ՀՀ Սփյուռքի նախարարությունը սրտի խոր ցավով տեղեկացնում է, որ երկարատև և ծանր հիվանդությունից հետո, կյանքի 59–րդ տարում իր մահկանացուն կնքեց ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր, ճանաչված ռադիոլրագրող և մշակութային գործիչ ՀԱՅԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Ծնունդով շիրակցի Հայկ Կարապետյանն ավարտելով Երևանի պետական համալսարանը, իր ամբողջ կյանքը նվիրեց ազգային ռադիոյին՝ այստեղ վարելով հաղորդումներ սփյուռքահայերի համար, նախաձեռնելով ու ղեկավարելով քրիստոնեական դաստիարակությանը նվիրված հաղորդաշարեր: Նա մեծ սեր ուներ երգի հանդեպ, երկար տարիներ Հովհաննես Չեքիջյանի գլխավորած ակադեմիական Կապելլայի երգչախմբի արտիստ էր, երգչախմբի հետ հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում: 2010 թվականից Հայկ Կարապետյանը «Հայերն այսօր» -ի գլխավոր խմբագիրն էր: Միշտ համեստ ու պատրաստակամ, իր գործին նվիրված՝ նա մեծ ավանդ ներբերեց ազգային կյանքի լուսաբանմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Խորունկ և մեծ ցավ է, որ Հայկ Կարապետյանը հեռացավ՝ անկատար թողնելով բազմաթիվ ծրագրեր: Նրա հիշատակը միշտ վառ կմնա ընկերների ու մտերիմների, հարազատների ու գործընկերների, նրանց բոլորի սրտերում, ովքեր ճանաչել են նրան: Անկեղծորեն և խորը վշտով ցավակցում ենք Հայկ Կարապետյանի ընտանիքին, բոլոր նրան ճանաչողներին՝ համեստ ու նվիրյալ հարազատի անժամանակ մահվան առիթով: Հիշատակն արդարոյ օրհնութեամբ յէղիցի: ՀՀ սփյուռքի նախարարություն |