դուռը փակվեց։
11 Ապա մյուս կույսերը եկան և ասացին. «Տե՛ր, տե՛ր, բա՛ց արա» ։
12 Նա էլ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ես ձեզ չեմ ճանաչում» ։
13 Ուստի արթո՛ւն եղեք, որովհետև ո՛չ օրը գիտեք, ո՛չ ժամը։
14 Թագավորությունը նաև կարելի է նմանեցնել մի մարդու, որը երբ պատրաստվում էր գնալ օտար երկիր+, հավաքեց իր ծառաներին և իր ունեցվածքը նրանց հանձնեց։
15 Մեկին հինգ տաղանդ* տվեց, մյուսին՝ երկու, մյուսին էլ մեկ տաղանդ՝ յուրաքանչյուրին իր կարողության համեմատ, և գնաց օտար երկիր։
16 Հինգ տաղանդ ստացողը իսկույն գնաց, գործի մեջ դրեց դրանք և հինգ տաղանդ ևս շահեց։
17 Նույն ձևով էլ երկու տաղանդ ստացողը. նա ևս երկուսը շահեց։
18 Իսկ նա, ով միայն մեկն էր ստացել, գնաց, հողը փորեց և իր տիրոջ արծաթե դրամը թաքցրեց։
19 Երկար ժամանակ անց այդ ծառաների տերը եկավ և սկսեց նրանցից հաշիվ պահանջել։
20 Հինգ տաղանդ ստացողը մոտ գալով՝ հինգ տաղանդ ևս տվեց ու ասաց. «Տե՛ր, դու ինձ հինգ տաղանդ տվեցիր, ահա ես հինգ տաղանդ ևս շահեցի» ։
21 Տերն ասաց. «Ապրե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա։ Դու քիչ բաների մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատ բաների վրա կնշանակեմ։ Մասնակից եղիր քո տիրոջ ուրախությանը» ։
22 Ապա մոտեցավ երկու տաղանդ ստացողը ու ասաց. «Տե՛ր, դու ինձ երկու տաղանդ տվեցիր, ահա ես երկու տաղանդ ևս շահեցի» ։
23 Տերն ասաց. «Ապրե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա։ Դու քիչ բաների մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատ բաների վրա կնշանակեմ+։ Մասնակից եղիր քո տիրոջ ուրախությանը» ։
24 Վերջապես մեկ տաղանդ ստացողը մոտեցավ+ ու ասաց. «Տե՛ր, ես գիտեմ, որ դու խստապահանջ մարդ ես, հնձում ես այնտեղ, որտեղ չես ցանել, և հավաքում ես այնտեղից, որտեղ չես քամհարել*։
25 Ուստի ես վախեցա+ ու գնացի և քո տաղանդը թաքցրի հողի մեջ։ Ահա քոնը քեզ» ։
26 Տերն էլ ասաց. «Չա՛ր և ծո՛ւյլ ծառա, չէ՞ որ գիտեիր, որ հնձում եմ այնտեղ, որտեղ չեմ ցանել, և հավաքում եմ այնտեղից, որտեղ չեմ քամհարել։
27 Ուրեմն պետք է որ իմ արծաթե դրամները վաշխառուներին տված լինեիր, որ երբ ես գայի, իմը տոկոսով հետ ստանայի» ։
28 Ապա ասաց իր ծառաներին. «Վերցրե՛ք նրանից այդ տաղանդը և տվեք տասը տաղանդ ունեցողին։
29 Ով ունի, նրան ավելին կտրվի, և նա առատությամբ կունենա, իսկ ով չունի, նրա ունեցածն էլ կվերցվի նրանից։
30 Այդ անպիտան ծառային դրսի խավարը նետեք։ Այնտեղ նա լաց կլինի և կկրճտացնի իր ատամները» ։
31 Երբ մարդու Որդին գա իր փառքով, և նրա հետ բոլոր հրեշտակները+, այդ ժամանակ նա կնստի իր փառքի գահին։
32 Բոլոր ազգերը կհավաքվեն նրա առաջ, և նա մարդկանց կզատի իրարից, ինչպես հովիվն է ոչխարներին զատում այծերից։
33 Ոչխարներին կդնի իր աջ կողմը, իսկ այծերին՝ իր ձախ կողմը։
34 Այդ ժամանակ թագավորը կասի իր աջ կողմում եղողներին. «Եկե՛ք, ո՛վ իմ Հոր կողմից օրհնվածներ, և ժառանգե՛ք աշխարհը հիմնվելուց ի վեր ձեզ համար պատրաստված թագավորությունը,
35 որովհետև ես սոված էի, և ինձ ուտելու բան տվեցիք, ծարավ էի, և ինձ խմելու բան տվեցիք, օտար էի, և ինձ հյուրասիրությամբ ընդունեցիք,
36 մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի, և ինձ այցելեցիք» ։
37 Այդ ժամանակ արդարները կասեն նրան. «Տե՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված և կերակրեցինք, կամ ծարավ և խմելու բան տվեցինք։
38 Ե՞րբ տեսանք քեզ օտար և հյուրասիրությամբ ընդունեցինք, կամ մերկ և հագցրինք։
39 Ե՞րբ տեսանք քեզ հիվանդ կամ բանտում և այցելեցինք» ։
40 Եվ թագավորը կպատասխանի նրանց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. քանի որ իմ այս եղբայրների միջից փոքրագույններից մեկին արեցիք, ի՛նձ արեցիք» ։
41 Իսկ իր ձախ կողմում եղողներին նա այդ ժամանակ կասի. «Հեռացե՛ք ինձանից, ո՛վ անիծվածներ, գնացե՛ք հավիտենական կրակի մեջ, որ պատրաստված է Բանսարկուի և նրա հրեշտակների համար,
42 որովհետև ես սոված էի, բայց ինձ ուտելու ոչինչ չտվեցիք, ծարավ էի, բայց ինձ խմելու ոչինչ չտվեցիք,
43 օտար էի, բայց ինձ հյուրասիրությամբ չընդունեցիք, մերկ էի, բայց ինձ չհագցրիք, հիվանդ էի և բանտում էի, բայց ինձ չխնամեցիք» ։
44 Այդ ժամանակ նրանք կասեն. «Տե՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված կամ ծարավ, օտար կամ մերկ, հիվանդ կամ բանտում և չծառայեցինք քեզ» ։
45 Նա էլ կպատասխանի նրանց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. քանի որ այս փոքրագույններից մեկին չարեցիք, ի՛նձ չարեցիք» ։
46 Եվ սրանք կգնան դեպի հավիտենական մահ, իսկ արդարները՝ հավիտենական կյանք» ։

Մատթեոս 26: 1-75


1.Երբ Հիսուսը այս բոլոր խոսքերը վերջացրեց, իր աշակերտներին ասաց.
2 «Դուք գիտեք, որ երկու օր հետո Պասեքն է լինելու, և մարդու Որդուն մատնելու են, որ ցցին գամվի» ։
3 Այդ ժամանակ ավագ քահանաներն ու ժողովրդի երեցները հավաքվեցին Կայիափա անունով քահանայապետի բակում
4 և միասին խորհուրդ արեցին, որ խորամանկությամբ բռնեն Հիսուսին ու սպանեն։ 5 Սակայն ասում էին. «Միայն թե ոչ տոնի ժամանակ, որ ժողովրդի մեջ խռովություն չբարձրանա» ։
6 Երբ Հիսուսը Բեթանիայում էր՝ բորոտ Սիմոնի տանը,
7 մի կին, թանկարժեք անուշահոտ յուղով լի ալաբաստրե անոթը ձեռքին, մոտեցավ նրան և յուղը լցրեց նրա գլխին, երբ նա թիկնած էր սեղանի մոտ։
8 Տեսնելով դա՝ աշակերտները վրդովվեցին ու ասացին. «Ինչի՞ համար եղավ այս վատնումը։
9 Այն կարելի էր թանկ գնով վաճառել և աղքատներին տալ» ։
10 Իմանալով այդ մասին՝ Հիսուսն ասաց նրանց. «Ինչո՞ւ եք անհանգստացնում այս կնոջը։ Նա բարի գործ արեց ինձ համար։
11 Աղքատները միշտ ձեզ հետ են, բայց ես միշտ չեմ լինի ձեզ հետ։
12 Անուշահոտ յուղը իմ մարմնի վրա լցնելով՝ նա ինձ թաղման համար նախապատրաստեց։
13 Ճշմարիտ ասում եմ ձեզ. ամբողջ աշխարհում որտեղ էլ որ այս բարի լուրը քարոզվի, այս կնոջ արածն էլ կպատմվի նրա հիշատակի համար» ։
14 Այդ ժամանակ տասներկու առաքյալներից մեկը, որը Հուդա Իսկարիովտացի էր կոչվում, գնաց ավագ քահանաների մոտ
15 ու ասաց. «Ինձ ի՞նչ կտաք, եթե Հիսուսին ձեզ մատնեմ» ։ Նրանք պայմանավորվեցին երեսուն կտոր արծաթ տալ նրան։
16 Այդ ժամանակվանից հետո նա հարմար առիթ էր փնտրում, որ մատնի նրան։
17 Անթթխմոր հացերի տոնի առաջին օրը աշակերտները Հիսուսի մոտ եկան ու ասացին. «Որտե՞ղ ես ուզում, որ քեզ համար Պասեքի ընթրիքը պատրաստենք» ։
18 Նա էլ պատասխանեց. «Գնացեք քաղաք այսինչ մարդու մոտ և ասեք նրան, որ Ուսուցիչն ասում է. «Ինձ համար նշանակված ժամանակը մոտ է։ Պասեքը աշակերտներիս հետ քո տանն եմ նշելու» » ։
19 Աշակերտներն արեցին այնպես, ինչպես Հիսուսը պատվիրել էր իրենց, և ամեն ինչ պատրաստեցին Պասեքի համար։
20 Երեկոյան+ նա տասներկու աշակերտների հետ թիկնեց սեղանի շուրջ։
21 Եվ մինչ ուտում էին, նա ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. ձեզնից մեկը մատնելու է ինձ» ։
22 Նրանք շատ տխրեցին, և նրանցից յուրաքանչյուրը սկսեց հարցնել նրան. «Տե՛ր, մի՞թե ես եմ» ։
23 Նա էլ պատասխանեց. «Ով որ իր ձեռքը ինձ հետ ամանի մեջ մտցնի, նա է ինձ մատնելու։
24 Ճիշտ է, մարդու Որդին պիտի մեռնի, ինչպես որ գրված է նրա մասին, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մարդու Որդին կմատնվի։ Ավելի լավ կլիներ, որ այդ մարդը ծնված չլիներ» ։
25 Հուդան էլ, որը մատնելու էր նրան, հարցրեց. «Մի՞թե այդ մարդը ես եմ, Ռաբբի՛» ։ Նա ասաց. «Դու ինքդ ասացիր» ։
26 Եվ մինչ ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը և օրհնելուց հետո կոտրեց այն ու աշակերտներին տալով՝ ասաց. «Վերցրե՛ք, կերե՛ք. սա խորհրդանշում է իմ մարմինը» ։
27 Ապա վերցրեց բաժակը և շնորհակալություն հայտնելուց հետո տվեց նրանց ու ասաց. «Բոլորդ խմեք դրանից,
28 որովհետև սա խորհրդանշում է իմ «արյունը ուխտի», որ թափվելու է շատերի համար, որպեսզի նրանց մեղքերը ներվեն։
29 Բայց ես ասում եմ ձեզ. այսուհետև այլևս չեմ խմի որթատունկի այս բերքից, մինչև այն օրը, երբ ձեզ հետ նորը խմեմ իմ Հոր թագավորության մեջ» ։
30 Վերջում գովաբանության երգեր երգելուց հետո+ նրանք գնացին դեպի Ձիթենյաց լեռը։
31 Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրանց. «Այս գիշեր դուք բոլորդ կգայթակղվեք այն բաներից, որ պատահելու են ինձ, որովհետև գրված է. «Ես կհարվածեմ հովվին, և հոտի ոչխարները կցրվեն» ։
32 Բայց երբ հարություն առնեմ, ձեզանից առաջ կգնամ Գալիլեա» ։
33 Սակայն Պետրոսն ասաց նրան. «Թեկուզ բոլորն էլ քեզ հետ պատահածից գայթակղվեն, ես երբեք չեմ գայթակղվի» ։
34 Հիսուսն էլ նրան ասաց. «Ճշմարիտ ասում եմ քեզ. այս գիշեր, աքաղաղը դեռ չկանչած, դու երեք անգամ կուրանաս ինձ» ։
35 Պետրոսն ասաց. «Նույնիսկ եթե քեզ հետ մեռնելու էլ լինեմ, քեզ երբեք չեմ ուրանա» ։ Մյուս բոլոր աշակերտներն էլ էին նույնը ասում։
36 Այդ ժամանակ Հիսուսը նրանց հետ գնաց այն վայրը, որ Գեթսեմանի էր կոչվում, և աշակերտներին ասաց. «Նստեք այստեղ, իսկ ես գնամ ու այնտեղ աղոթք անեմ» ։ 37 Եվ իր հետ վերցրեց Պետրոսին ու Զեբեդեոսի երկու որդիներին։ Նրան համակեց տրտմությունը, ու նա սկսեց սաստիկ տագնապել։
38 Ապա ասաց. «Հոգիս խորապես տրտմած է, մինչև իսկ մեռնելու աստիճան։ Այստե՛ղ մնացեք և ինձ հետ արթո՛ւն եղեք» ։
39 Եվ մի փոքր առաջ գնալով՝ երեսնիվայր ընկավ ու սկսեց աղոթել. «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակն անցնի ինձանից, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու» ։
40 Գալով աշակերտների մոտ և տեսնելով, որ քնած են՝ Պետրոսին ասաց. «Չկարողացա՞ք գոնե մեկ ժամ արթուն մնալ ինձ հետ։
41 Արթո՛ւն մնացեք և շարունակ աղո՛թք արել, որ փորձության մեջ չընկնեք։ Ոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար» ։
42 Ապա երկրորդ անգամ գնաց ու դարձյալ աղոթեց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր չէ, որ առանց իմ խմելու այս բաժակն անցնի ինձանից, թող քո կամքը լինի» ։
43 Եվ նորից եկավ ու նրանց քնած գտավ, քանի որ նրանց աչքերը ծանրացել էին։ 44 Եվ թողնելով նրանց՝ դարձյալ գնաց և երրորդ անգամ աղոթեց ու կրկին նույն խոսքերն ասաց։
45 Ապա վերադարձավ իր աշակերտների մոտ ու ասաց. «Եվ այսպիսի ժամանակ դուք քնում և հանգստանո՞ւմ եք։ Ժամը հասել է, որ մարդու Որդին մատնվի մեղավորների ձեռքը։
46 Վե՛ր կացեք, գնա՛նք։ Ահա մոտեցել է ինձ մատնողը» ։
47 Մինչ նա խոսում էր, Հուդան՝ տասներկու առաքյալներից մեկը, եկավ, նրա հետ նաև սրերով ու մահակներով մի մեծ ամբոխ՝ ավագ քահանաների և ժողովրդի երեցների կողմից ուղարկված։
48 Նրա մատնիչը նշան էր տվել նրանց՝ ասելով. «Ում որ համբուրեմ, նա է։ Ձերբակալեք նրան» ։
49 Քայլելով ուղիղ դեպի Հիսուսը՝ ասաց՝ «ողջո՛ւյն, Ռաբբի՛» ու համբուրեց նրան։ 50 Բայց Հիսուսն ասաց. «Բարեկա՛մ, ինչո՞ւ եկար այստեղ» ։ Այդ ժամանակ մոտեցան, բռնեցին Հիսուսին ու ձերբակալեցին։
51 Հիսուսի հետ եղողներից մեկը ձեռքը մեկնեց, հանեց իր սուրը և քահանայապետի ծառային զարկելով՝ կտրեց նրա ականջը։
52 Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն։
53 Թե՞ կարծում ես՝ չեմ կարող խնդրել իմ Հորը, որ այս պահին ավելի քան տասներկու լեգեոն հրեշտակ ուղարկի ինձ մոտ։
54 Բայց այդ դեպքում ինչպե՞ս կկատարվեն Սուրբ Գրքերում գրվածները, որ այսպե՛ս պետք է լինի» ։
55 Ապա Հիսուսն ասաց ամբոխին. «Սրերով ու մահակներով ինչպես մի ավազակի դե՞մ դուրս եկաք, որ ձերբակալեք ինձ։ Ամեն օր տաճարում նստում և սովորեցնում էի, և չձերբակալեցիք ինձ։
56 Բայց այս ամենը տեղի ունեցավ, որպեսզի կատարվեն մարգարեների գրածները» ։ Եվ բոլոր աշակերտները լքեցին նրան ու փախան։
57 Հիսուսին ձերբակալեցին ու տարան Կայիափա քահանայապետի մոտ, որտեղ հավաքվել էին դպիրներն ու երեցները։
58 Բայց Պետրոսը հեռվից նրա հետևից գնաց մինչև քահանայապետի բակը և ներս մտնելով՝ նստեց սպասավորների հետ՝ տեսնելու համար, թե ինչով է ավարտվելու այդ ամենը։
59 Այդ նույն ժամանակ ավագ քահանաներն ու ամբողջ Սինեդրիոնը* սուտ վկաներ էին փնտրում Հիսուսի դեմ, որպեսզի նրան մահվան մատնեն,
60 բայց ոչ ոքի չգտան, թեպետև շատ սուտ վկաներ եկան։ Վերջապես երկու վկաներ եկան
61 ու ասացին. «Այս մարդն ասում էր. «Ես կարող եմ Աստծու տաճարը քանդել ու երեք օրում կառուցել» » ։
62 Այս խոսքը լսելով՝ քահանայապետը ոտքի կանգնեց ու ասաց նրան. «Պատասխան չե՞ս տալիս։ Սրանք ի՞նչ են վկայում քո դեմ» ։
63 Բայց Հիսուսը լուռ էր մնում։ Ուստի քահանայապետն ասաց նրան. «Կենդանի Աստծով երդվեցնում եմ քեզ, որ ասես, թե դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին» ։
64 Հիսուսն էլ ասաց. «Դո՛ւ ասացիր։ Բայց ես ասում եմ ձեզ. այսուհետև կտեսնեք մարդու Որդուն զորության աջ կողմը նստած և երկնքի ամպերի վրայով գալիս» ։
65 Այդ ժամանակ քահանայապետը պատռեց իր վերնազգեստն ու ասաց. «Հայհոյե՛ց Աստծուն։ Մեզ ուրիշ էլ ի՞նչ վկաներ են պետք։ Ահա լսեցի՛ք հայհոյանքը։
66 Ի՞նչ եք մտածում» ։ Նրանք էլ պատասխանեցին. «Մահապա՛րտ է» ։
67 Այդ ժամանակ թքեցին նրա երեսին և բռունցքներով հարվածեցին նրան։ Մյուսներն էլ ապտակեցին նրան
68 ու ասացին. «Քրիստո՛ս, մարգարեացի՛ր մեզ համար, ո՞վ էր քեզ խփողը» ։
69 Իսկ Պետրոսը նստած էր դրսում՝ բակում։ Եվ մի աղախին մոտեցավ նրան ու ասաց. «Դու էլ էիր գալիլեացի Հիսուսի հետ» ։
70 Բայց նա բոլորի առջև հերքեց ու ասաց. «Չեմ հասկանում, թե ինչ ես խոսում» ։ 71 Եվ երբ դուրս եկավ ու գնաց դեպի դարպասների մոտի սենյակը, մեկ ուրիշ աղախին նկատեց նրան ու ասաց այնտեղ եղողներին. «Այս մարդը նազովրեցի Հիսուսի հետ էր» ։
72 Բայց նա երդվելով կրկին հերքեց. «Ես չեմ ճանաչում այդ մարդուն» ։
73 Քիչ անց այնտեղ կանգնածները մոտեցան Պետրոսին ու ասացին. «Հաստատ դու էլ ես նրանցից մեկը, քո խոսվածքն էլ է մատնում» ։
74 Այդ ժամանակ նա սկսեց անիծել ու երդվել. «Ես չեմ ճանաչում այդ մարդուն» ։ Եվ հենց նույն պահին աքաղաղը կանչեց։
75 Պետրոսը հիշեց Հիսուսի խոսքերը, թե՝ «աքաղաղը դեռ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս ինձ» ։ Եվ դուրս գնալով՝ դառնապես լաց եղավ։

Մատթեոս 27: 1-66

1 Առավոտյան բոլոր ավագ քահանաներն ու ժողովրդի երեցները խորհուրդ արին, թե ինչպես սպանեն Հիսուսին։
2 Նրան կապեցին ու տարան հանձնեցին Պիղատոս կուսակալի ձեռքը։
3 Հուդան, որը մատնել էր նրան, տեսնելով, որ նա դատապարտվեց, խղճի խայթ զգաց և երեսուն կտոր արծաթը վերադարձրեց ավագ քահանաներին ու երեցներին՝
4 ասելով. «Ես մեղք գործեցի, արդար արյուն+ մատնեցի» ։ Իսկ նրանք ասացին. «Մե՞զ ինչ։ Դո՛ւ տես» ։
5 Եվ նա արծաթե դրամները շպրտեց տաճարի մեջ ու հեռացավ այնտեղից և իրեն կախեց։
6 Իսկ ավագ քահանաները վերցրին արծաթե դրամներն ու ասացին. «Օրենքով թույլատրելի չէ դրանք գցել սուրբ գանձարանը, որովհետև դրանք արյան գին են» ։
7 Եվ իրար հետ խորհրդակցելուց հետո դրանցով բրուտի արտը գնեցին, որպեսզի օտարներին թաղեն այնտեղ։
8 Դրա համար էլ այդ արտը մինչև այսօր «Արյան արտ» է կոչվում։
9 Այդ ժամանակ կատարվեցին Երեմիա* մարգարեի միջոցով ասված խոսքերը. «Նրանք վերցրին երեսուն կտոր արծաթը՝ այն մարդու գինը, որին Իսրայելի որդիներից ոմանք այդքան էին գնահատել,
10 և արծաթե դրամները տվեցին բրուտի+ արտի դիմաց, ինչպես որ Եհովան պատվիրել էր ինձ» ։
11 Հիսուսը կանգնեց կուսակալի առաջ։ Կուսակալը հարցրեց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագավորը» ։ Հիսուսը պատասխանեց. «Դո՛ւ ես ասում» ։
12 Իսկ երբ ավագ քահանաներն ու երեցներն էին մեղադրում նրան, նա պատասխան չէր տալիս։
13 Այդ ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չե՞ս լսում, թե որքան շատ բաներ են նրանք վկայում քո դեմ» ։
14 Սակայն նա մի բառ անգամ չպատասխանեց նրան, այնպես որ կուսակալը շատ զարմացավ։
15 Յուրաքանչյուր տոնի ժամանակ կուսակալը սովորություն ուներ մի բանտարկյալի ազատ արձակելու ժողովրդի համար, նրան, ում որ ժողովուրդը ցանկանար։
16 Հենց այդ ժամանակ Բարաբբա անունով մի հայտնի բանտարկյալ կար։
17 Երբ ժողովուրդը հավաքվեց, Պիղատոսը հարցրեց նրանց. «Ո՞ր մեկին եք ուզում, որ ազատ արձակեմ ձեզ համար՝ Բարաբբայի՞ն, թե՞ Հիսուսին՝ այսպես կոչված Քրիստոսին» ։
18 Նա գիտեր, որ նախանձից դրդված էին նրան իր ձեռքը հանձնել։
19 Բացի այդ, երբ նա նստած էր դատավորական աթոռին, նրա կինը մարդ ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Հանգիստ թող այդ արդար մարդուն, որովհետև այսօր երազումս շատ տանջվեցի նրա պատճառով» ։
20 Սակայն ավագ քահանաներն ու երեցները ամբոխին համոզեցին, որ խնդրեն Բարաբբային ազատ արձակել, իսկ Հիսուսին՝ սպանել։
21 Կուսակալն ասաց նրանց. «Այս երկուսից ո՞ր մեկին եք ուզում, որ ազատ արձակեմ ձեզ համար» ։ Նրանք ասացին. «Բարաբբայի՛ն» ։
22 Պիղատոսն էլ ասաց. «Այդ դեպքում ի՞նչ անեմ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին» ։ Եվ բոլորն ասացին. «Թող ցցի՛ն գամվի» ։
23 Նա էլ ասաց. «Ինչի՞ համար, ի՞նչ վատ բան է արել» ։ Բայց նրանք ավելի բարձր էին բղավում. «Թող ցցի՛ն գամվի» ։
24 Տեսնելով, որ օգուտ չկա, այլ հակառակը՝ խռովություն է բարձրանում՝ Պիղատոսը ջուր վերցրեց, ժողովրդի առաջ իր ձեռքերը լվաց ու ասաց. «Ես անմեղ եմ այս մարդու արյունից։ Դո՛ւք տեսեք» ։
25 Ողջ ժողովուրդը պատասխանեց. «Նրա արյունը մեզ ու մեր երեխաների վրա թող լինի» ։
26 Այնուհետև նրանց համար նա Բարաբբային ազատ արձակեց, իսկ Հիսուսին մտրակել տվեց ու հանձնեց նրանց ձեռքը, որ ցցին գամեն։
27 Այդ ժամանակ կուսակալի զինվորները Հիսուսին տարան կուսակալի պալատ և ամբողջ զորագունդը նրա մոտ հավաքեցին։
28 Մերկացնելով նրան՝ մի ալ կարմիր թիկնոց գցեցին վրան,
29 ապա փշերից մի պսակ հյուսեցին, դրեցին նրա գլխին և աջ ձեռքը մի եղեգ տվեցին։ Ծնկի գալով նրա առաջ՝ ծաղրում էին+ ու ասում. «Ողջո՜ւյն, ո՛վ հրեաների Թագավոր» ։
30 Ապա թքեցին նրա վրա, վերցրին եղեգը և սկսեցին խփել նրա գլխին։
31 Ծաղրուծանակի ենթարկելուց հետո թիկնոցը հանեցին և իր վերնազգեստը հագցրին ու տարան, որ ցցին գամեն։
32 Երբ նրանք դուրս էին գալիս, Սիմոն անունով մի մարդու գտան՝ ծնունդով Կյուրենիայից։ Այս մարդուն պարտադրեցին*, որ վերցնի նրա տանջանքի ցիցը։
33 Ու երբ եկան Գողգոթա կոչված տեղը, այսինքն՝ Գանգի վայրը,
34 նրան լեղիի հետ խառնած գինի տվեցին, որ խմի, բայց երբ համն առավ, հրաժարվեց խմելուց։
35 Երբ նրան արդեն ցցին էին գամել, վիճակ գցեցին, որ նրա վերնազգեստները բաժանեն իրար մեջ,
36 և նստած հսկում էին նրան։
37 Գլխավերևում նրա դեմ ուղղված մեղադրանքը փակցրին, որտեղ գրված էր. «Սա է Հիսուսը՝ հրեաների Թագավորը» ։
38 Նրա հետ միասին երկու ավազակների էլ ցիցը հանեցին, մեկին՝ աջ կողմը, իսկ մյուսին՝ ձախ կողմը։
39 Եվ անցնող-դարձողները անպատվում էին+ նրան ու գլուխները շարժելով՝
40 ասում. «Ո՛վ տաճարը քանդող ու երեք օրում կառուցող, փրկի՛ր քեզ։ Եթե Աստծու որդի ես, ցա՛ծ իջիր տանջանքի ցցից» ։
41 Նույնպես էլ ավագ քահանաները դպիրների և երեցների հետ ծաղրում էին նրան ու ասում.
42 «Ուրիշներին փրկեց, իսկ իրեն չի կարողանում փրկել։ Նա Իսրայելի Թագավորն է. դե թող ցած իջնի տանջանքի ցցից, ու մենք կհավատանք նրան։
43 Իր վստահությունը Աստծու վրա էր դրել. դե թող հիմա նա ազատի, եթե հավանել է նրան, քանի որ սա ասում էր. «Ես Աստծու Որդին եմ» » ։
44 Նույն ձևով էլ նրա հետ ցիցը հանված ավազակներն էին նախատում նրան։
45 Վեցերորդ ժամին* խավար իջավ+ ամբողջ երկրի վրա և տևեց մինչև իններորդ ժամը*։
46 Մոտ իններորդ ժամին Հիսուսը բարձր ձայնով աղաղակեց ու ասաց՝ «Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր» ։
47 Սա լսելով՝ այնտեղ կանգնածներից ոմանք ասացին. «Այս մարդը Եղիային է կանչում» ։
48 Նրանցից մեկը անմիջապես վազեց, մի սպունգ վերցրեց, թաթախեց թթված գինու մեջ ու եղեգի վրա դնելով՝ տվեց նրան, որ խմի։
49 Իսկ մյուսներն ասում էին. «Թո՛ղ դրան։ Տեսնենք՝ Եղիան կգա՞ նրան փրկելու» ։ [Մեկ ուրիշն էլ նիզակը վերցրեց ու նրա կողը խոցեց, և արյուն ու ջուր դուրս եկավ]*։
50 Հիսուսը դարձյալ բարձր ձայնով աղաղակեց ու իր ոգին տվեց։
51 Եվ ահա սրբարանի վարագույրը+ վերից վար պատռվեց ու երկու մասի բաժանվեց, երկիրը շարժվեց, և ժայռերը ճեղքվեցին։
52 Գերեզմանները բացվեցին, և ննջեցյալ սրբերից շատերի մարմինները դուրս ելան,
53 ու շատերը տեսան դրանք (և մարդիկ, որոնք նրա հարություն առնելուց հետո գերեզմաններից եկան, սուրբ քաղաքը մտան) ։
54 Իսկ հարյուրապետը և նրանք, ովքեր նրա հետ հսկում էին Հիսուսին, երբ երկրաշարժը և ամեն պատահածը տեսան, շատ վախեցան ու ասացին. «Իսկապես որ, սա Աստծու Որդի էր» ։
55 Այնտեղ շատ կանայք կային, որոնք հեռվում կանգնած նայում էին։ Նրանք Գալիլեայից ուղեկցել էին Հիսուսին՝ նրան ծառայելու համար։
56 Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի և Հովսեսի մայր Մարիամը և Զեբեդեոսի որդիների մայրը։
57 Երեկոյան մոտ Հովսեփ անունով արիմաթեացի մի հարուստ մարդ եկավ, որը նույնպես Հիսուսի աշակերտն էր դարձել։
58 Նա գնաց Պիղատոսի մոտ և նրանից խնդրեց Հիսուսի մարմինը։ Պիղատոսն էլ հրամայեց, որ այն տրվի։
59 Հովսեփը վերցրեց մարմինը, փաթաթեց բարձրորակ մաքուր կտավով
60 և դրեց ժայռի մեջ փորված իր նոր գերեզմանում։ Ապա մի մեծ քար գլորեց գերեզմանի մուտքին ու հեռացավ։
61 Իսկ Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը նստած մնացին գերեզմանի դիմաց։
62 Հաջորդ օրը՝ պատրաստության օրից* հետո, ավագ քահանաներն ու փարիսեցիները հավաքվեցին Պիղատոսի մոտ
63 և ասացին. «Տե՛ր, մենք հիշեցինք, որ այդ մոլորեցնողը, երբ դեռ ողջ էր, ասում էր. «Երեք օր հետո հարություն կառնեմ» ։
64 Ուստի հրաման տուր, որ գերեզմանը հսկեն մինչև երրորդ օրը, որպեսզի նրա աշակերտները հանկարծ չգան ու գողանան նրան և մարդկանց ասեն, թե՝ «նա հարություն է առել», և այս վերջին մոլորությունը ավելի վատ լինի, քան առաջինը» ։
65 Պիղատոսն էլ ասաց նրանց. «Դուք պահապան զինվորներ ունեք, գնացեք հսկեք, ինչպես որ գիտեք» ։
66 Նրանք էլ գնացին ու հսկեցին գերեզմանը՝ քարի վրա կնիք դնելով և պահապան զինվորներ կանգնեցնելով։


Մատթեոս 28: 1-20

1 Շաբաթից հետո՝ շաբաթվա առաջին օրվա լուսաբացին, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։
2 Եվ ահա ուժեղ երկրաշարժ էր եղել, որովհետև Եհովայի հրեշտակը իջել էր երկնքից, մոտեցել էր, քարը մի կողմ գլորել ու նստել էր նրա վրա։
3 Նրա տեսքը կայծակի նման էր, իսկ հագուստը՝ ձյան պես սպիտակ։
4 Նրա վախից պահակները դողացին և մեռելի պես եղան։
5 Սակայն հրեշտակը կանանց ասաց. «Մի՛ վախեցեք, որովհետև գիտեմ, որ Հիսուսին եք փնտրում, որին ցցին գամեցին։
6 Նա այստեղ չէ, քանի որ հարություն է առել, ինչպես որ ասել էր։ Եկե՛ք ու տեսե՛ք այն տեղը, որտեղ նա պառկած էր։
7 Շտապ գնացեք ու ասեք նրա աշակերտներին, որ նա հարություն է առել և ձեզանից առաջ Գալիլեա է գնում։ Այնտեղ կտեսնեք նրան։ Սա այն է, ինչ պետք է ասեի ձեզ» ։
8 Իսկույն թողնելով գերեզմանը՝ նրանք վախեցած, բայցև շատ ուրախացած՝ վազեցին, որ լուրը հայտնեն նրա աշակերտներին։
9 Ճանապարհին Հիսուսը հանդիպեց նրանց ու ասաց. «Ողջո՛ւյն» ։ Նրանք էլ մոտեցան, բռնեցին նրա ոտքերն ու խոնարհվեցին նրա առաջ։
10 Այդ ժամանակ Հիսուսն ասաց. «Մի՛ վախեցեք։ Գնացեք և հայտնեք իմ եղբայրներին, որ գնան Գալիլեա, և այնտեղ կտեսնեն ինձ» ։
11 Երբ նրանք դեռ ճանապարհին էին, պահապան զինվորներից մի քանիսը գնացին քաղաք և պատմեցին ավագ քահանաներին այն ամենը, ինչ պատահել էր։
12 Նրանք էլ երեցների հետ հավաքվելուց և խորհրդակցելուց հետո բավականին շատ արծաթե դրամներ տվեցին զինվորներին
13 ու պատվիրեցին. «Ասացե՛ք, որ նրա աշակերտները գիշերով եկան, և մինչ քնած էինք, գողացան նրան։
14 Իսկ եթե այս բանն ընկնի կուսակալի ականջը, մենք կհամոզենք նրան և ձեզ հոգսից կազատենք» ։
15 Նրանք էլ վերցրին արծաթե դրամներն ու արեցին, ինչպես որ իրենց սովորեցրին։ Եվ այս լուրը հրեաների մեջ տարածված է մինչև օրս։
16 Իսկ տասնմեկ աշակերտները գնացին Գալիլեա՝ դեպի այն սարը, որտեղ Հիսուսը որոշել էր հանդիպել նրանց հետ,
17 և երբ նրան տեսան, խոնարհվեցին նրա առաջ, սակայն ոմանք կասկածեցին։
18 Հիսուսն էլ մոտեցավ ու խոսեց նրանց հետ՝ ասելով. «Երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունը ինձ է տրվել։
19 Ուրեմն գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և սուրբ ոգու անունով,
20 սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի։ Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի* վախճանը» ։






Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
yukarı